Կարապետյանի «Սոչին» հաղթեց՝ հեռանալով վտանգավոր գոտուց, «Ուրալը» առանց Հարոյանի գլխիկոր հեռացավ Սանկտ Պետերբուրգից:
COVID-19 կորոնավիրոուսը շարունակում է լայն տարածում գտնել ողջ աշխարհում։ Մեր օրերի ժանտախտով վարակվածների թիվը արդեն գերազանցում է 170.000-ը, իսկ մահացություններինը՝ 7.000-ը։ Թերթի նախորդ համարներում արդեն տեղեկացրել ենք, որ կորոնավիրուսի տարածման հետեւանքով դադարեցված են գրեթե բոլոր սպորտային կարեւոր իրադարձությունները։ Ըստ վերջին տեղեկությունների` ֆուտբոլի թոփ 5 առաջնությունները կարող են մնալ անավարտ։ Մասնավորապես, այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: «Վերջին օրերին կապի մեջ եմ եղել իսպանական թիմերի հետ։ Խոսել եմ նաեւ այլ երկրների առաջնությունների ներկայացուցիչների հետ։ Այժմ ամեն ինչ գնում է նրան, որ մրցաշրջանը չենք ավարտի»,- Տեբասի խոսքերն է փոխանցում AS պարբերականը։ Այսպիսով, ամեն ինչ տանում է նրան, որ մինչեւ մայիս ֆուտբոլային հզոր հանդիպումներ չեն լինի, իսկ մայիսին ընդամենը 20 օրվա մեջ արագացված կերպով կարող են կայանալ Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան։ Մեզ հետաքրքրող առաջնություններից դադարեցվեց նաեւ Ղազախստանի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս շատ հայ ֆուտբոլիստներ։ Թերեւս միակ «մխիթարանքը» դեռեւս մնացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան, որտեղ առաջնությունում տեղը պահպանելու պայքարն ավելի թեժ է, քան չեմպիոնականը։
Հանգստյան օրերին կայացավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը։ Հիմա անդրադառնանք մեզ՝ հայերիս առավել հետաքրքիր հանդիպումներին։
Սկսենք մարզային դերբիից՝ «Սոչի-Կրասնոդար»։ Փակ դռների հետեւում կայացած դերբին ավարտվեց տանտերերի 2։0 հաշվով հաղթանակով։ «Սոչիի» կազմում իրենց անունները լուսատախտակին վառեցին Կրիստիան Նոբոան եւ Անդրեյ Մոստովոյը։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպման 94-րդ րոպեին՝ փոխարինելով Ալեքսանդր Կոկորինին։ Հիշեցնենք, որ «Սոչիում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էրիկ Վարդանյանը, ով դեկտեմբերին վիրահատվել էր՝ ծնկի խնդիրների հետ կապված։ Մեր ֆուտբոլիստը դեռեւս բուժվում է, եւ պարզ չէ՝ երբ կվերադառնա ընդհանուր խումբ։
Այսպիսով, «Սոչին» հաղթեց անչափ կարեւոր խաղում ու վաստակեց 3 միավոր։ Այս հաղթանակի շնորհիվ Ալեքսանդր Կարապետյանի եւ Էրիկ Վարդանյանի թիմը 24 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական եւ վտանգավոր՝ 13-րդ տեղում հանգրվանած «Ռուբինից» առաջ է ընդամենը 1 միավորով։
Հաջորդ հանդիպումը, որին պետք է անդրադառնանք, կայացավ Սանկտ Պետերբուրգում, որտեղ տեղի «Զենիթը» 7։1 հաշվով պարտության մատնեց Եկատերինբուրգի «Ուրալին»։ «Զենիթի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերդար Ազմունը, դուբլ ձեւակերպեց Արտյոմ Ձյուբան, մեկական անգամ էլ աչքի ընկան Մալկոմն ու Սեբաստիան Դրիուսին։ Եկատերինբուրգի թիմից հեղինակության գոլը խփեց Անդեյ Պանյուկովը։ Հյուրերի կազմում հանդիպմանը չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ- Արմենիայի» դեմ կայացած ընկերական խաղում։ Այդ վնասվածքից մեր ֆուտբոլիստը ապաքինվել է, սակայն դեռեւս չի մասնակցել «Ուրալի» հանդիպումներին։ Այս պարտությունից հետո «Ուրալը» 25 միավորով մնաց 10-րդ տեղում։
Վերջին խաղը, որին պետք է անդրադառնանք, «Ռոստով»-«Լոկոմոտիվ» հանդիպումն է։ Խորեն Բայրամյանի «Ռոստովը» տանը 1։3 հաշվով զիջեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ «Ռոստովի» կազում նախ ինքնագոլի հեղինակ դարձավ դարպասապահ Սերգեյ Պեսյակովը, ապա գործի անցան «Չերկիզովները». մոսկովյան թիմից իրենց անունները լուսատախտակին վառեցին Ռիֆատ Ժեմալեդինովը եւ Գժեգոժ Կրիխովյակը։ Տանտերերից միակ գոլը հեղինակեց Իվելին Պոպովը։ Արմատներով հայ ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը մասնակցեց հանդիպմանը եւ փոխարինվեց միայն 86-րդ րոպեին՝ տեղը զիջելով Ալեքսանդր Սապլինովին։ «Ռոստովը» այս պարտությունից հետո 38 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում։
Վելերի Կարպինի թիմը երկրորդից երրորդ տեղերը բաժանող «Լոկոմոտիվից» եւ «Կրասնոդարից» հետ է մնում ընդամենը 3 միավորով։ Խորեն Բայրամյանի թիմը այս մրցաշրջանում պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։ Առաջատարը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ն է՝ 50 միավորով։ Սերգեյ Սեմակի թիմը կարծես անհասանելի է թվում մնացածի համար։ Այսպիսով, պետք է ընդգծել՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու պայքարը շատ ավելի թեժ է, քան չեմպիոնականը, որովհետեւ 6-րդ տեղից մինչեւ 16-րդ տեղում գտնվող թիմերի միջեւ տարբերությունը ընդամենը տասը միավոր է։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ