ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարևոր նշանակումներ՝ վաղը․ արտակարգ դրությունը չի խանգարի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ՀՀ նախագահին է ներկայացնելու ՀՀ ոստիկանապետի եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Եվ վաղը կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: «Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում գրել էր, որ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Ասել է թե՝ ԱԱԾ տնօրենի մասով արդեն ներքին խոսակցություններ կան, որ որոշումը կայացվել է: Իսկ ի՞նչ է սպասվում ՀՀ ոստիկանապետի մասով:

Իշխանությունների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ ամենայն հավանականությամբ, ոստիկանապետ կնշանակվի Արման Սարգսյանը: Նկատենք, սակայն, որ վարչապետն ամբողջությամբ օգտագործեց ժամկետները եւ այս ընթացքում նոր նշանակում չարեց՝ թողնելով, որպեսզի ներկայիս պաշտոնակատարներն աշխատեն, ինքնադրսեւորվեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից պարզել՝ արդյոք վերոնշյալ պաշտոնյաները վերանշանակվելու են վաղը: Ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ չի կարող մեկնաբանել, տեղեկություն ունենալու դեպքում այն կհրապարակվի պաշտոնապես: Մենք նաեւ հետաքրքրվեցինք` վաղը կլինի նշանակում, թե, արտակարգ դրությամբ պայմանավորված, այն, հնարավոր է, հետաձգվի, թեեւ ՀՀ օրենսդրությունը հետաձգում չի նախատեսում: Ի պատասխան՝ խոսնակը նշեց. «Իրավիճակը չի խանգարում, սակայն ինֆորմացիա չունեմ՝ կլինի նշանակում, թե ոչ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս