Խորհրդարանում աշխատանքային կտրուկ փոփոխություններ չկան, աշխատանքային ռեժիմը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ մինչեւ ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է լինելու:
«Հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` ՀՀ Էջմիածին քաղաքում, վարակի տարածման հետեւանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ՀՀ ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն»,- կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հանրային հավաքների, բողոքի ակցիաների, գործադուլների անցկացումը։ Արտակարգ դրության ընթացքում կշարունակեն փակ մնալ բոլոր կրթական, մարզական հաստատությունները։ Չնայած այն հանգամանքին, որ արտակարգ դրության ժամանակ ինչ-որ մի տեղումպետք է ընդամենը հավաքվեն քսան մարդուց ոչ ավել, բայց, արի ուտես, Սահմանադրությամբ չի սահմանվում Ազգային Ժողովի աշխատանքների արգելումը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ժամանակահատվածում աշխատանքային պրոցեսները խորհրդարանում կշարունակվեն, քանի որ Սահմանադրությամբ հստակ է, որ ԱԺ-ն աշխատելու է արտակարգ դրության պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ այս ողջ շաբաթվա ընթացքում հայրենի խորհրդարանում ընթանալու են հանձնաժողովի նիստերը, որպեսզի ձեւավորվի ԱԺ հերթական նիստի օրակարգը, քանի որ մարտի 24-ին խորհրդարանում հերթական նիստ է լինելու:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչպես են աշխատելու խորհրդարանում ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում:

-Պարո՛ն Աբովյան, Սահմանադրության պահանջով խորհրդարանը շարունակելու է արտակարգ դրության ժամանակ աշխատել, ինչպե՞ս է ձեր խմբակցությունն աշխատելու այս ռեժիմում:

-Ըստ էության, խորհրդարանում մեր աշխատանքի հետ կապված կտրուկ փոփոխություններ չկան, աշխատանքային ռեժիմը շարունակվում է, եթե, իհարկե, չկան մարդիկ, ովքեր ջերմում են կամ այլ ախտանիշներ ունեն, իրենք, իհարկե, չեն աշխատի: Բայց այս պահին նման դեպքեր չունենք: Մենք հորդորել ենք, որ եթե կան նման մարդիկ, ապա իրենք կարող են խորհրդարան չգալ, առցանց կարող են աշխատել:

-Բայց ճի՞շտ եք համարում, որ արտակարգ դրության պայմաններում աշխատի խորհրդարանը, եթե պահանջ կա, որ մի տարածքում պետք է քսանից ավելի մարդ չլինի վիրուսի տարածումից խուսափելու համար:

-Դա Սահմանադրության պահանջ է, մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, հանձնաժողովներում աշխատանքներ տարվում են, քննարկումներ ունենում ենք՝ նշեցի արդեն, իհարկե, պահպանելով բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք պահանջվում են:

Հ․Գ․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւս մեզ հետ զրույցում նշեցին, որ Սահմանադրությամբ պահանջ կա, որ ԱԺ-ն աշխատի այս ժամանակահատվածում, ուստի իրենք եւս աշխատելու են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս