ԱԺ-ՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ մինչեւ ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է լինելու:

«Հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` ՀՀ Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետեւանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ՀՀ ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն»,- կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հանրային հավաքների, բողոքի ակցիաների, գործադուլների անցկացումը։ Արտակարգ դրության ընթացքում կշարունակեն փակ մնալ բոլոր կրթական, մարզական հաստատությունները։ Չնայած այն հանգամանքին, որ արտակարգ դրության ժամանակ ինչ-որ մի տեղում պետք է ընդամենը հավաքվեն քսան մարդուց ոչ ավել, բայց, արի ու տես, Սահմանադրությամբ չի սահմանվում Ազգային Ժողովի աշխատանքների արգելումը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ժամանակահատվածում աշխատանքային պրոցեսները խորհրդարանում կշարունակվեն, քանի որ Սահմանադրությամբ հստակ է, որ ԱԺ-ն աշխատելու է արտակարգ դրության պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ այս ողջ շաբաթվա ընթացքում հայրենի խորհրդարանում ընթանալու են հանձնաժողովի նիստերը, որպեսզի ձեւավորվի ԱԺ հերթական նիստի օրակարգը, քանի որ մարտի 24-ին խորհրդարանում հերթական նիստ է լինելու: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչպես են աշխատելու խորհրդարանում ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
-Պարո՛ն Մարուքյան, արդեն ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, որը սահմանափակումներ է պահանջում բոլոր աշխատավայրերում, կրթական եւ այլ հաստատություններ չեն գործելու: Սահմանադրությունը, կարծես թե, նման պահանջ չի դրել՝ խորհրդարանի աշխատանքների հետ կապված: Ինչպե՞ս, ի՞նչ ձեւաչափով է աշխատելու խորհրդարանը:
-«Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքը, ինչպես նաեւ Սահմանադրության համապատասխան դրույթն ասում են, որ արտակարգ դրության ռեժիմը որեւէ կերպ չի կարող արգելել եւ խանգարել Ազգային Ժողովի գործունեությանը: Ազգային Ժողովը պետք է շարունակի գործել, պատգամավորները պետք է շարունակեն գործել, իրենց լիազորությունները իրականացնել:
-Այսինքն՝ խորհրդարանում լինելու են հանձնաժողովի նիստերը եւ սպասվող հերթական նիստը:
-Այո, հանձնաժողովի նիստերը պետք է տեղի ունենան, արդեն ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը՝ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, նիստ է անցկացրել, եւ մնացած բոլոր հանձնաժողովները պետք է նիստեր գումարեն: ԱԺ չորսօրյա նստաշրջանն էլ պետք է նույն ձեւով շարունակվի, եւ մեր գործունեությունը որեւէ կերպ չի դադարելու եւ չի կարող դադարել: Սահմանադիրը Սահմանադրությամբ նշել է, որ խորհրդարանը չի կարող որեւէ կերպ որեւէ պարագայում՝ ռազմական, արտակարգ դրություն, դադարի գործել:
-Իսկ ի՞նչ ռեժիմով է աշխատում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս օրերին, Ձեր խմբակցության աշխատակիցները ի՞նչ ռեժիմով են աշխատում:
-Այն պատգամավորները, ովքեր հանձնաժողովներում նիստեր ունեն, ապա իրենք այս պահին էլ աշխատում են, մյուս հատվածը աշխատում է քաղաքացիների հետ, եթե ինչ-որ հարցեր կան, որոնք բարձրաձայնվում են, մենք դրանցով ենք զբաղվում: Աշխատակազմից շատ քիչ մարդ ենք խորհրդարան կանչել, փորձագետների մի հատվածն է աշխատում, այսինքն՝ մեծ հաշվով, անցել ենք առցանց հեռավոր կառավարման: Մնացած առումներով 24 ժամ հասանելի ենք:
-Եթե արտակարգ դրության ժամանակ պահանջ կա, որ մի վայրում չպետք է մարդկանց թիվը գերազանցի քսանը, այդ դեպքում ինչպե՞ս են կայանալու ԱԺ հերթական նիստը եւ հանձնաժողովի նիստերը, որտեղ միշտ մարդաշատ է:
-Սահմանադրությունն ասում է, որ չպետք է դադարի խորհրդարանի աշխատանքները, հետեւաբար պետք է ուղղակի սոցիալական դիստանցիա պահել, ուղիղ եթեր տալ նիստերը, որպեսզի լրագրողները հետեւեն առցանց, այսինքն՝ միջոցառումներ են դրանք, որոնք պետք է կազմակերպել՝ լինել դիմակներով, ախտահանել, դիստանցիա պահել. պետք է խորհրդարանը գործի, եւ դա ճիշտ է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ
-Պարո՛ն Աբովյան, Սահմանադրության պահանջով խորհրդարանը շարունակելու է արտակարգ դրության ժամանակ աշխատել, ինչպե՞ս է ձեր խմբակցությունն աշխատելու այս ռեժիմում:
-Ըստ էության, խորհրդարանում մեր աշխատանքի հետ կապված կտրուկ փոփոխություններ չկան, աշխատանքային ռեժիմը շարունակվում է, եթե, իհարկե, չկան մարդիկ, ովքեր ջերմում են կամ այլ ախտանիշներ ունեն, իրենք, իհարկե, չեն աշխատի: Բայց այս պահին նման դեպքեր չունենք: Մենք հորդորել ենք, որ եթե կան նման մարդիկ, ապա իրենք կարող են խորհրդարան չգալ, առցանց կարող են աշխատել:
-Բայց ճի՞շտ եք համարում, որ արտակարգ դրության պայմաններում աշխատի խորհրդարանը, եթե պահանջ կա, որ մի տարածքում պետք է քսանից ավելի մարդ չլինի վիրուսի տարածումից խուսափելու համար:
-Դա Սահմանադրության պահանջ է, մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, հանձնաժողովներում աշխատանքներ տարվում են, քննարկումներ ունենում ենք՝ նշեցի արդեն, իհարկե, պահպանելով բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք պահանջվում են:
Հ.Գ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւս մեզ հետ զրույցում նշեցին, որ Սահմանադրությամբ պահանջ կա, որ ԱԺ-ն աշխատի այս ժամանակահատվածում, ուստի իրենք եւս աշխատելու են:

 

 

 

 

ՄԵԿՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է, ՄՅՈՒՍԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս փետրվարի 20-ին գրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում գործող ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբին նամակ է ուղարկել, որտեղ առաջարկներ են, ու միայն դրա ընդունումից է կախված ԲՀԿ-ի՝ այդ աշխատանքային խմբին միանալ-չմիանալու հարցը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանից պարզել դրա ճակատագիրը, վերջինս ասաց, որ նամակն ուղարկել են, պատասխան չկա: Իսկ ԱԺ իմքայլական պատգամավոր, աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, թե իրենք որեւէ նամակ չեն ստացել: Հիշեցնենք, որ խորհրդարանում ստեղծված ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ փակ քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներ Շաքե Իսայանն ու Արման Աբովյանը հայտարարել էին, որ իրենք այդ պահին դադարեցնում են իրենց աշխատանքները խմբի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականները չեն ցանկանում աշխատանքային խմբի «սորոսականների» հետ մի սեղանի շուրջ նստել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին ԲՀԿ-ում փորձում են ելք գտնել աշխատանքային խմբի հետ վերջնական իրենց կապերը դադարեցնելու համար:
Նշենք, որ աշխատանքային խմբում ընդգրկվել էին 11 պատգամավորներ, որոնցից 7-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն էին, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», իսկ 2 լուսավորական պատգամավորներ՝ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը, լքեցին աշխատանքային խումբը: Չնայած այն հանգամանքին, որ իմքայլականները շատ մեծ շուքով հայտարարեցին, որ իրենք պատրաստվում են պայքարել ատելության խոսքի դեմ, ու նման աշխատանքային խումբ ստեղծեցին, բայց ո՛չ իրենք են աշխատում, ո՛չ էլ մյուս խմբակցությունների սրտով են գնում, որ կարողանան արդյունք ունենալ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

5 ԹԵԿՆԱԾՈՒ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրությունները տեղի չեն ունենալու: Մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել այն հետաձգել, սակայն դեռեւս հայտնի չէ, թե երբ այն տեղի կունենա՝ արտակարգ դրության ավարտից հետո, թե մինչ այդ: Սակայն նկատենք, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը չի ենթադրում պետական կառավարման համակարգի աշխատանքի ամբողջական խափանում, եւ, օրինակ, տեղի կունենան նաեւ կառավարության նիստ, Երեւանի ավագանու, Ազգային ժողովի նիստեր: Սակայն ԵՊՀ խորհուրդը, ըստ էության, որոշել է այս ընթացքում խուսափել ռեկտորի ընտրություններ անցկացնելուց: Հավելենք, որ ԵՊՀ ռեկտորի թեկնածուները 5-ն են:

 

 

 

ԲԵՆԶԻՆՆ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է
Այս տարվա մարտի 16-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.04 դոլար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ բենզինի եւ դիզելային վառելիքի գները եւս 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 380 դրամով, պրեմիումը՝ 400 դրամով: Պատճառը նավթի գների անկումն է, որն էլ հանգեցրել է բենզինի եւ դիզվառելիքի էժանացման: Այս ամենի արդյունքում հայաստանցիներն են շահել։ Բայց, մյուս կողմից, նկատենք, որ բենզինի գինը չի կարող նվազել այնպես, ինչպես նավթի գինը, քանի որ բենզինի գնագոյացման մեջ նավթի գնի ազդեցությունը փոքր տոկոս է կազմում: Նկատենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում: Նշենք, որ Ղազախստանում մարտի 16-ի դրությամբ բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 196 դրամ, Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 377 դրամ, Ռուսաստանում՝ 300 դրամ, իսկ Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 294 դրամ:

 

 

 

ՀԱՑԱԴՈՒԼ
Խարդախության համար մեղադրվող Արթուր Սահակյանը արդեն 11 օր է, ինչ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել: Նրա հայրը՝ Աշոտ Սահակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դիմեց պատկան մարմիններին, Փաստաբանների պալատին՝ խնդրելով օգնել որդուն դուրս գալ այդ վիճակից: Վերջինիս հարազատները հայտնում են, որ փաստաբանը վատառողջ լինելու պատճառով հրաժարվել է իր որդու շահերը պաշտպանել, եւ նոր հանրային պաշտպան էլ չունեն: Մեզ հայտնի դարձավ, որ ծնողներին անգամ թույլ չեն տալիս տեսակցել իրենց որդուն, հասկանալ, թե նա ինչ վիճակում է, անգամ արգելված են հեռախոսազանգերը: Նշենք, որ Արթուր Սահակյանը բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքից եւ այդ պատճառով է հացադուլ հայտարարել:




Լրահոս