ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու վաղվա՝ մարտի 19-ի նիստը չի չեղարկվի:

Երեկ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով. «Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ Երեւանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները եւ համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը»: Եվ չնայած ասվում է, որ նիստն անցկացվելու է ավելի լայն տարածքում, քան մինչ այս, եւ բոլոր հարմարություններով հագեցած, սակայն ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները երեկ եւ նախորդ օրերին կոչ էին անում հետաձգել նիստը կամ այն անցկացնել հեռահար տարբերակով, բայց ականջալուր չեղան:
Նշենք, որ արտակարգ դրությամբ նախատեսված է, որ չեն կարող անցկացվել հավաքներ, որի մասնակիցների թիվը գերազանցում է 20-ը, բայց դա չի վերաբերում պետական համակարգի աշխատանքին, այսինքն՝ ավագանու նիստը արտակարգ դրության ռեժիմը չի խախտում: Սակայն ավագանու մի քանի անդամներ սոցիալական ցանցի իրենց էջերում հայտարարել են, թե չեն մասնակցելու այդ նիստին: Այսպիսով, վաղը կայանալիք Երեւանի ավագանու նիստում ընդգրկված է 19 հարց: «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներում գրել էր, որ բուռն կարող են անցնել 2019 թվականի բյուջեի նախագծի ու կատարողականի քննարկումները: Այս ընթացքում ավագանու անդամները բազմիցս բարձրաձայնել են, որ բյուջեն թերակատարվել է, իսկ կատարողականում ներառված հարցերի մեծ մասն էլ չեն կատարվել: Նախորդ համարներում մանրամասներ ներկայացրել էին, թե հատկապես որ ոլորտներում են թերակատարումներ եղել եւ ինչու, սակայն նկատենք, որ դրանք բազմաթիվ են: Եվ հատկապես ուշագրավ թերացումներ են եղել զբոսաշրջության ոլորտում: Նշենք, որ օրակարգում, ի թիվս այս հարցերի, կան նախագծեր, որոնք վերաբերում են մի քանի հասարակական կազմակերպություններին արտոնություններ տրամադրելուն: Օրինակ՝ արտոնություններ կտրամադրվեն Հայաստանի նկարիչների միավորումին, խուլերի, կույրերի միավորումին, ինչպես նաեւ Ժուռնալիստների միությանը կտրվեն գույքահարկի գծով արտոնություններ: Օրինակ՝ Պուշկինի փողոցի վրա գտնվող Ժուռնալիստների միության շինության նկատմամբ կսահմանվի գույքահարկի արտոնություն` 6 մլն դրամի չափով:
Բացի այդ, ավագանու նիստի օրակարգում նաեւ ընդգրկված է Երեւանում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու հարցը: Ըստ այդմ, ավագանու որոշման պարագայում այն կտեղադրվի Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում: Նախագիծը ներկայացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգեւոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երեւանում տեղադրել նրա արձանը՝ դրանով իսկ ամրապնդելով եւ խորացնելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները: Գրության մեջ նաեւ նշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաեւ կհոգա արձանի Երեւան տեղափոխման, պատվանդանի կառուցման եւ տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:
Բացի այդ, օրակարգում է նաեւ Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երեւանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող եւ թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»: Ավագանու նիստում կքննարկեն նաեւ թուլատրել մի քանի ընկերությունների շարունակել ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը: Հատկապես ծառայողական ավտոմեքենաների հարցի շուրջ կրկին կարող են հետաքրքիր քննարկումներ ծավալվել՝ հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ տարվում է ավտոկայանատեղիների շուրջ: Իսկ ընդդիմադիր պատգամավորները հիմնականում սպասում են բյուջեի եւ կատարողականի շուրջ քննարկումներին, քանի որ, ինչպես նշեցինք, թերացումներն իսկապես շատ են: Հավելենք, որ նիստին ներկա են լինելու նաեւ վարչական շրջանների ղեկավարները, եւ նիստի ավարտին պետք է տեղի ունենա հարցուպատասխան: Եվ հաշվի առնելով նախորդ փորձերը՝ այն կարող է երկար տեւել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է
ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստումը եւ Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի ՊԵԿ-ը յուրատեսակ առաջնագիծ է, եւ այս պատասխանատու իրավիճակում չի կարելի տարատեսակ մտավախությունների պատճառով թուլացնել աշխատանքային պարտականությունների կատարման եռանդը եւ անգամ աննշան չափով շեղվել պատասխանատու վարքագիծ ցուցաբերելու անհրաժեշտությունից: ՊԵԿ-ը շարունակելու է իր բնականոն աշխատանքը, հարկ վճարողների հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում, եւ իրավախախումների առկայության դեպքում անմիջապես ձեռնարկվելու են համապատասխան հսկողական միջոցառումներ։

 

 

 

2000-ԻՑ ԱՎԵԼԻ
Երեկ ՀՀ առողջապահության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում: Այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը»:

 

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ, ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաեւ՝ մեր բաժանորդների մուտքը ընկերության գրասենյակներ: Երեւանում եւ մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

 

 

 

ԳՐԱՖԻԿԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Երեւանի մետրոպոլիտենը Հայաստանում արտակարգ դրության ընթացքում աշխատելու է իր գրաֆիկի համաձայն։ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտե» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչեւ 23։00-ն»,- ասված է մետրոպոլիտենի հայտարարության մեջ:

 

 

 

 

2 ԱՄՍՈՎ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկը կընդլայնվի: Այժմ այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեն միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Սակայն ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հեղինակել է նախագիծ՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», որով առաջարկում է մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերին եւ կազմակերպություններին, որոնք Հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին: Այս նախագիծը դրական եզրակացություն էր ստացել կառավարությունում, երեկ էլ դրական եզրակացություն ստացավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում եւ կընդգրկվի առաջիկա նիստերի օրակարգ: Սակայն երկու ամսով հետաձգվել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը առաջարկել է այս հարցի քննարկումը հետաձգել՝ հաշվի առնելով Կենտրոնական բանկի ծանրաբեռնվածությունը, որն առաջացել է արտակարգ դրությունից: Հանձնաժողովը համաձայնել է հարցի քննարկումը եւ քվեարկությունը 2 ամսով հետաձգել:

 

 

 

 

ԿԸՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵՑ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը, երեկվա որոշմամբ դադարեցրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները եւ միջոցառումները: Ինչպես հայտնի է, Սահմանադրության 208-րդ հոդվածը սահմանում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվեի անցկացումն արգելվում է։ Սակայն արտակարգ դրության ավարտից հետո նախագահը հանրաքվեի մասին նոր հրամանագիր պետք է ստորագրի։ Սակայն դեռեւս կողմերի համար պարզ չէ՝ հանրաքվեի ողջ գործընթացը պետք է սկսվի սկզբից, եւ արդյոք «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմերը պետք է կրկին ձեւավորվեն։ Սակայն, ամեն դեպքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հանրաքվեի գործընթացը նույն կետից են շարունակելու։




Լրահոս