ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼ ԵՆ ՏՈՆ ՕՐԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատը մինչեւ կառուցվածքային փոփոխությունները ստուգումներ է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Հիմնականում ուսումնասիրվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությունը՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Բնականաբար, հաշվեքննության ընթացքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, 2018 թվականի հոկտեմբերի 1-ից դադարեցվել են հիմնադրամի նախկին տնօրենի լիազորությունները, սակայն աշխատաժամանակի տեղեկագրում նրա աշխատած վերջին օրը նշվել է հոկտեմբերի 18-ը: Արդյունքում վերջնահաշվարկի հետ նրան վճարվել է նաեւ 12 աշխատանքային օրվա դիմաց աշխատավարձ, որը կազմել է 490 հազար 900 դրամ: Բացի այս, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականին հիմնադրամի գնումների խմբի ղեկավարը եւ գնումների գլխավոր մասնագետը, մայիսի 27-ից 30-ը ներառյալ, գործուղվել են Վրաստան՝ Թբիլիսի: Գործուղման ծախսերը հաշվարկվել են 5 օրապահիկ եւ 4 գիշերավարձ, կամ յուրաքանչյուրին հասանելիքից ավելի է հաշվարկվել, եւ վճարվել մեկական օրապահիկ եւ գիշերավարձ՝ 41000 եւ 45000 դրամ, ընդհանուր՝ 173 հազար դրամ: Սակայն, ըստ հիմնադրամի պարզաբանման, աշխատակիցները ոչ թե մայիսի 27-ից 30-ն են Վրաստանում եղել, այլ մայիսի 27-ից մինչեւ 31-ը ներառյալ: Պարզվել է նաեւ, որ առանց ճաշկերույթի կազմակերպման նպատակի եւ հիմնավորման, մասնակիցների կազմի, ներկայացված հաշվի, ինչպես նաեւ հանձման-ընդունման արձանագրության, 2017 թվականի դեկտեմբերի 29-ին (Ամանորից առաջ) «Ուստր Մամիկոն» ընկերությունից ձեռք են բերվել 397 հազար 700 դրամ արժեքով ծառայություններ: Բայց հիմնադրամից փոխանցում են, որ «Ուստր Մամիկոն» ընկերության հաշիվ-ապրանքագիրը ներկայացվել է: Ավելին, հիմնադրամը Հաշվեքննիչ պալատից պահանջել է տրամադրել օրենքի կետը, ըստ որի՝ սահմանվում է ներկայացուցչական ծախսը հիմնավորող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Բայց, միեւնույնն է, նկատենք, որ հիմնադրամից չեն մանրամասնել, թե մոտ 400 հազար դրամանոց ծառայությունները կոնկրետ ինչի համար են եղել, եւ ովքեր են օգտվել դրանից: Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ հիմնադրամի կողմից շահագործվել են թվով 2 Toyota Prado եւ Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներ, որոնց շահագործման նպատակով 2017-ին ծախսվել է 5182, իսկ 2018-ին՝ 4275 լիտր վառելիք, որից 3950 լիտրը 2018-ին հատկացվել է ուղեթերթիկներով, իսկ 325 լիտրը՝ 145 հազար 500 դրամ արժեքով, տրամադրվել է աշխատակիցներին սեփական մեքենաներով գործուղման մեկնելու նպատակով: Բայց, արի ու տես, ծառայողական ավտոմեքենաները, առանց համապատասխան հրամանների եւ ձեւակերպման, շահագործվել են նաեւ ոչ աշխատանքային եւ տոն օրերին, իսկ այդ օրերին վառելիքի ծախսը ներառվել է աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված ծախսի մեջ: Ըստ հիմնադրամի պարզաբանման՝ հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացվել է տնօրենին այն մասին, որ Nissan Altima մակնիշի ավտոմեքենայի՝ 2018 թվականի հունիսի 1-29 ամսվա վազքը կազմել է 1726 կմ այն դեպքում, որ մեքենան շահագործվել է ներքաղաքային, երբ հիմնադրամի տնօրենն եղել է գործուղման արտերկրում: Պարզվում է, որ կարգապահական տույժի է ենթարկվել վարորդը, ապա արդեն 2018 թվականի հուլիսի 31-ին լուծվել է նրա հետ աշխատանքային պայմանագիրը: Ի դեպ, 2018 թվականի օգոստոսին 30 հազար դրամի շրջանակներում ամբողջապես փոխվել են հիմնադրամի ծառայողական ավտոմեքենաներից մեկի արգելակման կոճղակները, սակայն հետո պարզվել է, որ կոճղակների փոխարինում կատարվել է նաեւ նույն տարվա հոկտեմբերին, այսինքն՝ մեկ ամիս անց: Բայց հիմնադրամը չի բացառել, որ դա կարող է կապված լինել շուկայում առկա անորակ պահեստամասերի հետ: Այլ կերպ ասած, այդպես էլ անհայտ է մնում՝ արգելակման կոճղակները վնասվել էին, թե ոչ: Այնուամենայնիվ, նկատենք, որ հիմնադրամը գնումների պլանի կազմման ընթացքում բավարար ուշադրություն չի հատկացրել ձեռք բերվող ապրանքների եւ ծառայությունների նախահաշվային արժեքների փոփոխություններին: Օրինակ՝ Համաշխարհային բանկի հետ բանակցություններից հետո «Avag Solutions» LLC կազմակերպության հետ կնքվել է 682 հազար 862 դոլար արժեքով պայմանագիր, որի նախահաշվային արժեքը կազմել է 535 հազար դոլար: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորվմամբ իրականացվող երկրաջերմային էներգիայի հետախուզական հորատման ծրագրի շրջանակում բարձր երկրաջերմային ֆոն ապահովելու նպատակով B-2 հորատանցքի հորատման համար նախատեսվել է 1500 մետրի փոխարեն հորատել 1800 մետր, սակայն իրականում այն հորատվել է ընդամենը 1684 մետր խորությամբ, որում ստացված առավելագույն ջերմաստիճանը կազմել է մոտ 124 C` նախատեսված 150 C-ի փոխարեն: Այլ կերպ ասած, ստացված արդյունքը չի բավարարել նվազագույն պայմաններին, որոնք պետք է գրավիչ լինեին ներդրողների համար: Բացի այս, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով պոտենցիալ ներդրողների ներագրավման ուղղությամբ, որի արդյունքում թվով 6 տեղանքից 5-ի նկատմամբ դեռեւս առարկայական առաջարկություններ չեն ստացվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԱՎԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒԺԵՂԱՑՎԻ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը մտադիր է ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարել:

Այսպես, ըստ այդ նախագծի՝ ընդերքօգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա, եթե կազմակերպությունը չունի ժամկետանց հարկային եւ ՀՀ օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ: Եւ լիազոր մարմինը պետք է 30 օրվա ընթացքում որոշի՝ ընդերքօգտագործման իրավունքը գրավադրմանը համաձայնություն տալ, թե մերժել: Բացի այս, ընդերքօգտագորման իրավունք կրողը պարտավորվում է մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմնին ներկայացնել տարեկան հաշվետվություն: Այն իր մեջ պետք է ներառի իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը եւ, ամենակարեւորը, իրական սեփականատերերի վերաբերյալ քաղվածքը: Նաեւ պետք է ներկայացվի աուդիտորական ընկերության կողմից տրված աուդիտորական եզրակացություն: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը չի երկարաձգվի, եթե ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչեւ ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացման ժամանակահատվածը ընդերքօգտագործողը չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 80 տոկոսը: Մեզ հայտնի դարձավ, որ սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերից ավազի արդյունահանման հետեւանքով գետի հունի փոփոխությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոհանութային աշխատանքների կատարման միջոցով կիրականացվեն գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ: Իսկ եթե գետի հունի վիճակի եւ կայունության փոփոխություններ հայտնաբերվեն, ապա անհապաղ կդադարեցվեն հանքավայրի շահագործման աշխատանքները: Ի դեպ, տեղեկացնենք, որ մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացվելու են ընդերքօգտագործման բնագավառի, արտակարգ իրավիճակների, շրջակա միջավայրի պահպանության լիազոր մարմիններին եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍՏԵՂԾՎԵԼ Է 100 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տարածքում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում 2019թ. հունիսի 22-23-ը կայացավ ««Իմ քայլը»՝ հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Համաժողովին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆորումի ընթացքում ներկայացվեց մարզի պոտենցիալը, առաջարկվեցին եւ քննարկվեցին տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր, կայացավ նաեւ մարզում գործող ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդես: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին գրավոր հարցում է ուղարկել, թե այդ համաժողովից հետո մարզում քանի նոր ձեռնարկություն է ստեղծվել, քանի նոր աշխատատեղ է ստեղծվել։ Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված է. «Համաձայն ՀՀ Տավուշի մարզի 2017-2025թթ. ռազմավարությունից բխող 2019 թվականի գործունեության ծրագրի տարեկան մոնիթորինգային հաշվետվության՝ մարզում ստեղծվել են ավելի քան 100 մեծ ու փոքր կազմակերպություններ եւ շուրջ 1367 աշխատատեղ տարբեր ոլորտներում»:

 

 

 

 

ԴԱՏՎՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2020թ. մարտի 6-ից ընթանում է «Դիլիջան» ազգային պարկի տարբեր պահաբաժինների տարբեր տեղամասերի 15 անտառապահների դատավարությունը։ Սուրեն եւ Արմեն Զարգարյաններին, Արտուր եւ Արմեն Մարտիրոսյաններին, Գագիկ եւ Սերգեյ Մելյաններին, Գագիկ Պողոսյանին, Մեհրաբ Պետրոսյանին, Շահեն Քոչարյանին, Ռուշան Կոխլիկյանին, Արայիկ Սողոմոնյանին, Արայիկ Սարուխանյանին, Արարատ Թամրազյանին, Սարգիս Բեգլարյանին, Վահե Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանցից յուրաքանչյուրը տարբեր ժամանակ՝ 2014 թվականի օգոտոսի 26-ից մինչեւ 2017թ. հոկտեմբերի 13-ն ընկած ժամակահատվածում, հանդիսանալով «Դիլիջան» ազգային պարկի անտառապահ, ծառայության նկատմամբ ցուցաբերած անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացել է ծանր հետեւանքներ, այն է՝ տեւական ժամանակ հիշյալ պահաբաժնի տարածքում ապօրինի կերպով հատվել են տարբեր տեսակի ծառեր։ Բոլոր անտառապահներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ»), նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եւ գրավը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս