ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՍՑՎԵՆ ԱՎԱՐՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն բազմիցս տեղեկացրել ենք, որ COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել են եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններ, այդ թվում՝ եվրագավաթները՝ Չեմպիոնների լիգան եւ Եվրոպա լիգան։ Այդ առիթով ՈՒԵՖԱ-ն օնլայն վիդեկոնֆերանս էր կազմակերպել, որը կայացավ երեկ՝ մարտի 17-ին։ Ֆուտբոլային կառույցի ղեկավարները եւ ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների նախագահները կայացրին մի շարք որոշումներ եւ որոշեցին եվրոպական ֆուտբոլի ապագան։

Սկսենք, թերեւս, ամենակարեւորից. Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը տեղափոխվեց եւ կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Ինչ խոսք, այս որոշումը սպասելի էր, քանի որ անտրամաբանական կլիներ այն, եթե եվրոպական առաջնությունները ավարտվեին՝ հաշվի առնելով թիմերի զբաղեցրած ներկայիս դիրքերը։ Այսպիսով, եվրոպական առաջնությունները կվերսկսվեն ամենայն հավանականությամբ ապրիլի կեսերից եւ կավարտվեն հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։ ՈՒԵՖԱ-ն կոնֆերանսի ընթացքում որոշում կայացրեց նաեւ հետաձգել Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչների անցկացման օերերը։ Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի հունիսի 27-ին, իսկ Եվրոպա լիգայի եզրափակիչը՝ հունիսի 24-ին։
Մինչեւ ՈՒԵՖԱ-ի կոնֆերանսը շատ էին խոսակցությունները, որ եվրագավաթների կիսաեզրափակիչ հանդիպումները կարող են անցկացվել առանց պատասխան հանդիպումների, սակայն ՈՒԵՖԱ-ն այդպիսի որոշմամբ հանդես չեկավ։ Փոխվեցին միայն հանդիպումների անցկացման ամսաթվերը։ Կայացրած որոշումը հանգեցնում է նրան, որ եվրոպական թոփ 5 լիգաները նույնպես կունենան տրամաբանական ավարտ, եւ առաջնությունների ղեկավար մարմինները ստիպված չեն լինի այլ ելքեր փնտրել։
Մինչ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները եւ կառույցին անդամ ասոցիացիաների նախագահները քննարկում էին եվրոպական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր, պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԿՈՆՄԵԲՈԼ-ը եւ հայտեց այս ամռանը կայանալիք Ամերիկայի գավաթի հետաձգման մասին։ Copa America-ն նույնպես կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը ընկած ժամանակահատվածում։ Կարծես լուծում գտան այն բոլոր հարցերը, որոնք ծագել էին կորոնավիրուսի տարածման պատճառով։ Թերեւս կարեւորագույն խնդիրներից մնում է միայն մեկը՝ ամառային տրանսֆերային պատուհանի հարցը։ Բանն այն է, որ շատ ֆուտբոլիստների պայմանագրեր կավարտվեն այն ժամանակ, երբ առաջնությունները դեռ լինեն ընթացքի մեջ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ՖԻՖԱ-ն այս հարցը կքննարկի առաջիկա շաբաթներին եւ կկայացնի ողջամիտ որոշում։ Երեկ կայացած կոնֆերանսի ավարտից հետո կարեւոր հայտարարությամբ է հանդես եկել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: «Մենք կանգնած ենք այնպիսի սպորտաձեւի ղեկին, որով ապրում եւ շնչում են հսկայական թվով մարդիկ, ովքեր ճնշված են այս արագ զարգացող հակառակորդի կողմից։ Հենց նման պահերին է, որ ֆուտբոլային հասարակությունը պետք է ցուցաբերի պատասխանատվություն, միասնություն եւ համերաշխություն։ Երկրպագուների, աշխատակիցների եւ ֆուտբոլիստների առողջությունը մեզ համար պետք է լինի առաջին տեղում, եւ այդ պատճառով ՈՒԵՖԱ-ն առաջարկել է մի շարք տարբերակներ մրցաշրջանը անվտանգ ավարտին հասցնելու համար։ Ես հպարտ եմ իմ բոլոր կոլեգաների արձագանքներից։ Այստեղ տիրում էր համերաշխության ոգին, եւ բոլորը պատրաստ էին զոհաբերել ինչ-որ բան լավագույն արդյունքի հասնելու համար։ ՈՒԵՖԱ-ն մեծագույն զոհաբերություն կատարեց՝ հետաձգելով Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը։ Այս որոշումը մեզ վրա շատ թանկ կնստի, բայց մենք ամեն ինչ կանենք, որ սիրողական ու կանանց ֆուտբոլի զարգացումը 55 երկներում չտուժի։ Նպատակը վեր է ցանկացած շահույթից, եւ մենք կայացրել ենք որոշում՝ հանուն եվրոպական ֆուտբոլի։ Համաեվրոպական ֆուտբոլային փառատոնը դատարկ մարզադաշտերում անցկացնելը, երբ մայրցամաքը մեկուսացման մեջ է, կշռադատված քայլ լինել չէր կարող։ Մենք չէինք կարող թույլ տալ այդպես նշել մրցաշարի 60-ամյակը»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Հավելենք, որ Չեֆերինը նաեւ շնորհակալություն է հայտնել ԿՈՆՄԵԲՈԼԻՆ եւ կազմակերպության նախագահ Ալեխանդրո Դոմինգեսին՝ Ամերիկայի գավաթի խաղարկությունը հետաձգելու ողջամիտ որոշումը կայացնելու համար։
ՈՒԵՖԱ-ի նախագահը իր շնորհակալական ուղերձն է հղել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին.«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին, ով հասկացրեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի նոր օրացույցը աշխատի։ Այս ճգնաժամի դեմ ֆուտբոլը ցույց տվեց իր լավագույն կողմերը՝ թափանցիկություն, համերաշխություն եւ հանդուրժողականություն»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հուսանք, որ ֆուտբոլային կարեւորագույն իրադարձությունները կկայանան ՈՒԵՖԱ-ի սահմանած նոր օրացույցով, եւ COVID-19կորոնավիրուսըտհաճ անակնկալներ չի մատուցի։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մի խումբ քաղաքացիների դիմում-բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները միջոցառումներ են անցկացրել Արմավիրի մարզի Շահումյան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանի կաթնամթերքի արտադրությունում: Պարզվել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ. տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի եւ կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չեն եղել հանդերձարաններ, չեն անցկացվել միջատների եւ կրծողների դեմ պայքարի միջոցառումներ, աշխատակիցները չեն անցել նախնական բուժզննություն եւ չեն ունեցել սանգրքույկներ։ Բացի այդ, թողարկվող արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, հայերեն մակնշում: Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։

 

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաեւ մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանությունը հորդորել է տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց, ինչպես նաեւ ՃՈ վարչական մասի, նաեւ այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հնարավոր բոլոր գործողություններն իրականացնել roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով, իսկ վարչական ակտերի բողոքարկման, տեղեկատվություն ստանալու, տուգանքի վճարումը տարաժամկետելու կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դիմումները ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի կամ https://e-request.am/hy/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

 

 

 

 

ԵՂԱՆԱԿԸ ԿՆՎԱԶԻ
Հանրապետության տարածքում մարտի 18-19-ը՝ շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա: Երեւանում մարտի 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։




Լրահոս