Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Այս կյանքում կան նման արժեքներ՝ «Սաղ սուտ ա, կե՛ր, խմի՛, քե՛ֆ արա… ». կարծես ամեն ինչ ասված է։
ՀԱՐԿԵՐ
ՀԱՐՑ.Եթե ֆիզիկական անձն իրեն պատկանող հասարակական նշանակության տարածքը տրամադրել է վարձակալության, ապա նա պարտավո՞ր է ավելացված արժեքի հարկ վճարել, թե ոչ։
Միլենա Հակոբյան (43 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները ավելացված արժեքի հարկով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում):
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը հնարավորինս պարզ ու հստակ ներկայացված է, անհրաժեշտ է տեղեկանալ ու գործել՝ սահմանված կարգի համաձայն։
ԹՈՇԱԿՆԵՐ
ՀԱՐՑ. Ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը։
Հերմինե Ասատրյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակվում է`
1. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
2. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
3. կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում,
4. զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:
Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ կարող է փոխել կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: