Տավուշում համայնքապետարանները հեռավար են աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի շենքի մուտքին՝ առաջին հարկի դռան ապակուն, փակցված է հայտարարություն այն մասին, որ մարզպետարանը, ելնելով իրավիճակից, քաղաքացիներին խնդրում է հնարավորության սահմաններում դիմումները Տավուշի մարզպետարան ուղարկել առցանց կամ էլեկտրոնային եղանակով,դիմումները առձեռն բերելու դեպքում դրանք պետք է գցել մարզպետարանի շենքի մուտքի մոտ տեղադրված արկղի մեջ։ Մարզպետարանի շենքի մուտքի մոտ տեղադրված է քվեարկության արկղ,որը հավանաբար բերված է մարզպետարանի շենքի հարեւանությամբ տեղակայված Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովից։

Իջեւանի համայնքապետարանը բնակիչներին ուղղված կոչով հանդես է եկել, ուր հորդորել է օգտվել կենցաղային ամենօրյա, սակայն վարակի հավանականությունը նվազեցնող կանխարգելիչ միջոցներից՝ բժշկական դիմակ կրել մարդկանց խմբերի մեջ գտնվելիս (տրանսպորտ, խանութ, շուկա, հասարակական այլ վայրեր), տանը դիմակ կրելու կարիք չկա, եթե սուր շնչառական վարակով հիվանդի չեն խնամում: Համայնքապետարանը բնակիչներին հորդորել է պետական հաստատություններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իրենց դիմումներն ու առաջարկությունները Իջեւանի համայնքապետարան ուղարկել համայնքապետարանի ինտերնետային կայքի եւ էլեկտրոնային փոստի միջոցով։ Իջեւանի համայնքապետարանը տնտեսվարողներին հորդորել է ապահովել տարածքների ախտահանումը աշխատակիցների եւ բնակիչների ապահովության համար: Իջեւանի համայնքապետարանը մարտի 16-ին կատարել է Իջեւանի քաղաքային եւ դեպի Երեւան, Դիլիջան, Վանաձոր ուղեւորվող տրանսպորտի ախտահանման աշխատանքներ:

Դիլիջանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ համայնքապետարանի աշխատակազմը 2020թ. մարտի 17-ից իր աշխատանքներն իրականացնում է հեռավար եղանակով՝ Դիլիջանի համայնքապետարանում ներդրված եւ գործող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով՝ բնակիչներին իրազեկելով համայնքապետարանի աշխատանքը հեռավար եղանակով կազմակերպելու եւ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու մեծ հնարավորությունների մասին։ Դիլիջանի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ համայնքապետարանը հեռավար է աշխատում, իսկ Դիլիջանի հանրակրթական դպրոցներում կրկնուսույց ուսուցիչները մասնավոր պարապմունքներ են անցկացնում։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս