Ո՞Վ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵԿՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նոր բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեզ հայտնի է, թե ով է ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, որ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար մաքսային տեսուչին ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։ Վերջինս, ոչ ավել, ոչ պակաս, ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանն է, որը հանրությանը առավել հայտնի դարձավ 1 տոննա հերոինի պատմությունով։
Այսպիսով, մարտի 17-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ որոշում է կայացվել՝ հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ պետության համար ծանր հետեւանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու համար։ Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող անձին օգուտ տալու համար մաքսային տեսուչին 2015թ. ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։ Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից եւ Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես շինարարական գիպս՝ նվազեցնելով մաքսային արժեքը, եւ ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ մաքսազերծել եւ իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործը ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շարունակությունն է: Հիշեցնենք, որ Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու համար, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ ժամանակ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր, որն այսօր կալանքի տակ է ԱԱԾ նկուղում:

Ո՞վ է առանցքային պետը
Նկատենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է կոնկրետ ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, որ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ սալիկները էժան մաքսատուրքի համար որպես գիպս են ձեւակերպել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այդ խորհրդավոր պաշտոնյան ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանն է:
Իսկ ինչո՞վ է հայտնի դարձել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյան հանրությանը:

Հերոինի առեղծվածը
2014թ. հունվարի 17-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք էր գործել Հայաստան Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով:
Արդյունքում, ինչ-ինչ հանգամանքներում Մեղրիի մաքսատան բաժանմունքի աշխատակիցները զննության էին ենթարկել մեքենան եւ բեռնատարին ամրակցված կցորդի հատակի թաքստոցից հայտնաբերել հերոին տեսակի թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ:
Փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Սույն գործով կալանքի տակ էր բեռնատարի վարորդը եւ ենթադրյալ կազմակերպիչ, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն:
Այս պատմությունը աննախադեպ էր այնքանով, որ նման քանակի հերոին ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության գործունեության ողջ պատմության ընթացքում, այլեւ տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների առումով երբեւէ չի եղել: Իսկ, ահա, այս բացահայտումը արել է, ոչ ավել, ոչ պակաս, ներկայումս ԱԱԾ-ի տեսադաշտում հայտնված ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանը:
Նշենք, որ ներկայումս հետախուզման մեջ գտնվող ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանը 2014 թվականին հարցազրույց էր տվել հայտնաբերված 1 տոննա հերոինի մասով: Մասնավորապես, վերջինս ասել էր. «Նախ ասեմ, որ 2014թ. հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոցը իսկապես աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլեւ տարածաշրջանում:
Պետք է փաստել, որ այդ նույն՝ DAF մակնիշի բեռնատարի նկատմամբ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 27-ից էինք հսկողություն սահմանել, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ էին տեղափոխել:
Հենց այդ ժամանակ էլ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո, նախաբացթողումային հսկողության վարչության ընթացակարգի համաձայն, մեքենայի ռենտգեն պատկերն ուղարկվել է վարչություն` վերլուծություն եւ ռիսկային գնահատում կատարելու համար: Համապատասխան վերլուծությունից հետո վարչության կողմից բեռնատարի պատկերը գնահատվել էր ռիսկային եւ վերցվել հսկողության:
Նշեմ, որ մեզ կասկածանքի հիմք տվեց նաեւ այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ էր բեռնված, եւ մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, մենք ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկել ենք Մեղրիի մաքսակետ` մեքենայի սահմանահատման ժամանակ ռենտգեն պատկերների համեմատություն կատարելու նպատակով»: Սակայն նկատենք, որ հանրությանը այդպես էլ առեղծված մնաց, թե ինչ ճակատագրի արժանացավ հայտնաբերված աննախադեպ քանակությամբ հերոինը. այն ոչնչացրեցի՞ն, թե՞ «մեջ-մեջ արեցին»: Եվ հիմա ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հերթով ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց մեղադրյալ է ներգրավում եւ հետախուզում հայտարարում: Ինչպես հայտնի է, պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով մեղադրյալ էր ֆինանսների փոխնախարար Արսեն Աֆրիկյանը, եւ հիմա էլ մեղադրյալ է նաեւ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանը, որին եւս նախաքննական մարմինը փնտրում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը կմնա ազատության մեջ: Նրա պաշտպան Ռոման Ահարոնյանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, մերժել է դատախազության բողոքը՝ Ֆարխոյանի ազատ արձակման որոշման դեմ: Հիշեցնենք, որ դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նշենք, որ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու համար:

 

 

ՀՔԾ-Ն ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչեւ իրավիճակի կարգավորումը:

 

 

 

ԴԱՀԿ ՊԵՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Նա եղել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, որը հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի եւ մյուս հրաժարականներից հետո: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երեք տարի ժամկետով։ Հավելենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԴԱՀԿ պետի պաշտոնում ցանկանում էր իր մտերիմներից մեկին նշանակել։ Նշենք, որ Սերգեյ Մեղրյանը նախարարի ընկերն է: Սակայն դատելով իրավիճակից՝ Մեղրյանի նշանակման համար Արդարադատության նախարարությունը բավականին երկար ու խորն է մտածել: Իսկ ի՞նչ են արել: 2019թ. Ադարադատության նախարարությունը Ազգային ժողով էր ներկայացրել նախագիծ, որով առաջարկում էր փոփոխություներ մտցնել ԴԱՀԿ ծառայության ոլորտում: Եվ այդ փոփոխությունների նախագծի մեջ էլ թաքնված էր շան գլուխը: Այսպիսով, նախկինում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածը սահմանում էր, որ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:
Սակայն, 2019 թվականին նախարարությունը Հարկադիր կատարման ծառայության ոլորտում առաջարկեց մի շարք փոփոխություններ անել, եւ այդ փոփոություններից մեկն էլ վերաբերում էր «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածին, թե ով կամ ինչպես կարող է նշանակվել գլխավոր հարկադիր կատարող: Ըստ փոփոխությունների՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման գլխավոր խմբի պաշտոն, կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ ութ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Ասել է թե՝ Արդարադատության նախարարությունը դեռեւս 2019 թվականի գլխավոր հարկադիր կատարող նշանակելու հարցում փոփոխություն էր արել, եւ այդ փոփոխության արդյունքում արդարադատության գնդապետի հանգամանքը օրենքից դուրս էր շպրտել՝ ըստ էության այդ ձեւով պարարտ հող ստեղծելով իր ընկերոջ՝ Սերգեյ Մեղրյանի համար, քանի որ Մեղրյանը չունի գնդապետի կոչում: Այս փոփոխությունը ուժի մեջ է մտել 2020 թվականի փետրվարի 7-ից:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս