ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ եւ ԵՄ երկրների հետ ընդհանուր առմամբ աճել է: Բայց, մյուս կողմից, այս տարվա հունվարին Հայաստանն ավելացրել է իր արտաքին առեւտրաշրջանառությունը միայն Թուրքիայի եւ Իրանի հետ, իսկ Վրաստանի հետ առեւտրատնտեսական կապերը զիջել են իրենց դիրքերը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ եթե անցյալ տարվա հունվարին Հայաստանի առեւտրաշրջանառությունը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 125.9 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 147.9 մլն դոլարի: Ի դեպ, տեղեկացնենք, որ դեպի ԵՄ երկրներ եւս առեւտրաշրջանառությունն աճել է` կազմելով 99.8 մլն դոլար՝ անցած տարվա 84.6 մլն դոլարի դիմաց:

ԵԱՏՄ անդամ երկրներից հատկապես Ռուսաստանի հետ է առեւտրաշրջանառության ծավալները աճել` կազմելով 144 մլն 274 հազար դոլար: Այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առեւտուրը ԵԱՏՄ անդամ երկրներից գրեթե բոլորի հետ աճել է, բացի Ղազախստանից եւ Ղրղզստանից: Օրինակ՝ Ղազախստանի հետ առեւտրաշրջանառությունը եթե նախորդ տարվա հունվարին կազմել է 427 հազար դոլար, ապա այս տարվա հունվարին այն 276 հազար դոլար է եղել։ Ուշագրավ է, որ դեպի ԵՄ երկրներ առեւտրաշրջանառության ծավալների տեսակարար կշիռը այս տարվա հունվարին աճել է` կազմելով 17.9 տոկոս: Ըստ պաշտոնական փաստաթղթի` Հայաստանի արտաքին առեւտուրը ավելացել է Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ռումինիայի, Նիդերլանդների եւ այլ երկրների հետ: Միայն Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը այս տարվա հունվարին կազմել է 14.3 մլն դոլար՝ նախորդ տարվա 18.3 մլն դոլարի դիմաց: Ըստ որոշ մասնագետների` ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների աճը պայմանավորված է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը կնքվեց 2017-ի նոյեմբերի 24-ին, չնայած այն ավելի քաղաքական փաստաթուղթ է, քան տնտեսական:
Մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին առեւտուրը զգալի՝ 3.1 մլն դոլարով նվազել է Կանադայի հետ: Վրաստանի հետ արտաքին առեւտուրը Հայաստանի հետ ավելի քան 4.1 մլն դոլարով նվազել է. այս հունվարին առերտրաշրջանառությունը Վրաստանի հետ կազմել է ավելի քան 6.1 մլն դոլար՝ անցած տարվա ավելի քան 10.3 մլն դոլարի դիմաց: Նշենք, որ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ շատ քիչ տեղ է զբաղեցնում հարեւան երկրների հետ առեւտուրը՝ ընդհանուր առեւտրաշրջանառության հազիվ 12-13 տոկոսը: Հարեւաններից երկուսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չունենք հարաբերություններ: Եթե Թուրքիայից դեռ հնարավոր է ներկրել, այդ երկիր ապրանք արտահանել, ապա Ադրբեջանի մասին ավելորդ է խոսել. ԼՂ հակամարտության պատճառով այդ երկրի հետ բացարձակ որեւէ շփում չկա: Վրաստանն ու ՀՀ-ն տարբեր տնտեսական միավորումների մեջ են. ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, իսկ Վրաստանը շարունակում է քաղաքական խնդիրներ ունենալ ԵԱՏՄ-ի, մասնավորապես` ՌԴ-ի հետ` բռնելով եվրաինտեգրացիայի ուղին:
Թուրքիայի հետ ունենք առեւտրաշրջանառություն, թեեւ քաղաքական հարաբերությունները բացակայում են, իսկ սահմանը շարունակում է փակ մնալ։ Ավելին՝ այս տարվա առաջին ամսին Հայաստանն ավելացրել է իր արտաքին առեւտրաշրջանառությունը Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, իսկ Վրաստանի հետ առեւտրատնտեսական կապերը զիջել են իրենց դիրքերը: Ենթադրվում է, որ այս հարցում որոշակի դեր ունեն ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ լինելն ու Վրաստանի եվրաինտեգրացիոն գործընթացները, երբ մաքսային տարբեր չափանիշներով են գործում: Նախորդ տարվա ընթացքում հարեւան Իրանի հետ արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է ընդհանուրի 7.6 տոկոսը, Թուրքիայի հետ՝ 6.7 տոկոսը:
Օրինակ՝ Իրանի հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանեմատ, կտրուկ աճել է՝ կազմելով 25.7 մլն դոլար՝ 2019-ի 16.3 մլն դրամի դիմաց։ Մյուս կողմից՝ նկատենք, որ Չինաստանի հետ առեւտրաշրջանառությունը նվազել է, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, հակառակը, զգալի՝ 7.2 մլն դոլարով ավելացել է։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ`ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը հայտնվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։ Ընդդեմ քաղաքապետի հանձնաժողով է դիմել անհատ ձեռնարկատեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Զովունու բնակիչ, անհատ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որի հիման վրա էլ հարուցվել է վարչական վարույթ։ Իսկ, ահա, մարտի 3-ի դռնբաց նիստում քննարկվել է Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին հարցը: Մեզ հայտնի դարձավ, որ իր հերթին հանձնաժողովը, հունվարի 24-ին գրությամբ դիմել է Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանին՝ խնդրելով 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուների ՝ վարձակալության կամ անհատույց իրավունքով տրամադրված թույլտվությունների վերաբերյալ տեղեկություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետը գրությունը ստացել է հունվարի 23-ին Mulberry Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, եւ պետք է պահանջված տեղեկությունը ներկայացնել մինչեւ փետրվարի 1-ը ներառյալ, սակայն փետրվարի 1-ին Եղվարդի քաղաքապետը հանձնաժողով է ներկայացրել թերի տեղեկություն։ Այս դեպքում Եղվարդի ղեկավարը պահանջված տեղեկատվությունը ներկայացրել է ոչ ամբողջական, ինչը կարող է համարվել օրենքի խախտում, ուստի հանձնաժողովը Եղվարդի քաղաքապետի կողմից օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել է վարչական վարույթ: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը ներկայացրեց պատմությունը. «Ինքը դիմեց մեզ, բայց դրանից երկու ամիս առաջ մեկ այլ ընկերություն էր դիմել եւ խնդրել հենասյուները վարձակալության տալ։ Հաշվի առնելով սա՝ մենք Տիգրան Հովհաննիսյանին խնդրեցինք ուշ դիմել, քանի որ պետք է հենսայուների վիճակը եւ ծանրաբեռնվածությունը ուսումնասիրենք: Խնդիր չկա, մեզ համար ավելի լավ. որքան շատ լինեն ընկերությունները, այնքան մրցակցություն կլինի։ Բայց այդ ընթացքում պարզում ենք, որ նա համայնքում ինքնագործունեությամբ է զբաղվել, եւ մենք պահանջեցինք դադարեցնել, խոստացանք, որ կհատկացնենք։ Բայց հետո ավագանին որոշում կայացրեց, եւ իրեն տրվեց այդ թույլտվությունը: Մենք իրեն համայնքում թույլատրել ենք այդ հենասյուների վրա կաբելային ցանց անցկացնելու համար»։
«Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց Տիգրան Հովհաննիսյանի հետ կապ հաստատել։

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԵՌԱՎԱՐ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Տավուշի մարզպետարանի շենքի մուտքին՝ առաջին հարկի դռան ապակուն, փակցված է հայտարարություն այն մասին, որ մարզպետարանը, ելնելով իրավիճակից, քաղաքացիներին խնդրում է հնարավորության սահմաններում դիմումները Տավուշի մարզպետարան ուղարկել առցանց կամ էլեկտրոնային եղանակով, դիմումները առձեռն բերելու դեպքում դրանք պետք է գցել մարզպետարանի շենքի մուտքի մոտ տեղադրված արկղի մեջ։ Մարզպետարանի շենքի մուտքի մոտ տեղադրված է քվեարկության արկղ, որը հավանաբար բերված է մարզպետարանի շենքի հարեւանությամբ տեղակայված Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովից։
Իջեւանի համայնքապետարանը բնակիչներին ուղղված կոչով հանդես է եկել, ուր հորդորել է օգտվել կենցաղային ամենօրյա, սակայն վարակի հավանականությունը նվազեցնող կանխարգելիչ միջոցներից՝ բժշկական դիմակ կրել մարդկանց խմբերի մեջ գտնվելիս (տրանսպորտ, խանութ, շուկա, հասարակական այլ վայրեր), տանը դիմակ կրելու կարիք չկա, եթե սուր շնչառական վարակով հիվանդի չեն խնամում: Համայնքապետարանը բնակիչներին հորդորել է պետական հաստատություններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իրենց դիմումներն ու առաջարկությունները Իջեւանի համայնքապետարան ուղարկել համայնքապետարանի ինտերնետային կայքի եւ էլեկտրոնային փոստի միջոցով։ Իջեւանի համայնքապետարանը տնտեսվարողներին հորդորել է ապահովել տարածքների ախտահանումը աշխատակիցների եւ բնակիչների ապահովության համար: Իջեւանի համայնքապետարանը մարտի 16-ին կատարել է Իջեւանի քաղաքային եւ դեպի Երեւան, Դիլիջան, Վանաձոր ուղեւորվող տրանսպորտի ախտահանման աշխատանքներ:
Դիլիջանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ համայնքապետարանի աշխատակազմը 2020թ. մարտի 17-ից իր աշխատանքներն իրականացնում է հեռավար եղանակով՝ Դիլիջանի համայնքապետարանում ներդրված եւ գործող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով՝ բնակիչներին իրազեկելով համայնքապետարանի աշխատանքը հեռավար եղանակով կազմակերպելու եւ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու մեծ հնարավորությունների մասին։ Դիլիջանի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ համայնքապետարանը հեռավար է աշխատում, իսկ Դիլիջանի հանրակրթական դպրոցներում կրկնուսույց ուսուցիչները մասնավոր պարապմունքներ են անցկացնում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս