ԵՎՐՈ-2020-Ի ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԲԱՑԵՑ «ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որը պետք է կայանար այս ամռանը, հետաձգվեց մեկ տարով։ COVID-19 կորոնավիրուսի տարածումը իսկական խառնաշփոթ առաջացրեց սպորտային աշխարհում եւ պատճառ դարձավ տարվա կարեւորագույն մարզական միջոցառումներից մեկի հետաձգմանը։

«Ժողովուրդ» օրաթերթը առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, որոնց համար «ԵՎՐՈ-2020»-ի տեղափոխումը ֆուտբոլային առումով կարող է անդրադառնալ շատ լավ։

Էդեն Ազար (Բելգիայի հավաքական)
Մեր շարքը սկսենք Բելգիայի հավաքականի առաջատար Էդեն Ազարից։ Բելգիացին նապորդ ամռանն է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Իսպանիայի մայրաքաղաքում Ազարի գործերը, մեղմ ասած, այդքան էլ լավ չեն դասավորվում։ Բելգիացին սկզբում այդպես էլ չկարողացավ հարմարվել զիդանյան «Ռեալին», իսկ երբ կար տպավորություն, որ Ազարը պետք է խաղա այն ֆուտբոլը, որը իրենից սպասում էին, բելգիացուն այցի եկան վնասվածքները։ Վերջին վնասվածքը Էդեն Ազարի դուռը թակեց մարտ ամսի սկզբին։ Ըստ ամենայնի, Ազարը կկարողանար ապաքինվել մինչեւ «ԵՎՐՈ-2020»-ի մկենարկը, սակայն պարզից էլ պարզ էր, որ ֆուտբոլիստը չի կարող հավաքել մարզավիճակ ու 100% պատրաստվածությամբ մոտենալ տարվա գլխավոր ֆուտբոլային ստուգատեսին։

Հարի Քեյն (Անգլիայի հավաքական)
Անգլիայի հավաքականի առաջատարներից Հարի Քեյնը ստացած վնասվածքի պատճառով 99% հավանականությամբ չէր հասցնի ապաքինվել եւ բաց կթողներ այս ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունը։ Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» (0։1) դեմ հանդիպմանը։ Հետագայում պարզվեց, որ ֆուտբոլիստը ստացել է ազդրի ստորին հատվածի պատռվածք, որի բուժման համար հարկավոր է նվազագույնը 6 ամիս։ Այսպիսով, Եվրոպայի առաջնությունը կկայանա 2021-ին, որի շնորհիվ առաջնությանը կազմ ու պատրաստ կլինի «3 առյուծների» հարձակման առաջատարը։

Մարկուս Ռեշֆորդ (Անգլիայի հավաքական)
Մարկուս Ռեշֆորդն Անգլիայի հավաքականի հույսերից մեկն է, ով նույնպես այս պահին վնասվածք ունի։ Ի տարբերություն Հարի Քեյնի՝ Ռեշֆորդը, ամենայն հավանականությամբ, կհասցներ ապաքինվել մինչեւ «ԵՎՐՈ»-ի մեկնարկը, բայց թե ինչ մարզավիճակում կլիներ, ոչ ոք ասել չի կարող։ Ռեշֆորդը այս տարի փայլուն մրցաշրջան էր անցկացնում եւ դարձել էր «Մանչեստեր Յունայթեդի» առաջատարը, սակայն ստացած վնասվածքը նրան երկար ժամանակ դուրս թողեց եւ դեռեւս կթողնի ֆուտբոլային խաղադաշտից։

Նիկոլո Զանիոլո (Իտալիայի հավաքական)
Իտալական «Ռոմայի» երիտասարդ աստղային ֆուտբոլիստ Նիկոլո Զանիոլոն հունվարի սկզբին Ա սերիայի առաջնության 19-րդ տուրում՝ «Յուվենտուսի» (1:2) դեմ խաղում, կտրեց ծնկի խաչաձեւ կապանները։ Սարսափելի վնասվածքի պատճառով իտալացին բաց կթողներ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը։ 20-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղն ուղղակի ապշեցնող է «Ռոմայում», եւ նա միանշանակ «ԵՎՐՈ»-ի ժամանակ «Սկաուդրա Աձուրայի» կարեւոր ֆիգուրներից մեկն էր լինելու։ Եվրոպայի առաջնության տեղափոխումը 2020-ից 2021 թվական կարող է լավ անդրադառնալ ե՛ւ Մանչինիի թիմի, ե՛ւ Նիկոլո Զանիոլոյի վրա։

Անտոնի Մարսիալ (Ֆրանսիայի հավաքական)
Անտոնի Մարսիալը ֆուտբոլիստ է, որը նոր թափ է հաղորդել իր խաղին Ժոզե Մոուրինյոյի «ճանկերից» ազատվելուց հետո։ Նորվեգացի մասնագետ Ուլե Գունար Սուլշերի՝ «Մանչեստեր Յունայթեդ» ժամանելուց եւ թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հեռանալուց հետո Մարսիալը դարձել է մանկունյական ակումբի հարձակման գլխավոր զենքերից մեկը։ Ֆուտբոլիստը 2018 թվականին անտեսվեց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի կողմից։ Այժմ Ռեշֆորդի բացակայության պայմաններում Մարսիալը թիմի գլխավոր ռմբարկուն է դարձել եւ խաղը խաղի վրա ավելի է բարելավում իր ցուցանիշները։

Ուսման Դեմբելե (Ֆրանսիայի հավաքական)
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր կարողանա մասնակցել ամռանը կայանալիք ֆուտբոլային գլխավոր իրադարձությանը։ Ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել «կապտանռնագույնների» մարզմանը, որի պատճառով ենթարկվել էր վիրահատության։ Արդարության համար պետք է նշենք, որ Դեմբելի մասնակցությունը «ԵՎՐՈ-2020»-ին հարցականի տակ կարող էր լինել նաեւ այն պարագայում, եթե ֆուտբոլիստը չստանար վնասվածք։ Եվրոպայի առաջնության հետաձգման շնորհիվ ֆուտբոլիստը ստացավ հնարավորություն ե՛ւ վնասվածքից բուժվելու, ե՛ւ Ֆրանսիայի հավաքականում ու «Բարսելոնայում» տեղ վաստակելու պայքար մղելու համար։

Մարկ-Անդրե տեր Շտեգեն  (Գերմանիայի հավաքական)
Վերջին ֆուտբոլիստը, ում պետք է անդրադառնանք, «Բարսելոնայի» հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն է, ով, մեղմ ասած, չի մտնում Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուհախիմ Լյովի ծրագրերի մեջ։ Գերմանացի մասնագետը ազգային ընտրանու հիմնական դարպասապահի դիրքում տեսնում է միայն «Բավարիայի» ավագ Մանուել Նոյերին։ Եթե Եվրոպայի առաջնությունը կայանար այս ամռանը, վստահ կարելի էր պնդել, որ «գերմանական մսաղացի» դարպասում տեսնելու էինք Մանուել Նոյերին։ Տեր Շտերգենը գուցե ստանար խաղալու հնարավորություն, բայց շատ քիչ։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ Է
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների համար: «Մենք առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակներով, հնարավորինս շուտ վերադառնան Ռուսաստան օդային ճանապարհով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

5-6-ՈՎ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Այսօր ցերեկվանից սկսած՝ հանրապետության տարածքում գործող ցիկլոնն սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկտեղ կկրճատվեն ե՛ւ տեղումների տեւողությունը, ե՛ւ տարածքային ընդգրկվածությունը. դրանք կլինեն կարճատեւ եւ առանձին շրջաններում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ օրվա ընթացքում կլինեն նաեւ արեւային ժամեր։ «Արկտիկական ցուրտ օդային հոսանքները, վաղը ցերեկվանից սկսած, նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանն այսօրվանից մինչեւ մարտի 23-ը, այսօրվա հետ համեմատ, աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»-փոխանցել է նա։




Լրահոս