«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք արտահայտեց, թե ՌԴ-ում իրականացվող գործընթացները կրում են բացառապես իրավական բնույթ՝ անկախ նրանից, որ մեր ներպետական մակարդակում դա փորձում են ներկայացնել որպես քաղաքական մոտեցում: Նշենք, որ Հարությունյանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես, 2020 մարտի 15-ին Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր, իսկ, ահա, ավելի ուշ՝ մարտի 16-ին, վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ նրան ՌԴ իրավապահները ազատ են արձակել: Այս իրավիճակից հետո ՀՔԾ-ն ոտքի կանգնեց եւ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան, սակայն մարտի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ միջնորդությունը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով այս իրավիճակին, նշեց. «Այն երկար ու ծավալուն հաղորդագրությունները, որ անում է մեր իրավապահ համակարգը, զուրկ է որեւէ ապացույցներից եւ հիմնավորվածությունից, դա ներքին լսարանի եւ Հայաստանի հանրությանը քննության իմիտացիայի համար է, իսկ միջազգային ատյանները եւ այլ երկրները ոչ թե հայտարարություններին են ուշադրություն դարձնում, այլ այդ հայտարարությունների հիմքում դրված իրավական փաստարկներին եւ ապացույցներին, ինչը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ամբողջությամբ բացակայում է»: Ի դեպ, սա Վահագն Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն էր, որ ներկայացվում էր դատարան»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։