ԲԴԽ-ն անգործության է մատնվել. այդքան բա՞րդ է որոշելը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ կորոնավիրուսը վատ է անդրադարձել նաեւ ԲԴԽ-ի գործունեության վրա, կարելի է ասել՝ այստեղ անգործություն է տիրում։ 2 շաբաթից ավելի է՝ քննում ու չեն կողմնորոշվում՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցե՞լ, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին անդրադարձել էինք իշխանությունների սիրելի Հայկ Հովհաննիսյանի «Հատուկ կարծիքին», որը, ըստ մասնագետների, նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է՝ ընդհուպ ԲԴԽ անդամությունից զրկելը։

Այն պարունակում է քաղաքական կոչեր, հորդոր՝ ՍԴ որոշումը չկատարելու մասին, որով արձանագրվել էր դատավոր Արայիկ Մելքումյանի իրավունքների խախտումը։

Մարտի 3-ին ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետին հարցրել էինք՝ վարույթ հարուցվելո՞ւ է ԲԴԽ անդամի նկատմամբ, մեզ փոխանցել էին, թե «այս պահին» քննվում է վարույթ հարուցել-չհարուցելու հարցը։ Երեկ հետաքրքրվեցինք այդ քննության ճակատագրով, մեզ փոխանցեցին, որ դեռ որոշում չկա։

Ինչո՞ւ է այսքան ձգձգվում, այդքան բա՞րդ է որոշելը։ Վարչության պետը պատասխանեց, թե այլ առաջնահերթություններ կան, երկրում արտակարգ դրություն է հաստատված եւ այլն։ Իսկ թե կոնկրետ ինչ առաջնահերթ հարցերով է զբաղված ԲԴԽ-ն, չմանրամասնեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս