«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի խորհրդարանում մարտի 23-ին տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է հաստատվի մարտի 24-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը: Ըստ մեր տեղեկությունների՝ օրակարգը դեռեւս վերջնական հաստատված չէ, քանի որ այս օրերին դեռեւս խորհրդարանում ընթանում են ԱԺ հանձնաժողովի նիստերը, որի ժամանակ քննարկվում են օրենքի նախագծերը օրակարգ ներառելու հարցերը:
Ըստ մեր տեղեկությունների՝ խորհրդարանի ղեկավարությունն այս օրերին անում է ամեն ինչ՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում խորհրդարանում պատշաճ ԱԺ նստաշրջան անցկացնելու համար, քանի որ, ինչպես հայտնի է, նույն տարածքում արգելված է 20-ից ավել մարդկանց ներկայությունը, իսկ խորհրդարանն ունի 132 պատգամավոր: Սակայն Սահմանադրության պահանջ կա, որ անգամ արտակարգ դրության պայմաններում պետք է խորհրդարանն աշխատի, ուստի խորհրդարանի ղեկավարությունը աժիոտաժի մեջ է՝ կարանտինի պահպանման եւ պատշաճ պայմանների ստեղծման հետ կապված:
Մենք տեղեկացանք նաեւ, որ այս ընթացքում եղել են օրենսդիրներ, ովքեր առողջական խնդիրներ են ունեցել, ինչի համար նրանց հորդորել են մնալ տանը, առողջանալ, որպեսզի կարողանան երեքշաբթի ներկայանալ ԱԺ ու քվորում ապահովել աշխատանքների սկսման համար:
Ինչեւէ, ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ մեկնարկող նստաշրջանի օրակարգում հիմնականում ընդգրկված են երկրորդ ընթերցման օրենքի նախագծեր, քանի որ, կարելի է ասել, վերջին օրերին իրավիճակը ՀՀ-ում թույլ չի տվել օրենսդիրներին աշխատել օրենսդրական նախաձեռնությունների վրա:
Մենք տեղեկացանք, որ երեք նախագիծ ունի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որից մեկը վերաբերում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն, մյուսը՝ Հարկային օրենսգրքին, իսկ մյուսն էլ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Իսկ թե առաջիկա օրերին ինչ նախագծեր կառաջարկեն իշխանության ներկայացուցիչները, ու ինչ կորոշի ԱԺ խորհուրդը, այս պահին դժվար է ասել:
Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ