Վերջին տարիներին իմ կողքին չի եղել տղամարդ, որը կրեատիվ նվերներ կմատուցեր. Էվա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց միամսյակի շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը զուտ կանացի թեմաների շուրջ զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ: Նա խոսել է հայ հասարակության շրջանում կնոջ դերի, իր անձնական ցանկությունների, տղամարդու նախընտրելի հատկությունների եւ այլ թեմաների շուրջ: Էվան այն համոզմանն է, որ կանանց միամսյակից տղամարդիկ չպետք է դժգոհեն, հակառակը՝ նրանք պետք է ուրախ լինեն, որ սիրելիներին մեծարելու եւս մի առիթ ունեն: Դերասանուհին խոստովանել է, որ վերջին տարիներին իրեն չի հանդիպել այնպիսի տղամարդ, որը կրեատիվ նվեր կմատուցեր: Մեր զրուցակցի համար առանձնակի կարեւոր է նաեւ նվերի մատուցման պրոցեսը: Էվան շեշտել է՝ իր համար ավելի նախընտրելի է այն տղամարդը, որը ցանկապատից կնետվի պարտեզ ու ինձ համար ծաղիկ կքաղի, քան նա, ով պատրաստի ծաղկեփունջ կնվիրի, թեկուզ շատ թանկարժեք ու անհավանական մեծ:

-Էվա՛, նախ՝ ավանդական հարցը՝ ի՞նչ են ցանկանում կանայք: Կա՞ այդպիսի ձեւակերպում:

-Դա հարաբերական հարց է. ամեն կին իր ցանկությունն ունի: Կոնկրետ ինձ երջանիկ լինելու համար անհրաժեշտ են մասնագիտական նվաճումներ. առանց դրանց ես շնչահեղձ կլինեմ: Բացի այդ, երջանիկ լինելու համար կողքիս պետք է ունենամ սիրելի տղամարդ, որը կոգեւորի ինձ, եւ որին կոգեւորեմ ես, ընտանիքս պետք է առողջ լինի:

-Մեզ կին պաշտոնյաներ պակասու՞մ են:

-Դա պետք է ինքնանպատակ չլինի: Այսինքն՝ զուտ խորհրդարանում կանանց իքս թիվն ապահովելու համար չարժե նրանց պաշտոններ տալ: Այս պրոցեսը պետք է ինքնաբուխ լինի: Եթե մարդը գիտակ է, պրոֆեսիոնալ, անկախ այն հանգամանքից՝ կին է, թե տղամարդ, պետք է զբաղեցնի այն պաշտոնը, որին համապատասխանում է:

-Դուք այն կանանցի՞ց եք, որոնք կարող են մանրուքներով ուրախանալ: Ի դեպ, այդ հատկությունը շատ է ձգում հակառակ սեռին:

-Այո, ինձ շատ փոքր բաներով հնարավոր է ուրախացնել, ինձ կարող է երջանկացնել ճիշտ պահին ասված մի խոսքը: Ի դեպ, ես կարող եմ իմ էմոցիաները ի ցույց դնել երեխայի պես:

-Կանանց միամսյակ հարկավո՞ր է:

-Այո, իհարկե: Ես զարմանում եմ, որ տղամարդիկ երբեմն դժգոհում են միամսյակից, ասում են՝ սա կանայք են հորինել: Հետո ի՞նչ, իսկ ինչու՞ չհորինել: Տղամարդուն պետք է միայն ուրախացնի այն հանգամանքը, որ իր սիրելի կնոջը մեծարելու եւս մեկ առիթ ունի: Պարտադիր չէ անընդհատ նվերի թեման շահարկել: Կարելի է միամսյակը նշել հետաքրքիր տեղեր գնալով, միմյանց հետ ժամանակ անցկացնելով:

-Տղամարդու կողմից ամենաօրիգինալ նվերը, որ ստացել եք, ո՞րն է եղել:

-Վերջին տարիներին իմ կողքին չի եղել տղամարդ, որը կրեատիվ նվերներ կմատուցեր, կմտածեր ինչ-որ բանով տարբերվելու մասին: Շատ ստանդարտ նվերներ եմ ստացել՝ ծաղիկներ, հագուստ, օծանելիք: Ինձ համար կարեւոր է նաեւ մատուցման ձեւը: Այդ առումով եւս կրեատիվ մոտեցումներ չեն եղել, թեպետ ես շատ եմ սիրում տարբերվող ու հիշարժան անակնկալներ:

-Տղամարդկանց շրջանում ռոմանտիզմը պակասե՞լ է:

-Այո, ոչ ոք չի ուզում մի փոքր ջանք թափել, հետաքրքիր ձեւով նվերներ մատուցել: Ժամանակի հետ ձեւավորվել է նաեւ այն կարծրատիպը, որ տղայի համար ամոթ է ռոմանտիկ լինելը: Թեպետ դեռ կան տղաներ, որոնց մեջ ռոմանտիզմը չի մահացել: Աչքովս ընկնում են տեսանյութեր, որտեղ տղամարդիկ ամուսնության ռոմանտիկ, հիշարժան առաջարկներ են անում. դա ուրախացնում է ինձ: Ինձ համար միշտ ավելի նախընտրելի է այն տղամարդը, որը ցանկապատից կնետվի պարտեզ ու ինձ համար ծաղիկ կքաղի, քան նա, ով պատրաստի ծաղկեփունջ կնվիրի, թեկուզ շատ թանկարժեք ու անհավանական մեծ:

Անի Անտոնյան




Լրահոս