ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը մանրամասներ է ներկայացնում մարտի 4-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպումից: Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ հանդիպումը կայացել էր Կանանց խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությունից առաջ:
«Մրցանակաբաշխությունից առաջ տեղի է ունեցել Աննա Հակոբյանի և Մելանյա Թրամփի կարճատև առանձնազրույցը: Մելանյա Թրամփը ողջունել է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ և կարևորել է նրա մասնակցությունը մրցանակաբաշխությանը: Աննա Հակոբյանն անդրադարձել է իր գործունեությանը հիմնադրամների հետ կապված: Երկու կողմերն էլ խոսել են երկու երկրների ղեկավարների տիկինների դերի ու առաքելության մասին, այդ համատեքստում կարևորել են կանանց դերն ու նշանակությունը:
Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփը քննարկել են մրցանակաբաշխության անցկացումը, նշել են, որ նման միջոցառումները կենսական նշանակություն ունեն ու մեծ օրինակ են ծառայում, ոգեշնչում են մյուս կանանց»,-ասաց Հասմիկ Հարությունյանը: