Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով արտահաստիքային խորհրդական, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
«Juscutum փաստաբանական միավորման գործընկեր Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խորհրդականը», – հայտնում է կայքը:
Արտեմ Աֆյանը կլինի վարչապետի՝ թվային տնտեսության (հիմնականում վերաբերում է վիրտուալ ակտիվներին՝ կրիպտոարժույթներին) հարցերով խորհրդականը:
«Ես դարձել եմ վարչապետի խորհրդականը: Սակայն դրանով պաշտոնյա չեմ դարձել: Ես գիտեմ, թե ինչպես առանձին հարցերով ռեգուլյատոր ակտեր գրել, ես գիտելիքներ ունեմ, թե ինչպես դա արվում այլ երկրներում եւ պատրաստ եմ այդ գիտելիքները կիրառել Ուկրաինայում», – իր նշանակումը մեկնաբանել է Աֆյանը:
Օրերս հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մակարյանը դարձել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ: