
Ամերիաբանկը, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված
միջոցառումներին աջակցելու նպատակով, 20 մլն ՀՀ դրամ է հատկացրել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական
հիվանդանոցի բուժանձնակազմին խրախուսելու նպատակով:
Ամերիաբանկը, որպես կորպորատիվ բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն, որոշում է
կայացրել գումարը տրամադրել ավելի քան 200 բուժաշխատողների, ովքեր այս օրերին աշխատում են
գերծանրաբեռնված և հաճախ ռիսկային պայմաններում:
Բանկը առաջնորդվում է բացառապես առողջ հանրություն ունենալու առաջնայությամբ և գտնում է, որ
համատեղ ջանքերով ու օգնությամբ կարող ենք հաղթահարել նոր մարտահրավերները միասին:
Այս օրերին Ամերիաբանկը իրականացրել է և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ`
ստեղծված իրավիճակում իր ներդրումն ունենալով ինչպես վարակի տարածումը կանխարգելելու, այնպես էլ
աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը պահպանելու գործում: Բանկը
տրամադրում է «վարկային արձակուրդ» ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև մի շարք այլ
արտոնություններ` հեռահար սպասարկման ոլորտում: