Կառավարությունը փոփոխություն է արել արտակարգ դրության որոշման մեջ՝ ԶԼՄ-ների մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը մարտի 19-ին փոփոխություններ է կատարել 2020 թվականի մարտի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «23. Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների, ինչպես նաև ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:» 2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝ 1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ. 2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ. 3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված և (կամ) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ:»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հիշեցնենք, որ նախկին որոշմամաբ լրատվամիջոցները չէին կարող միջազգային ԶԼՄ-ներին, օտարերկրյա պաշտոնյաներին եւ գերատեսչություններին հղում անելով տեղեկություններ հրապարակել կորոնավիրուսի մասին:




Լրահոս