ՑԵԽ ԵՆ ՇՊՐՏՈՒՄ, ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին Արցախում կայանալու է նախագահի եւ խորհրդարանական ընտրություններ, ու քանի մոտենում է ընտրության օրը, այնքան գնալով Արցախում կրքերը թեժանում են: Նախօրեին էլ՝ քարոզարշավի ժամանակ, Արցախի ոստիկանությունը Ստեփանակերտ քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցից մի խումբ քաղաքացիների բերման էր ենթարկում: Բերման ենթարկվածներն Արցախի հեղափոխական կուսակցության անդամներն էին, որոնք փակել էին ճանապարհը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով, ինչի համար էլ ընդհարում է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախում գրեթե ամեն օր քարոզարշավներն ընթանում են լարված մթնոլորտում: Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ դա, կարելի է ասել, պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագահի ընտրության արդյունքները բոլորի համար արդեն պարզ են՝ լինելու է Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլ, իսկ միմյանց հետ մրցելու են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, որի հովանավորը Արցախի հերոս Սամվել Բաբայանն է: Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մայիլյանին ՀՀ-ից սատարում է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր թիմով, որի մասին, սակայն, պաշտոնապես չի ասվում, ու դա արվում է «տակից»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ, որն այս օրերին Արցախում էր գտնվում ու Սամվել Բաբայանի թիկունքն է պաշտպանում ընտրություններում: Փորձել ենք պարզել, թե ինչ իրավիճակ է ԼՂՀ-ում այս օրերին՝ քարոզարշավի ընթացքում:
-Պարո՛ն Մելքոնյան, Դուք Արցախում էիք, կարելի է ասել՝ հետեւում էիք Արցախում ընթացող նախընտրական պայքարին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է գնալով այնտեղ կրքերը թեժանում, մթնոլորտը լարվում, ովքե՞ր են այդ ամենի մեղավորները:
-Արցախից նոր ենք վերադարձել, հիմնականում ամեն թեկնածու իր քարոզարշավն է անում, ամեն մեկը կենտրոնացած է իր քարոզարշավի վրա, տեսնենք՝ վերջում ինչ կլինի: Միշտ էլ քարոզարշավի ժամանակ լարվածություն լինում է, առանց լարվածության չի լինում: Էնպես լարվածություն չէ, որ, ասենք, պայթյունավտանգ վիճակ է, ամեն մեկը քարոզարշավ է անում, մեկը մյուսի վրա ցեխ է շպրտում, իրար սեւացնելով՝ ուզում են իրենց գործերն առաջ տանեն:
-Իսկ թեկնածուներից ովքե՞ր են այդ ցեխ շպրտողները, լարվածություն ստեղծողները:
-Ամեն մեկն իր չափով, իսկ դա գալիս է նրանից, որ ամեն մեկն ուզում է դառնալ Արցախի նախագահ, թեկնածուները շատ են, ամեն մեկն ուզում է իր ասածն առաջ տանել: Ես քարոզարշավներին չեմ մասնակցել, ուղղակի նստել ուսումնասիրել ենք՝ հավանական թեկնածուն ով է, ով ինչ ձեւով է աշխատում, ինչ է կարողանում անել, համարյա ծրագրերը նույնն են, ու բոլորը փորձում են լուծել անվտանգության հարցը. դա գլխավորն է Արցախի համար: Ամեն մեկն ուզում է Արցախում յուրովի տնտեսությունը զարգացնել: Հայաստանում էլ նախկինում, երբ նախագահի ընտրություններն էր լինում, նույն սցենարն է՝ տնտեսության զարգացում, անվտանգության հարցի լուծում. սրանք կարեւոր հարցեր են, որոնք փորձում են լուծել բոլոր առաջադրված թեկնածուները:
-Ըստ տեղեկությունների՝ Արցախում երկու ֆավորիտ թեկնածու կա, պայքարն ընթանում է Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի միջեւ: Արդյոք Դուք այս ընթացքում Ձեր ուսումնասիրություններից ելնելով էլ եկե՞լ եք այդ եզրակացության:
-Այո, հավանական թեկնածուները այդ երկուսն են, իրենք են, կարծում եմ, ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայանալո՞ւ է, ու այն առաջին փուլով չի՞ ավարտվելու:
-Պարտադիր երկրորդ փուլ կլինի, ես կարծում եմ՝ կլինի, իսկ երկրորդ փուլում կլինեն Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը:
-Արցախում, ըստ շրջանառվող տեղեկությունների, Մայիլյանը նախագահի հավանական թեկնածուն է այն բանի համար, որ նրան սատարում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:
-Հիմա Մայիլյանը արցախցի է ու ունի իր ընտրողների զանգվածը, բայց Սամվել Բաբայանը որ արդեն «պադերշկա» է անում, դա արդեն բավականին պլյուս է:
-Տեղեկություններ կան նաեւ, որ ՀՀ իշխանություններն են բաժանվել թիմերի Արցախի նախագահի թեկնածուների սատարման հարցում՝ ՀՀ վարչապետը Արայիկ Հարությունյանի թեկնածությունն է սատարում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Մասիս Մայիլյանի: Դուք նման տեղեկություն ունե՞ք, թե ՀՀ իշխանությունները ում կողքին են:
-Ես նման բան չեմ տեսել, ամեն մեկը կարող է ասել, որ ՀՀ իշխանությունները ինձ են հովանավորում, սատարում: Ես որեւէ նման բան չեմ նկատել կամ լսել, որ Հայաստանի իշխանություններից որեւէ մեկը մեկին սատարի, ասի, որ նրան են սատարում կամ սրան: Ես կարծում եմ, որ հայաստանյան իշխանությունները եթե խառնվեին ընտրություններին, ավելի վատ էր լինելու, լարվածությունն ավելի էր մեծանալու:
-Գուցե ներքին ձեւով են այդ ամենն անում, որովհետեւ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Արցախի նախագահի ընտրությունների հետ կապված՝ իշխանությունները ներսում թեւերի են բաժանվել:
-Ասում են, կասեն եւ այլն, բայց մենք չենք տեսել, թե որեւէ մեկը հայտարարի այդ ամենի մասին՝ ես, ասենք, սատարում եմ Արայիկ Հարությունյանին կամ այլ: Դե, ասում են, խոսակցություններ են, կլինեն միշտ: Եթե լարվածություն կա, ապա դա քարոզարշավի արդյունքն է:
-Ըստ Ձեզ՝ Արցախում ընտրակաշառք կբաժանվի՞ որեւէ թեկնածուի կողմից:
-Չեմ կարող ասել, ինչքան գիտեմ՝ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն ունեն, որ պետք է անցնի արդար ու թափանցիկ, պետք է լինեն ընտրությունները արդար, դա շատ կարեւոր է: Թե որքանով արդար կլինեն, կապրենք, կտեսնենք:

 

 

 

 

ՕՐԱԿԱՐԳ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵԿՈՂ ՇԱԲԱԹՎԱ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի խորհրդարանում մարտի 23-ին տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է հաստատվի մարտի 24-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը: Ըստ մեր տեղեկությունների՝ օրակարգը դեռեւս վերջնական հաստատված չէ, քանի որ այս օրերին դեռեւս խորհրդարանում ընթանում են ԱԺ հանձնաժողովի նիստերը, որի ժամանակ քննարկվում են օրենքի նախագծերը օրակարգ ներառելու հարցերը:

Ըստ մեր տեղեկությունների՝ խորհրդարանի ղեկավարությունն այս օրերին անում է ամեն ինչ՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում խորհրդարանում պատշաճ ԱԺ նստաշրջան անցկացնելու համար, քանի որ, ինչպես հայտնի է, նույն տարածքում արգելված է 20-ից ավել մարդկանց ներկայությունը, իսկ խորհրդարանն ունի 132 պատգամավոր: Սակայն Սահմանադրության պահանջ կա, որ անգամ արտակարգ դրության պայմաններում պետք է խորհրդարանն աշխատի, ուստի խորհրդարանի ղեկավարությունը աժիոտաժի մեջ է՝ կարանտինի պահպանման եւ պատշաճ պայմանների ստեղծման հետ կապված:
Մենք տեղեկացանք նաեւ, որ այս ընթացքում եղել են օրենսդիրներ, ովքեր առողջական խնդիրներ են ունեցել, ինչի համար նրանց հորդորել են մնալ տանը, առողջանալ, որպեսզի կարողանան երեքշաբթի ներկայանալ ԱԺ ու քվորում ապահովել աշխատանքների սկսման համար:
Ինչեւէ, ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ մեկնարկող նստաշրջանի օրակարգում հիմնականում ընդգրկված են երկրորդ ընթերցման օրենքի նախագծեր, քանի որ, կարելի է ասել, վերջին օրերին իրավիճակը ՀՀ-ում թույլ չի տվել օրենսդիրներին աշխատել օրենսդրական նախաձեռնությունների վրա:
Մենք տեղեկացանք, որ երեք նախագիծ ունի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որից մեկը վերաբերում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն, մյուսը՝ Հարկային օրենսգրքին, իսկ մյուսն էլ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Իսկ թե առաջիկա օրերին ինչ նախագծեր կառաջարկեն իշխանության ներկայացուցիչները, ու ինչ կորոշի ԱԺ խորհուրդը, այս պահին դժվար է ասել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՀԱՐՑԸ՝ ՍԴ-Ի ԴԱՇՏՈՒՄ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ, ի վերջո, որոշեց հետաձգել պաշտոնյաների համար գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը: Կառավարության որոշմամբ՝ այն նախատեսված էր մինչեւ այս տարվա մարտի 31-ը, սակայն հանձնաժողովը որոշեց երկարացնել այն մինչեւ մայիսի 31-ը: Իհարկե, երկարաձգման պատճառ կարող է լինել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, սակայն նկատենք, որ պաշտոնյաները պետք է հայտարարագիր ներկայացնեին էլեկտրոնային տարբերակով, այսինքն՝ ըստ էության, մարդկային շփում չէր լինելու: Միեւնույն ժամանակ նկատենք, որ ժամկետների առումով մտահոգություններ եղել են հենց առաջին օրվանից, հատկապես՝ դատական համակարգի ներկայացուցիչների կողմից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շան գլուխն իրականում այլ տեղ է թաքնված: Բանն այն է, որ մարտի 4-ին Սահմանադրական դատարանը քննության էր ընդունել «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը: Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սպասում է ՍԴ որոշմանը, որպեսզի հասկանա՝ պաշտոնյաների համար գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագրման փոփոխություններ անի, թե ոչ: Ասել է թե՝ կախված են ՍԴ որոշումից: Նկատենք, որ վերը նշված օրենքով իշխանությունները ցանկանում էին ամրագրել, որ կարող են նաեւ ստանալ պաշտոնյաների վերաբերյալ բանկային եւ վարկային գաղտնիք համարվող տեղեկություններ, սակայն ՀՀ նախագահը, կարծես թե, այնքան էլ համակարծիք չէ, որ սա խախտում չէ: Եվ, ահա, հարցն այժմ ՍԴ-ի դաշտում է:

 

 

 

ՇԵՆՔ ԿՈՒՆԵՆԱՆ
Հակակոռուպցիոն կոմիտեի ու Հակակոռուպցիոն դատարանի շենքերը կգտնվեն Աջափնյակ վարչական շրջանում: Մասնավորապես, կառավարության երեկվա նիստում արդեն որոշում է կայացվել Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը տրամադրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի շենքերի կառուցման համար: Հիմնավորման համաձայն՝ կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի կայացման եւ շարունակական զարգացման տեսանկյունից կարեւորվում է նաեւ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը, որը պետք է օգտվի բավարար մարդկային, վարչական եւ նյութական ռեսուրսներից, ինչը կհանգեցնի մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել որակյալ, բազմակողմանի եւ արդյունավետ լուծմանը: Հավելենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվելու է 2021 թվականին եւ հիմնականում զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ




Լրահոս