ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ. «ԳՈՐԾԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԴԱՏԱՐԱՆ ՉԻ ՈՒՂԱՐԿՎԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես, 2020 մարտի 15-ին Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր, ինչը մեր իրավապահների կողմից ներկայացվում էր որպես կարեւոր հաղթանակ: Իսկ, ահա, ավելի ուշ՝ մարտի 16-ին, վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ նրան ՌԴ իրավապահները ազատ են արձակել: Այս իրավիճակից հետո ՀՔԾ-ն ոտքի կանգնեց եւ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան, սակայն մարտի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ միջնորդությունը:

Ի դեպ, սա Վահագն Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն էր, որ ներկայացվում էր դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, Վահագն Հարությունյանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում, նրան կալանավորելու բոլոր միջնորդությունները մերժվում են, դրան գումարած՝ ՌԴ իրավապահներն են բռնում նրան ու ազատ արձակում: Ձեզ եւս հետապնդում են «Մարտի 1»-ի գործով, եւ Դուք, ինչպես նաեւ Վահագն Հարությունյանը, առանց նախաքննական մարմնից թաքնվելու հայտարարություններով եք հանդես գալիս: Ինչպե՞ս կբացատրեք ստեղծված իրավիճակը:
-Գործի մասին իմ վերաբերմունքը շատ պարզ է, եւ բազմիցս արտահայտել եմ: Ես արդեն իրավական տեսակետից այդ հարցին չեմ մոտենում. ինչո՞ւ. որովհետեւ իրավական տեսակետից որեւէ հիմք չկա, չկա անգամ գոնե մեկ ապացույց, ինչպես ես հայտարարել եմ եւ հայտարարում եմ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի իրավապահ մարմինների վերաբերմունքին, հիմա շատերը կփորձեն դա քաղաքականացնել, որ դա քաղաքական մոտեցում էր, ես կարծում եմ, իսկ ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ ոչ:
– Ապա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական որոշում:
-Բացառապես իրավական մոտեցում էր, այն երկար ու ծավալուն հաղորդագրությունները, որ անում է մեր իրավապահ համակարգը, զուրկ է որեւէ ապացույցներից եւ հիմնավորվածությունից. դա ներքին լսարանի եւ Հայաստանի հանրությանը քննության իմիտացիայի համար է, իսկ միջազգային ատյանները եւ այլ երկրները ոչ թե հայտարարություններին են ուշադրություն դարձնում, այլ այդ հայտարարությունների հիմքում դրված իրավական փաստարկներին եւ ապացույցներին, ինչը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ամբողջությամբ բացակայում է: Այսինքն՝ խնդիրը նրանում է, որ ինչ հայտարարություն ուզում են անեն, մեր հասարակությունից ոչ մեկ չի հարցնում՝ շատ լավ, իսկ այս հայտարարության հիմքում կա՞ որեւէ ապացույց ընդհանրապես, թե՞ չկա: Եթե անգամ հարցնում են, ապա մեր նախաքննության մարմինը, ինչպես միշտ հայտարարել եմ, պարզապես ասում է՝ դա նախաքննության գաղտնիք է, եւ մենք չենք կարող բացահայտել՝ չնայած նրան, որ երբ ապացույց են ունենում, անպայման մեծ շուքով հայտարարում են: Բայց երբ միջազգային եւ այլ երկրների իրավապահ մարմիններին ուղարկում են իրենց միջնորդությունները, իրենք պարտավոր են ներկայացնել այդ միջնորդությունները հիմնավորող փաստերը, փաստարկները եւ ապացույցները: Եվ այդտեղ արդեն այդ երկրների իրավապահ մարմինները գնահատում են այդ փաստարկների հիմնավորվածությունը: Այսինքն՝ եթե անձը մեղադրվում է X հանցագործության կատարման մեջ, նրանք տեսնում են՝ այդ հանցագործության մասով որեւէ ապացույց կա, թե ոչ, եւ ոչ թե ղեկավարվում են միայն մեր իրավապահ մարմինների արած հայտարարություններով: Այսինքն՝ հանձնող պետության իրավապահ մարմինները, ի տարբերություն մեր իրավապահ մարմինների, որոշումներ կայացնելիս հիմք են ընդունում բացառապես իրավական փաստարկներն ու ապացույցները եւ ոչ թե քաղաքական եւ որեւէ ապացույց չունեցող երկար եւ անիմաստ ծավալուն հայտարարությունները:
– Դա միայն ՌԴ իրավապահ մարմինների՞ն է վերաբերում:
– Ոչ, ես վստահ եմ, որ եթե անգամ ընդունենք, որ Վահագն Հարությունյանը հայտնաբերվեր, օրինակ, Ֆրանսիայում կամ Գերմանիայում, նույն մոտեցումն էր լինելու, քանի որ էքստրադիցիայի դեպքում հանձնող պետությունը, այս դեպքում՝ ՌԴ-ն, կրում է միջազգային պարտավորություն, եւ էքստրադիցիան թույլատրելի է բացառապես այն դեպքում, երբ պահպանված են եվրոպական կոնվենցիայի կամ Մինսկի կոնվենցիայի պայմանները: Եթե այդ հիմքերը պահպանված չեն պահանջող պետության, այս դեպքում՝ Հայաստանի կողմից, ապա էքստրադիցիան արգելվում է:
-Դատելով Ձեր պատասխանից՝ Վահագն Հարությունյանի գործով ՀՀ իրավապահ համակարգի ապացույցները թույլ են եղել կամ ընդհանրապես չեն եղել ապացույցներ, դրա համար էլ նրան ազատ արձակեցին:
-Ի սկզբանե ես հայտարարել էի, որ սա ես համարում եմ շոու եւ շոուի մասնակից չեմ լինելու: Ավելին, որպեսզի դա լիներ հիմնավոր, այլ ոչ թե զուտ հայտարարություն, ես, հիշում եք, առաջարակ ներկայացրեցի, որ պատրաստ եմ վերադառնալ ցանկացած պահի, եթե ներկայացնեն գոնե մեկ ապացույց: Այսինքն՝ ուշադրություն դարձրե՛ք, ես չասացի ապացույցների համակցություն, ինչը պահանջվում է Քրեական դատավարության օրենսգրքով, ես ասեցի՝ ընդամենը մեկ ապացույց ներկայացրե՛ք: Ի դեպ, ինչո՞ւ էի ես ցանականում, որ դա լիներ հրապարակային, եւ երկրորդը՝ ինչո՞ւ էի ես ցանկանում, որ դա լիներ միջազգային փորձագետների եւ դեսպանների ներկայությամբ: Առաջինը` հրապարակային էի ցանկանում, նախ, քանի որ մեր իրավապահ մարմիններն են քրեական գործերը հրապարակայնացնում, այլեւ որպեսզի մեր հանրությունը ինքնուրույն գնահատեր ե՛ւ իրավապահ մարմինների, ե՛ւ իմ կողմից բերված փաստարկների ճշմարտացիությունը: Ինչպես հիշում եք, որեւէ ձեւով չընդունեցին, հասկանալի է՝ ինչու. քանի որ որեւէ ապացույց ընդհանրապես չկա: Երկրոդը` ասում էին՝ ինչու լինեն դեսպաններ եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ. դրա պատճառն էլ մեկն էր՝ այսօրվա իշխանությունն ու իրավապահ համակարգն են «Մարտի 1»-ի հարցը դարձրել միջազգային քննարկման առարկա, այդ թվում՝ դեսպանների, տարբեր միջազգային կառույցների մակարդակով: Այսինքն՝ այդ միջազգային հրապարակայնությունը հենց այսօրվա իշխանությունները եւ իրավապահ համակարգն են ստեղծել, ես էլ ընդամենը ասեցի՝ հարգելինե՛րս, ես ընդունում եմ ձեր խաղի կանոնները, եւ այդ նույն դեսպանների միջազգային փորձագետների ներկայությամբ եկե՛ք քննարկենք: Ինչպես հիշում եք, դա էլ չընդունվեց: Չգիտեմ՝ Վահագն Հարությունյանի դեպքում մերժման հիմքը որն է եղել, բայց Ձեզ վստահեցնում եմ՝ խնդիրը իրավական հարթության մեջ է, որովհետեւ ոչ մի ապացույց չկա, «Մարտի 1»-ի գործով ներկայումս մեղադրյալների մասով ընդհանարպես ապացույց չկա: Վստահ եմ, որ այն հայտարարությունը, որ արեցի ես, նույն հայտարարությամբ կարող է հանդես գալ այդ գործով անցնող ցանկացած սուբյեկտ: «Մարտի 1»-ի այս գործը բացառապես ներքին լսարանի համար է, մեր հանրությանը մոլորեցնելուն ուղղված քննության իմիտացիա հանդիսացող ցուցադրական, այլ ոչ թե իրավական պրոցես, որովհետեւ իրավական պրոսեցի դեպքում գոնե մեկ ապացույցի մասին կխոսեինք, եւ ինչպես ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ դա իրավական շոու է, որի մասնակից որեւէ մեկը չի ցանկանա լինել: Կրկնեմ՝ հենց այդ նպատակով էի առաջարկում հանրային քննարկում, որ մեր հասարակությունն ինքնուրույն որոշեր, թե որեւէ փաստարկ կա, թե ոչ, քանի որ այնքան անհիմն է, որ պարտադիր չէ իրավաբան լինես, որ հասկանաս:
-«Մարտի 1»-ի գործով շատ մեղադրյալների մասով վաղեմության ժամկետի հիմքով գործերը կարճվում են: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին համոզելու գոծընթաց է տեղի ունենում, որ համաձայնի վաղեմության ժամկետի հիմքին, եւ գործը կարճեն, այսինքն՝ մեղադրյալները ընդունում են մեղքը, եւ կարճում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Այդ գործերից որեւէ մեկը երբեք դատարան չի ուղարկվելու. ինչո՞ւ. եթե դատարան ուղարկվելու լիներ, արդեն այս երկու տարվա մեջ այդ գործերից մեկը՝ գոնե մեկ անձի մասով, դատարան կուղարկվեր: Ինչո՞ւ չեն ուղարկում. չեն ուղարկում մեկ պատճառով. արդեն ստիպված պետք է լինեն հանրությանը ցույց տալ, որ ընդհանրապես ապացույց չունեն, հետաբար իրենք նախընտրում են մարդկանց, չգիտեմ՝ ում են համոզում կամ սպառնում, չեմ կարող ասել, բայց նախընտրում են ընտրել վաղեմությամբ կարճելու ճանապարհը: Բայց այստեղ է մեծ խնդիրը եւ նրանց նպատակների հիմքը: Եթե վաղեմության մասին է խոսքը, ինչո՞ւ են երկու տարի սպասել եւ վաղեմությամբ կարճում են: Եթե վաղեմությունը լրացել էր, իրավունք չունեին այնգամ քրեական գործ հարուցելու:
-Ըստ Ձեզ՝ այդքան բան չէի՞ն հասկանում, որ հարուցում էին:
-Ինքներդ գնահատե՛ք: Դա տարրական հարց է եւ ուղղակի սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում: Հստակ սահմանված է , որ քրեական գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործը ենթակա է կարճման, եւ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե անցել է վաղեմության ժամկետը: Սակայն իրավապահ մարմինները, ակնհայտորեն օրենք խախտելով, անտեսել են՝ կարծում եմ նպատակ ունենալով այս երկու տարվա մեջ տարբեր միջոցներով այդ անձանցից ստանալ ցուցմունքներ, այլ ապացույցներ, որոնք կկարողանային օգտագործել: Այլ տրամաբանություն չի կարող լինել, քանի որ պարզ է, չէ՞, որ այն անձի նկատմամբ, ում մասով վաղեմությամբ դադարեցրել են մեղադրանքը, այդ վաղեմությունը արդեն իսկ անցած է եղել մինչեւ նրանց մեղադրելը կամ այդ գործը հարուցելը: Իսկ եթե արդեն հարուցված է եղել, նրանք պարտավոր էին կարճել՝ անկախ ամեն ինչից: Հիմա ինչ-որ մեկից ստացել են, ումից էլ որ ստացել են, ենթադրում եմ, իր մասով էլ քրեական հետանդումը դադարեցրել են, որովհետեւ հենց դատարան ուղարկեին, ամբողջ սնանկությունը քրեական գործի կդառնար հանրային սեփականությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ. «ՄԵՋՔԻՑ ԽՓԵՑ»

Մարտի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստին մասնակցել է նաեւ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը: Եվ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են ՀՀ դատախազության 2019թ. աշխատանքների, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները:
Սակայն պաշտոնական տեղեկություններից զատ՝ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է 2019 թվականի՝ դատախազի կաշառքի գործով ԱԱԾ բացահայտմանը: Նա հայտարարել է, որ այդ դեպքը մեջքից հարված էր իրենց: «Մեջքից խփեց մեզ», – ասել է նա նիստի ընթացքում: Հիշեցնենք, որ Լեւոն Կարապետյանը, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում 10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադեւոսյանից 2019թ. հունիս ամսին պահանջել, ապա նույն ամսի 16-ին եւ 20-ին մաս-մաս ստացել է խոշոր չափերով` 620.789 ՀՀ դրամի համարժեք 1.300 ԱՄՆ դոլար կաշառք: Դատախազը այս գործի շրջանակներում կալանավորվել էր, սակայն ավելի ուշ գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Բացի այդ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազը անդրադարձել է այս տարվա ընթացքում բանակում ինքնասպանության դեպքերին եւ դատախազներին հասկացրել, որ մինչեւ ինքը չգնաց Արցախ, դատախազները չսկսեցին աշխատել: Այս ամենը դատախազները գլուխները կախ լսել են:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս