: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ մարտի 20-ի արտահերթ նիստում ստացավ 102 կողմ ձայներ:
Փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժանանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:
Իսկ Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկեով:
Պատգամավորները սակայն որոշակի դիտարկումներ, անհամաձայնություններ ունեին փաթեթում տեղ գտած ձևակերպումների հետ կապված, նրանք որոշակիացման կարիք ու թերություններ տեսան: Պատգամավորներից ոմանք, մասնավորապես, 5 տարի ժամկետով ազատազրկում սահմանելը համարեցին շատ խիստ պատիժ: Առաջարկությունների ստացման համար սահմանված է մեկօրյա ժամկետ, երկրորդ ընթերցմամբ քննարկումը կլինի երկուշաբթի օրը ժամը 11:00-ին: