
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատավորներին ներկայացվող պահանջների հարցում կառավարության եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության տեսակետները տարբերվում են: Բանն այն է, որ պատգամավոր Արթուր Դավթյանը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր փոփոխել ՀՀ դատական օրենսգիրքը եւ ամրագրել, որ, օրինակ, դատավոր դառնալու համար բավարար է ունենալ նաեւ բակալավրի կրթություն: Սակայն պարզվում է՝ կառավարությունը դեմ է:
Այժմ օրենսդրությամբ դատավոր դառնալու համար անհրաժեշտ է իրավագիտության բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճան: Հեղինակների առաջարկով՝ եթե թեկնածուն չունի մագիստրոսի որակավորում, ապա պետք է ունենա բակալավրի որակավորում եւ 15 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Սակայն կառավարությունը հեղինակներին առաջարկեց այդ հարցերին անդրադառնալ Դատական օրենսգրքի՝ գործադրի ներկայացրած փոփոխությունների շրջանակում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի համար անընդունելի է մագիստրոսի որակավորում չպահանջելը, քանի որ կրթությունն ու աշխատանքային փորձառությունը տարբեր չափանիշներ են ենթադրում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։