Այն բանից հետո, ինչ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, հանրությունն ինքնամեկուսացվեց, մեկը մյուսի հետեւից սկսվեցին հումորային հոլովակներ պտտվել: Դերասան, հումորիստ, երգիչ Հայկ Պետրոսյանը եւս հանդես եկավ կատակ-երգով՝ այս օրերի թեմայով: Նա նորովի ներկայացրեց Ռուբեն Հախվերդյանի «Բարի լույս, տիկի՛ն Արուս» երգը: «Ժողովուրդ» օրաթերթը Հայկ Պետրոսյանի հետ զրուցել է ներկայիս հասարակական տրամադրությունների, դժվարին պահերին հումորով մոտեցում ցուցաբերելու կարեւորության եւ այլ թեմաների շուրջ: Հայկը կոչ արեց միմյանց հանդեպ հոգատար լինել, սոցիալական պատասխանատվություն կրել: Հայկը շեշտեց՝ մարդկանց համար նախկինում ողջագուրվելը սովորական բան էր, հիմա հասկացան, որ դա այդքան էլ այդպես չի: Մայրիկը երեխային չի գրկում, որովհետեւ չի կարելի… Մենք սկսեցինք գնահատել կյանքի փոքր, բայց կարեւոր պահերը:
-Հա՛յկ, Ձեր տեղադրած հոլովակը մեծ տարածում ունեցավ համացանցում: Թերեւս մարդիկ այս օրերին նման հումորային անդրադարձերի կարիք ունեն, այդպե՞ս է: Ի վերջո, պետք չէ խուճապի մատնվել՝ միեւնույն ժամանակ չկորցնելով աչալրջությունը:
-Իսկապես կարեւոր է կենսուրախությունը չկորցնելը: Քանի որ այս օրերին տանը մնալը թրենդային է, ես էլ որոշեցի այդ թեման դնել երգի հիմքում: Եթե ժամանակին տանը մնալուց աղջիկները նեղվում էին, հիմա, հակառակը, դա խրախուսվում է (ծիծաղում է): Հարցերին հումորով վերաբերվելը շատ լավ բան է, բայց միեւնույն ժամանակ ուզում եմ, որ մենք չկորցնենք նաեւ սթափությունը: Իտալիայի հյուսիսում, օրինակ, հաստատ հումորային տրամադրություն չկա, բայց մեզ մոտ դեռ կարող ենք թեթեւ վերաբերվել իրավիճակին: Չեմ ընդունում նաեւ ամեն ինչ կատակի վերածելու միտումը, այդ ֆոնին արժեզրկվում են կարեւոր կարծիքները: Մյուս կողմից՝ համաձայն եմ, որ կարելի է թեթեւ նայել իրավիճակներին, բայց, կրկնում եմ, առանց զգոնությունը կորցնելու: Երգը տվյալ դեպքում ասելիքը տեղ հասցնելու միջոց է:
-Ինքնամեկուսացումն օգնեց, որպեսզի վերաարժեւորենք մեր ունեցածը, ուշադրություն դարձնենք այնպիսի բաների, որոնք նախկինում մանրուք ենք համարել, համաձա՞յն եք: Բացի այդ, հանրության շրջանում ի հայտ եկան հատկություններ, որոնք կարծես թաքնված էին, եւ առիթ էր պետք, որպեսզի դրանք դուրս հորդեին:
-Այո, իհարկե: 21-րդ դարը վազքի դար է, ու այնքան ենք շտապում, որ չենք հասցնում նկատել, թե որքան էինք կարոտել հարազատներին, անգամ ժամանակ չենք ունենում զանգահարել նրանց, հարցնել՝ ինչպես են: Այս ամենը մղվել է հետին պլան: Մարդկանց համար նախկինում ողջագուրվելը սովորական բան էր, հիմա հասկացան, որ դա այդքան էլ այդպես չի: Մայրիկը երեխային չի գրկում, որովհետեւ չի կարելի… Մենք սկսեցինք գնահատել կյանքի փոքր, բայց կարեւոր պահերը: Երբ կհաղթահարենք այս իրավիճակը, արդեն ուրիշ հայացքով կնայենք նման դետալներին, կհասկանանք, որ պետք է իրար հանդեպ ավելի հոգատար լինել:
-Որքանո՞վ է կարեւոր միմյանց հանդեպ սոցիալական պատասխանատվության զգացում ունենալը, այսինքն՝ անհատական մոտեցումներից զատ՝ հասարակական մտածողության ձեւավորումը:
-Շատ կարեւոր է: Այս ընթացքում դա էլ եկավ առաջին պլան: Եթե կա մարդու իրավունքների կոնվենցիա, կարելի է սահմանել նաեւ մարդու պարտականությունների կոնվենցիա, որը կենթադրի միմյանց նկատմամբ հոգատարության դրսեւորում: Ի վերջո, գալիս ենք քրիստոնեական հայտնի պատգամին՝ սիրի՛ր մերձավորիդ, ինչպես քո անձը: Եթե այս պատգամին հետեւենք, շատ խնդիրներից կխուսափենք:
Աննա Բաբաջանյան