Երկար ժամանակ է՝ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Ընդ որում, որպես պատճառ հիմնականում նշվում է վերջերս հարուցված քրեական գործին իր առնչությունը:
Հայկ Սարգսյանի կողմից նման դիմումի առկայության մասին խոսում են նաեւ Երեւանի ավագանու անդամները, սակայն մինչեւ այժմ վերջինս շարունակում է աշխատել: Փետրվարի 19-ին եւս նա մասնակցում էր Երեւանի ավագանու հերթական նիստին, ներկայացրեց բյուջեի զարգացման կատարողականները: Սակայն նիստից հետո եւս այդ խոսակցությունները վերսկսվեցին: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխքաղաքապետի մոտ նման ցանկության պատճառն իրականում քրեական գործի հետ առնչություն ունենալը չէ:
Մեզ հայտնեցին, թե Հայկ Սարգսյանը դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից եւ իրեն տեսնում է այլ ոլորտում՝ ավելի եկամտաբեր աշխատանքում: Եվ պաշտոնից ազատման դիմումն այսքան երկար չստորագրելն ու չհրապարակելը կապ ունի նրան փոխարինող չգտնելու հետ: Մեր տեղեկություններով՝ այս օրերին նրան փոխարինող գտնելու փորձեր են արվում, տարբեր անուններ են շրջանառվում, սակայն արդյունք դեռ չկա: Որպես նրան փոխարինող՝ նշվում է նաեւ Երեւանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Լեւոն Հովհաննիսյանի անունը, սակայն վերջնական որոշում չկա:
Ընդգծենք, որ Հայկ Սարգսյանը հենց ֆինանսական ոլորտի պատասխանատուն է, եւ նրան փոխարինողը պետք է այդ ոլորտի շրջանակից լինի: Չնայած վերջնական որոշումը դեռ կայացված չէ, սակայն Սարգսյանի հեռանալը հստակ է. փոխարինող գտնելուց անմիջապես հետո նա կթողնի իր պաշտոնը:
Մանրամասները՝ տեսանյութում