Պետական տուրքի նախագիծը կրկին կփոխեն․ բուռն քննարկումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մտադիր է հարկային արտոնություն սահմանել կոնյակ ու կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունների գործունեության առաջին երկու տարիների համար, քանի որ խաղողի մթերումից մինչեւ կոնյակի առաջին արտադրության ստացումը տեւում է 2 տարի: Այսինքն՝ սահմանված տարեկան տուրքի գումարը 10 մլն դրամից կնվազեցվի. այն կսահմանվի 50 հազար դրամ։

Որոշման նախագիծը նախօրեին կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն քննարկվելուց հետո հանվել է օրակարգից, հետ է ուղարկվել նախարարություն՝ լրամշակումների։ Սակայն այս նախագծի շուրջ կառավարության անդամների կարծիքներն իրար հակասել են: Նրանց կարծիքներին ծանոթանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է՝ նկատելով, որ նախագիծը մինչեւ կառավարություն բերելը բավարար քննարկված չի եղել, ապա հրահանգել է այն նախարարությունում լրացուցիչ քննարկել:

Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել գինու արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ, որոնք ցանկանում են զբաղվել նաեւ կոնյակի սպիրտի արտադրությամբ, ինչպես նաեւ մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսել ցանկացող տնտեսավարողներ։ Բայց ՀՀ գործող օրենսդրությամբ՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության եւ մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 10 մլն դրամ։ Պարզվում է՝ սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափը լուրջ խոչընդոտ է հանդիսանում այն տնտեսվարողների համար, որոնք ցանկանում են զբաղվել կոնյակի սպիրտի արտադրության գործունեությամբ, քանի որ կոնյակի սպիրտի արտադրության եւ հնացման ժամկետը պետք է կազմի առնվազն 3 տարի։

Մյուս կողմից՝ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, որը լուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսվարողների համար, որպեսզի նշված ապրանքների արտադրության գործունեություն սկսեն։

Այս պատճառով կառավարությունը մտադիր է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, ինչի արդյունքում «խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն առանց իրացման իրավունքի» գործունեության տեսակով իրավունքի ձեռքբերման համար կսահմանվի 50 հազար դրամ տարեկան պետական տուրք։ Ի դեպ, ըստ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ եթե այդ ընթացքում տնտեսվարողը որոշի գոնե 1 շիշ կոնյակ վաճառել, ապա պետք է վճարի 10 մլն դրամ պետական տուրք: Բացի այս, մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար կսահամնվի 50, իսկ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների համար 25 հազար դրամ տարեկան պետական տուրք։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ կավելանա կոնյակի սպիրտների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների քանակը։ Բացի այդ, հնարավորություն կտրվի տնտեսավարողներին զբաղվելու մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, կավելանան պետական բյուջեի մուտքերը, տնտեսվարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:

Ի դեպ, ՀՀ վարչապետը էկոնոմիկայի նախարարին հրահանգել է վերահսկել կոնյակի տեղական արտադրությունը, քանի որ տնտեսվարողներ են եղել, որոնք տարիներ շարունակ կոնյակի սպիրտ են ներկրել ու այն վաճառել տեղական արտադրանքի անվան տակ: Բայց, ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, ստեղծվել է արտադրողների ռեեստր, որտեղ արտացոլվելու է մթերված խաղողի ծավալը եւ համեմատվելու է ստացված արտադրանքի ծավալի հետ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս