Չվախեցող դատավորը. ով և ինչպես կքննի 5-րդ ալիքի տնօրենի մասով քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը մտավ դատարան: Թավադյանի գործը կքննի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Թավադյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով։ Նույն քրեական գործով մեղադրյալ է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1»-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նկատենք որ Արմեն Թավադյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին, որը, ի տարբերություն իր մյուս գործընկեր դատավորների, 2019 թվականին համարձակ գտնվեց եւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման միջնորդությունը քննեց՝ այն թողնելով անփոխոխ:

Դեռեւս 2019 թվականին գրել էինք, որ դատավորները մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշում նրա գործը չքննելու համար: Ինչպես հայտնի է, դեռեւս հունվարին Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, սակայն դատախազն ու քննիչը միջնորդություն էին ներկայացրել, որ այդ դատավորը չքննի Ռոբերտ Քոչարյանի գործը, քանի որ նա «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործը քննելու ժամանակ ինքնաբացարկ էր հայտնել` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանն իր ամուսնու մտերիմ ընկերն է:

Ավելի ուշ գործը մակագրվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին, սակայն վերջինս եւս հրաժարվեց քննել: Արդյունքում գործը մակագրվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին, որը եւս հրաժարվեց, եւ Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, որը քննել եւ մերժել էր նրան ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ նրան այդ համարձակության համար էլ նշանակեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Քնար Մանուկյան




Լրահոս