ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր հանձնարարականներ՝ ԱԱԾ-ին եւ ոստիկանապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մարտի 18-ին գրել էր, որ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ոստիկանապետի մասով վերջնական որոշումներ է կայացրել, եւ պաշտոնակատարներ Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը վերանշանակվելու են: Եվ, ահա, հենց այդ օրը՝ երեկոյան, վարչապետի կողմից պաշտոնապես հայտարարություն եղավ այդ մասին, եւ մյուս օրն արդեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունեց վարչապետի առաջարկն ու նշանակեց նրանց: Եվ երեկ արդեն ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել նորանշանակ պաշտոնյաների հետ, նրանց հանձնարարականներ է տվել:

Ընդ որում, նա, ի տարբերություն մյուս դեպքերի, ոչ թե հանդիպել է նաեւ աշխատակիցների հետ եւ այդ ժամանակ ներկայացրել պաշտոնյաներին, այլ հանդիպում է ունեցել երկուսի հետ միասին իր ընդունարանում: Իր քայլը հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն այսպես է մեկնաբանել: «Ձեզ արդեն իսկ որպես ղեկավար ներկայացրել եմ համապատասխանաբար Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին դեռեւս ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման օրը: Եվ երկրորդը՝ արտակարգ դրության եւ կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի պայմաններում չցանկացա մեր ընդհանուր տրամաբանությունից դուրս գործողություն իրականացնել: Եվ օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային պայքարում կորոնավիրուսի դեմ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ են ներգրավված, որոնք լրջորեն աջակցում են Առողջապահության նախարարությանը», – նշել է նա:

Սակայն հանդիպման ժամանակ ամփոփվել են նաեւ վերջին ամսվա աշխատանքները, եւ հարցադրում է արվել, թե արդյոք այս 6 ամսվա ընթացքում հաջողվել է շրջադարձային փոփոխություններ մտցնել երկու համակարգերի աշխատանքում: «Պետք է հստակ ասել, որ մենք շրջադարձային փոփոխություններ չենք կարողացել մտցնել, բայց արել ենք ուրիշ բան: Մենք, ըստ էության, ի հայտ ենք բերել խնդիրների շատ մեծ շրջանակ, որոնք այսօր մեզ խանգարում են մեր երազած Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն ունենալ: Եվ պետք է ասենք, որ կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ձեր վերանշանակաման գործին: Ես հստակ արձանագրել եւ տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել եւ թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են» – հավելել է վարչապետը: Այսինքն՝ վարչապետը, ըստ էության, արձանագրել է, որ շրջադարձային փոփոխություններ այս վեց ամսվա ընթացքում չեն եղել: Սակայն հանդիպման ժամանակ նա հարցը հստակ է դրել եւ պայմանավորվածություն ձեռք բեչել, որ իրենք այս իրավիճակի հետ չեն կարող համակերպվել:

Նաեւ հանդիպման ժամանակ խոսել են արդեն վերանշանակված պաշտոնյաները: ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւս ընդգծել է, որ խնդիրներն Ազգային անվտանգության մարմիններում իրոք կան, ինչպես նաեւ մյուս պետական կառույցներում: «Եվ, իհարկե, այդ խնդիրներին լուծում կտրվի: Ես հետեւողական եմ լինելու այդ խնդիրների կատարման հարցում: Կրկին ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ կանեմ ամենը, որպեսզի ապահովեմ մեր երկրի անվտանգությունը»: Իսկ, ահա, ոստիկանապետ Արման Սարգսյանը նշել է. «Կարող եմ որակյալ մեծամասնության անունից հավաստիացնել, որ մենք զգում ենք բարեփոխման կարիքը: Եվ իբրեւ հանձնարարական՝ ընդունվել է բոլորի կողմից, որ պետք է քայլել ժամանակին համահունչ: Հայաստանի հասարակական անվտանգության եւ հանցավորության դեմ պայքարի դեմ տարվող պայքարի առաջնահերթություն պետք է դիտել նաեւ մեր ինքնամաքրման գործընթացը, որը մենք կատարում ենք ոչ թե նեղսրտելով, այլ պատվով: Եվ սա իմ նշած որակյալ մեծամասնության շնորհիվ համակարգում ցնցումներ չի առաջացնում, այլ ավելի ամրապնդման գործընթացի է վերածվում»:

Հիշեցնենք՝ նրանք պաշտոնակատար էին նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 19-ին, եւ մարտի 19-ին լրացավ 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում էին պաշտոնակատարները, սակայն օրենքը դրանից ավել չի թույլատրում թողնել պաշտոնակատարներին: Եվ չնայած նրանք վերանշանակվեցին, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետը մինչեւ վերջին րոպեն մտածել է, հատկապես՝ ոստիկանապետի թեկնածուի մասով, սակայն, ի վերջո, որոշել է վերանշանակել նրանց: Եվ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառն իրականում այն է, որ իշխանության ներսում նաեւ համապատասխան այլ թեկնածու չեն ունեցել, չեն կարողացել գտնել: Փաշինյանը հանդիպման ժամանակ իր խոսքում նշել է, թե ինչու քաղաքական անձ չէր կարող նշանակվել այդ պաշտոնին:

«Քննադատությունն առաջին հերթին ինձ է ուղղված, թե ինչու այնպիսի փոփոխություններ չեն արվել, որպեսզի հնարավոր լինի Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկին նշանակել քաղաքական գծին, այսպես ասած, այս կողմում գտնվող մարդկանցից: Սա բերում է լուրջ պատասխանատվություն, եւ մենք պետք է կարողանանք ապացուցել, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ շատ կարեւոր է, որպեսզի այդ ինստիտուտների կայունությունը պահպանվի, շատ կարեւոր է նաեւ, որ այդ ինստիտուտները բարեփոխվեն եւ համապատասխանեն այն պահանջներին, որոնք այսօրվա են, որոնք բովանդակային պահանջներ են»: Նա ընդգծել է, որ Ոստիկանությունում եւ Ազգային անվտանգության ծառայությունում ծառայության անցնելը պետք է համարվի շատ մեծ, շատ լուրջ հաջողություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս