Որ արժանիքի համար Մեղրյանը նշանակվեց Գլխավոր հարկադիր կատարող և ինչու էր հրաժարական տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նորանշանակ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի հետ՝ հասկանալու համար, թե որ արժանիքի համար իրեն նշանակեցին այդ պաշտոնում:

-Պարո՛ն Մեղրյան, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ձեզ ո՞ր արժանիքի համար նշանակեց ԴԱՀԿ ղեկավար:

-Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ գլխավոր հարկադիր կատարողին արդարադատության նախարարի առաջարկությամբ նշանակում է վարչապետը, իսկ արժանիքներիս մասին ես երբեւէ չեմ մտածել, փոխարենը մասնագիտական գործունեությունս փորձել եմ ծավալել մեծ պատասխանատվությամբ եւ նվիրումով՝ ծառայելով մեր պետությանը:Այդուհանդերձ, իմ գործունեության մասին տվյալներ կարող եք ստանալ Երևեւանի պետական համալսարանի, Բարձրագույն դատական խորհրդի, իսկ այժմ նաեւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայքէջերում տեղադրված կենսագրական եւ այլ տեղեկություններն ուսումնասիրելու միջոցով: Տեղեկատվության ոչ պակաս լավ աղբյուր կարող են հանդիսանալ այն անձինք, ում ղեկավարությամբ կամ ում հետ առիթ եմ ունեցել աշխատել:

– Ըստ որոշ տեղեկությունների՝ նախարար Ռուստամ Բադասյանը Ձեր մտերիմ ընկերն է, եւ հենց դրա շնորհիվ եք Դուք նշանակվել ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնում:

-Արդարադատության նախարար պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել եմ նրա դասախոսը, սակայն որեւէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չեմ ունեցել: Վերջին ժամանակահատվածում նախարարի հետ շփումը կրել է բացառապես մասնագիտական բնույթ: Ի դեպ, որպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ՝ պաշտոնավարելու եւ հետագա ժամանակահատվածում նման շփումներ ունեցել եմ արդարադատության գրեթե բոլոր նախարարների հետ՝ հետապնդելով բացառապես արդարադատության ոլորտում իմ ունեցած գիտելիքներն ու փորձը լավագույնս հանրային շահերին ծառայեցնելու, արդարադատության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակներ:

-Ըստ ԴԱՀԿ-ում տարածված լուրերի՝ Հարկադիր ծառայությունը բավականին ճկուն համակարգ է, եւ այնտեղ որոշումները կամայական են կայացվում: Բայց, մյուս կողմից, լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դուք ի զորու չեք կամայական որոշումներ կայացնել եւ մշտապես թակելու եք վերեւների դռները՝ խորհուրդ ստանալու ակնկալիքով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:

-Կարծում ենք, որ որեւէ որոշում, անկախ ոլորտից, չպետք է լինի կամայական: Ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ հարկադիր կատարման շրջանակներում կայացված որոշումներին, որոնք պետք է բխեն գործող իրավակարգավորումներից, ուղղված լինեն կատարման ենթակա ակտերի անշեղ ու անվերապահ կատարմանը, այլ ոչ թե կայացվեն մեկ անձի կամայական որոշմամբ: Ըստ այդմ, Ձեր կողմից ակնարկվող ճկունությունը եւս պետք է դրսեւորվի բացառապես գործող օրենսդրությամբ սահմանված հայեցողության շրջանակներում, որը, ի դեպ, խիստ սահմանափակ է` հաշվի առնելով ծառայության առաքելությունը եւ նրա գործունեությունը կարգավորող օրենսդրության իմպերատիվ բնույթը:
Եթե նկատի ունեք լիազորություններիս շրջանակներում անհրաժեշտ կամք դրսեւորելու եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունս, նշեմ, որ բարձր պատասխանատվությամբ եմ կատարելու իմ առջեւ դրված պարտականությունները՝ բացառելով կոռուպցիայի, կամայական վարքագծի, ոչ իրավաչափ վարչարարության ցանկացած դրսեւորում, իսկ լիազորություններիս շրջանակում կայացված որոշումներն ուղղված են լինելու բացառապես ծառայության բնականոն գործունեության ապահովմանը եւ շոշափելի բարեփոխումների իրականացմանը: Սակայն հարկ է նշել, որ ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի՝ ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է: Ըստ այդմ էլ, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահսկում եւ մեթոդական ղեկավարում է իրականացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության նկատմամբ: Հետեւաբար, հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք հարցերում արդարադատության նախարարն ունի բազմաթիվ լիազորություններ, որոնք ենթադրում են նաեւ օրենքով նախատեսված ենթակայություն:

-Երբ ԲԴԽ-ից դուրս եկաք, հայտարարեցիք, որ երբեք կախված չեք եղել ու ներկայումս էլ կախված չեք որեւէ քաղաքական ուժից, մարմնից կամ անձանցից: Իսկ հիմա կախում ունե՞ք, եւ կոնկրետ ումի՞ց: Արդյոք նախարար Ռուստամ Բադասյանը Ձեր այս հրաժարականի հետ կապ ունի՞:

-Վերահաստատելով նախկին հայտարարությունս՝ նշեմ, որ իմ երկարամյա գործունեության ընթացքում որեւէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չեմ անդամակցել կամ մասնակցել, ներկայումս էլ հետեւողականորեն պահպանելու եմ թե՛ տեսանելի եւ թե՛ ներքին քաղաքական չեզոքություն, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից հրաժարականի պատճառների վերաբերյալ մանրամասն նշել եմ հրաժարականիս տեքստում:
Հետեւաբար ո՛չ արդարադատության նախարար պարոն Բադասյանը, ո՛չ ներկայիս քաղաքական իշխանության կամ ընդդիմադիր ուժի որեւէ ներկայացուցիչ իմ հրաժարականի հետ որեւէ աղերս չունի:

-Արդյոք Ձեզ առաջարկե՞լ են ԲԴԽ-ից դուրս գալ հետագայում բարձր պաշտոն ստանալու խոստումով:

-Կարծում եմ՝ այդ հարցին պատասխանեցի: Հավատացնում եմ, որ հրաժարականս որեւէ գործարքով պայմանավորված չի եղել:

-«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածը նախկինում սահմանում էր, որ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչ նշանակումը զբաղեցրել է Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: Սակայն 2020 թվականի փետրվարի 7-ից ուժի մեջ մտած նոր օրենքով արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում ասվածը հանվել է. արդյոք դա արվել է հատուկ Ձե՞զ համար:

-Արդարադատության նախարարությունն արդեն իսկ հրապարակել է տեղեկություն, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից ներկայացված եւ Ազգային ժողովի կողմից ընդունված թվով 65 օրենքների նախագծերը, ի թիվս այլնի, բխում են հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ոլորտում կառավարության որդեգրած եւ իրականացվող ընդհանուր քաղաքականությունից: Այդ բարեփոխումների արդյունքում ոչ միայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, այլեւ Քրեակատարողական եւ Փրկարար ծառայություններում են կատարվել համապատասխան փոփոխություններ:Նշված օրենքներում, այդ թվում՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում իրականացված փոփոխությունները նպատակ են հատապնդել ապահովելու նախկինում «փակ» համակարգ ունեցող պետական մարմիններում մասնագետների շատ ավելի լայն շրջանակ ներգրավելու հնարավորությունը, ինչը թույլ կտա համապատասխան ոլորտի բարեփոխումներն իրականացնել նոր գաղափարներով եւ մոտեցումներով:

Քնար Մանուկյան




Լրահոս