ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:
«Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է։ Իզուր չէ, որ հասարակությունը նրանց անվանում է արևներ, քանի որ նրանք իրենց անկեղծ ժպիտով ու դրական էներգիայով «վարակում» են բոլորիս։
Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ։
Պետությունը պետք է մասնակից դարձնի դաունի համախտանիշ ունեցող մարդկանց որոշումների կայացման գործընթացին, հատկապես այն որոշումների, որոնք իրենց կյանքի համար էական նշանակություն ունեն։ Այս կարևոր սկզբունքի ապահովման համար պետությունը պետք է ապահովի տեղեկատվության մատչելիության և ներառական միջավայր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը միանում է ՄԱԿ-ի այս տարվա #Մենքորոշումենք կարգախոսին»,- ասվում է ուղերձում։