«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես, 2020 մարտի 15-ին Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր, ինչը մեր իրավապահների կողմից ներկայացվում էր որպես կարեւոր հաղթանակ: Իսկ, ահա, ավելի ուշ՝ մարտի 16-ին, վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ նրան ՌԴ իրավապահները ազատ են արձակել: Այս իրավիճակից հետո ՀՔԾ-ն ոտքի կանգնեց եւ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան, սակայն մարտի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ միջնորդությունը:
Ի դեպ, սա Վահագն Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն էր, որ ներկայացվում էր դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, Վահագն Հարությունյանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում, նրան կալանավորելու բոլոր միջնորդությունները մերժվում են, դրան գումարած՝ ՌԴ իրավապահներն են բռնում նրան ու ազատ արձակում: Ձեզ եւս հետապնդում են «Մարտի 1»-ի գործով, եւ Դուք, ինչպես նաեւ Վահագն Հարությունյանը, առանց նախաքննական մարմնից թաքնվելու հայտարարություններով եք հանդես գալիս: Ինչպե՞ս կբացատրեք ստեղծված իրավիճակը:
-Գործի մասին իմ վերաբերմունքը շատ պարզ է, եւ բազմիցս արտահայտել եմ: Ես արդեն իրավական տեսակետից այդ հարցին չեմ մոտենում. ինչո՞ւ. որովհետեւ իրավական տեսակետից որեւէ հիմք չկա, չկա անգամ գոնե մեկ ապացույց, ինչպես ես հայտարարել եմ եւ հայտարարում եմ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի իրավապահ մարմինների վերաբերմունքին, հիմա շատերը կփորձեն դա քաղաքականացնել, որ դա քաղաքական մոտեցում էր, ես կարծում եմ, իսկ ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ ոչ:
– Ապա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական որոշում:
-Բացառապես իրավական մոտեցում էր, այն երկար ու ծավալուն հաղորդագրությունները, որ անում է մեր իրավապահ համակարգը, զուրկ է որեւէ ապացույցներից եւ հիմնավորվածությունից. դա ներքին լսարանի եւ Հայաստանի հանրությանը քննության իմիտացիայի համար է, իսկ միջազգային ատյանները եւ այլ երկրները ոչ թե հայտարարություններին են ուշադրություն դարձնում, այլ այդ հայտարարությունների հիմքում դրված իրավական փաստարկներին եւ ապացույցներին, ինչը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ամբողջությամբ բացակայում է: Այսինքն՝ խնդիրը նրանում է, որ ինչ հայտարարություն ուզում են անեն, մեր հասարակությունից ոչ մեկ չի հարցնում՝ շատ լավ, իսկ այս հայտարարության հիմքում կա՞ որեւէ ապացույց ընդհանրապես, թե՞ չկա: Եթե անգամ հարցնում են, ապա մեր նախաքննության մարմինը, ինչպես միշտ հայտարարել եմ, պարզապես ասում է՝ դա նախաքննության գաղտնիք է, եւ մենք չենք կարող բացահայտել՝ չնայած նրան, որ երբ ապացույց են ունենում, անպայման մեծ շուքով հայտարարում են: Բայց երբ միջազգային եւ այլ երկրների իրավապահ մարմիններին ուղարկում են իրենց միջնորդությունները, իրենք պարտավոր են ներկայացնել այդ միջնորդությունները հիմնավորող փաստերը, փաստարկները եւ ապացույցները: Եվ այդտեղ արդեն այդ երկրների իրավապահ մարմինները գնահատում են այդ փաստարկների հիմնավորվածությունը: Այսինքն՝ եթե անձը մեղադրվում է X հանցագործության կատարման մեջ, նրանք տեսնում են՝ այդ հանցագործության մասով որեւէ ապացույց կա, թե ոչ, եւ ոչ թե ղեկավարվում են միայն մեր իրավապահ մարմինների արած հայտարարություններով: Այսինքն՝ հանձնող պետության իրավապահ մարմինները, ի տարբերություն մեր իրավապահ մարմինների, որոշումներ կայացնելիս հիմք են ընդունում բացառապես իրավական փաստարկներն ու ապացույցները եւ ոչ թե քաղաքական եւ որեւէ ապացույց չունեցող երկար եւ անիմաստ ծավալուն հայտարարությունները:
– Դա միայն ՌԴ իրավապահ մարմինների՞ն է վերաբերում:
– Ոչ, ես վստահ եմ, որ եթե անգամ ընդունենք, որ Վահագն Հարությունյանը հայտնաբերվեր, օրինակ, Ֆրանսիայում կամ Գերմանիայում, նույն մոտեցումն էր լինելու, քանի որ էքստրադիցիայի դեպքում հանձնող պետությունը, այս դեպքում՝ ՌԴ-ն, կրում է միջազգային պարտավորություն, եւ էքստրադիցիան թույլատրելի է բացառապես այն դեպքում, երբ պահպանված են եվրոպական կոնվենցիայի կամ Մինսկի կոնվենցիայի պայմանները: Եթե այդ հիմքերը պահպանված չեն պահանջող պետության, այս դեպքում՝ Հայաստանի կողմից, ապա էքստրադիցիան արգելվում է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան