Տեղեկատվություն՝ Հայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ:
Սահմանափակվում է այն օտարերկրացիների մուտքը Հայաստան, ովքեր ժամանում են կորոնավիրուսի էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներից /տարածքներից/ կամ այցելել են այդ երկրներ /տարածքներ/ Հայաստան ժամանելուց առնվազն 14 օր առաջ: Մարտի 22-ի դրությամբ այդպիսի երկրների ցանկում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիայի Միությունը, Եվրոպական միության անդամ պետությունները (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա), Շվեյցարիան, Նորվեգիան, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Կորեայի Հանրապետությունը, Իսրայելը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերը նշված ցանկը ենթակա է փոփոխման:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:
ՀՀ քաղաքացիները չեն կարողանա լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառությամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները:
Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:
Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ: