ԱԳ նախարարի տեղակալը տեսաքննարկում է անցկացրել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է (WeChat հավելվածի միջոցով) անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել ենՀայաստանում և Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկատվություն են փոխանակել այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ:

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ: Նախարարի տեղակալ Ադոնցը շնորհակալություն է հայտնել դեսպան Թիեն Ըրլունին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության օգնությամբ ՀՀ առողջապահության նախարարությանն անհատույց տրամադրված 1008 հատ նոր տիպի կորոնովիրուսի թեստերի համար, որոնք օրերս հասել են Հայաստան:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև մուտքի արտոնագրի պահանջը ժամանակավոր չեղարկող համաձայնագրի գործողության դադարեցման ներկայիս ժամկետը (ս.թ. մարտի 31) երկարաձգելու կապակցությամբ և պայմանավորվել սերտ կապ պահպանել տվյալհարցի կապակցությամբ՝ համակարգելով երկու կողմից ձեռնարկվող քայլերը:

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել այն փաստը, որ չինական կողմը շարունակաբար կիսվում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իր լավագույն փորձով: Նա կարևորել էՉինաստանի կողմից համավարակիդեմ պայքարի վերաբերյալ գիտելիքիառցանց տեղեկատվական հարթակի ստեղծումը (Knowledge Center for China’s Experiences in Response to COVID-19, https://covid19.alliancebrh.com), ինչպես նաև ՉԺՀ Ճըծյանգ նահանգի առաջին բժշկական համալսարանական հիվանդանոցի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և բուժման մասին ձեռնարկի կազմումը, որի վերաբերյալ տեղեկատվությունը վերջին շրջանում փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:

Կողմերը քննարկել են նաև բժշկական հատուկ արտահագուստի, դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարումների հետ կապված հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը խնդրել է չինական կողմին շարունակել այս ուղղությամբ տրամադրվող աջակցությունը: Դեսպան Թիենը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110.000 ԱՄՆ դոլարի չափով:

Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ընդգծելով համավարակի դեմ հաղթանակ տանելու հարցում միջազգային մակարդակում միասնականության և համերաշխության դրսևորումը։




Լրահոս