Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման և ցանցային սերվերների ձեռբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք:
Մասնավորապես՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար թվով 100 համակարգչային սարքավորումների և 2 ցանցային սերվերների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ի հետ 2019թ. դեկտեմբերին կնքվել է ապրանքների մատակարարման 2 պայմանագիր՝ 29.940.000 և 9.740.000 ՀՀ դրամ արժեքով:
Պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված և փաստացի ձեռք բերված ապրանքների համապատասխանության վերաբերյալ նախարարության պատասխանատու անձի կողմից տրվել են դրական եզրակացություններ, կազմվել ապրանքների հանձնման-ընդունման ակտեր ու արձանագրություններ, որոնց հիման վրա ապրանքներն ընդունվել են:
Հետագայում պարզվել է, որ մատակարարված համակարգչային սարքավորումները չեն համապատասխանում պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին: Մասնավորապես՝ պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված տաք փոխարինման հնարավորությամբ սերվերների փոխարեն մատակարարվել են այլ մոդելի սերվերներ, որոնք արտադրողի կողմից ներկայացվում են որպես սպառողական նպատակների համար նախատեսված արտադրանք և չունեն տաք փոխարինման հնարավորություն: Բացի այդ, պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված լազերային մկնիկների փոխարեն մատակարարվել են օպտիկական մկնիկներ:
Պարզվել է, որ փաստացի մատակարարված և ընդունված ցանցային սերվերների գինը ավելի ցածր է պայմանագրերով նախատեսված սարքավորումների գներից:
Փաստորեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, համակարգչային սարքավորումների մատակարարման պայմանագրերի հանձնման-ընդունման փաստաթղթերում և իրենց կողմից կազմված եզրակացություններում մտցրել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների՝ նախատեսված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ակնհայտ կեղծ տվյալներ, ընդունել այդ ապրանքները: Դրա հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 9.740.000 ՀՀ դրամի էական վնաս:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: