Հայտնի է, որ բարդ ժամանակների անխուսափելի ուղեկիցը տարատեսակ լուրերն են ու հանրային տագնապը: Ու որքան լարված է իրավիճակը, այնքան ֆանտաստիկ են դրանք դառնում, ասեկոսների ժանրից երբեմն անցնելով դավադրության տեսության, չճանաչելով որևէ տրաբանություն:
Օրերս medianews լրատվական կայքն իր «Ամենահետաքրքիրը մենք արդեն գտել ենք» կարգախոսին հավատարիմ մեդիա դաշտը պեղել և ՌԻԱ Նովոստի գործակալություն նորությունների ժապավենից իր ընթերցողներին է ներկայացրել «սուր ու հետաքրքիր» հաղորդագրություն առ այն, որ ըստ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի՝ վիրուսը կարող է տարածվել նաև ջրի միջոցով, եթե ջուրը մաքուր չէ:
Աստված միայն գիտե, ասել է արդյոք նման բան այդ պաշտոնյան, և եթե ասել է, ապա ինչ համատեքստում, և կամ ինչ ջուր է նկատի ունեցել. ռուսական ջրհորի, գետի, լճի, թե ծորակի: Բայց հստակ հայտնի է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված յուրաքանչյուր «նյութ» չէ, որ կարելի է հրապարակել: Ի վերջո ՀՀ ՊԱՐԵՏԱՏՈՒՆԸ հստակ պահանջներ է ներկայացնում այս կապակցությամբ, ինչը տվյալ դեպքում medianews-ի կողմից չեն կատարվել: Արդյունքում մենք ունենք «նորություն», որը ընթերցողների գիտելիքները լրացնելու փոխարեն միայն կարող է խուճապ առաջացնել նրանց շրջանում:
Վեոլիա ջուրը ընկերությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ, ըստ ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի / ncdc.am/.
«Վիրուսը տարածվում է մարդուց մարդ.
⦁ Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հիվանդի հետ սերտ շփման արդյունքում
⦁ Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կամ
⦁ Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով»:
Խմելու ջրի միջոցով վիրուսը տարածվել չի կարող նաև այն պատճառով, որ սպառողներին մատակարարվելուց առաջ ջուրը կանխարգելիչ նկատառումներով պարտադիր ՔԼՈՐԱՑՎՈՒՄ է, դրանով իսկ բացառելով որևէ վարակի տարածում:
Եղեք առողջ ու մի հավատացեք FAKE լուրերին, իսկ հարցերի դեպքում դիմեք իրավասու կառավարման մարմիններին:
ՀՀ Պարետատան թեժ գծի հեռախոսահամարներ.
⦁ 8141 – Հայաստանի տարածքից զանգ կատարելիս
⦁ +374 11208141 – արտերկրից զանգ կատարելիս
⦁ 060 83 83 00 – առողջապահական հարցերի դեպքում
Հանրային կապերի բաժին