ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՉԻ ՓՐԿԻ ԹՈՓ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ կայացավ ՈՒԵՖԱ-ի եւ կառույցի անդամ 55 ասոցիացիաների նախագահների առցանց կոնֆերանսը, որի ընթացքում որոշում կայացվեց ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը տեղափոխել 2021 թվական։ Նույն օրը՝ մարտի 16-ին, պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԿՈՆՄԵԲՈԼ-ը եւ տեղեկացրեց, որ 2021 թվական է տեղափոխվում նաեւ Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Այս ամռանը սպասվելիք ամենախոշոր ֆուտբոլային մրցաշարերը հետաձգվեցին կորոնավիրուսի տարածման պատճառով։

Այս պահին կասեցված առաջնությունները, ըստ ֆուտբոլային գերատեսչության որոշման, պետք է ավարտվեն մինչեւ հունիսի 30-ը, որը լիգաների ղեկավարներից ոմանք համարում են անհնարին։ Եվրոպական թոփ-5 լիգաները դադարեցված են, եւ պարզ չէ՝ երբ կվերսկսվեն։ Վերջերս մամուլում պտտվող լուերի համաձայն՝ առաջնությունների վերջնական չեղարկման դեպքում չեմպիոն կարող են հռչակվել լիգաների ներկայիս առաջատարները։ Տարածված լուրերը հերքեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը. «Մենք նման առաջարկով հանդես չենք եկել։ Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Առաջնությունների վերջնական կասեցման պարագայում ներկայիս առաջատարները չեն դառնա չեմպիոն։ Մեր նպատակը՝ դադարեցված լիգաները ավարտին հասցնելն է»,-ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը։
Այո, հետաձգվեցին «ԵՎՐՈ»-ն, Ամերիկայի գավաթը, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչները, բայց, այնուամենայնիվ, թոփ առաջնությունները ավարտին հասցնելը մշտական ձեւաչափով քիչ հավանական է թվում։ Ալեքսանդր Չեֆերինի խոսքերից կարող ենք ենթադրել, որ եթե լիգաները չշարունակվեն եւ վերջնական կասեցվեն, ապա առաջնությունները չեմպիոններ չեն ունենա։ Այս տարբերակը եղածներից ամենասարսափելին է հատկապես Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» համար։ Մերսիսայդցիները Պրեմիեր լիգայի ավարտից 9 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Մանչեստեր Սիթիից» առաջ են պոկվել միանգամից 25 միավորով. պարզից էլ պարզ է, որ այստեղ չեմպիոնական պայքար ընթանալ չի կարող, բայց առաջնության չեղարկման դեպքում Յուրգեն Կլոպի թիմը կզրկվի վերջին 30 տարվա մեջ իր առաջին չեմպիոնությունից ԱՆգլիայում. ինչ արած, օրենքն է այդպես պահանջում։
Առաջնության չեղարկման մասին է խոսել նաեւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը, ով փաստել է, որ նման որոշման դեպքում առաջատար «Բարսելոնան» չեմպիոն չի հռչակվի: «Լա Լիգայի վերջնական կասեցման դեպքում Իսպանիան այս տարի չի ունենա ներքին առաջնության չեմպիոն։ Առաջատար «Բարսելոնան» չի հռչակվի Իսպանիայի չեմպիոն, քանի որ դա արդար որոշում չի լինի։ Տիտղոսներ հաղթում են խաղադաշտում, իսկ խաղերի չկայացման դեպքում այդպիսի որոշումը կլինի անարդար»,- ասել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Թոփ առաջնություններից եւ ոչ մեկի ղեկավարը հանդես չի եկել վստահ խոսքով, որ առաջնությունները կարող են շարունակվել։ Կան նաեւ խոսակցություններ, որ առաջնությունները կարող են ավարտին հասցվել այնպիսի երկրում, որտեղ կորոնավիրուսային վտանգ չկա, բայց նույնիսկ այդ պարագայում առնվազն մինչեւ ապրիլի վերջ թոփ ֆուտբոլային հանդիպումներ չեն կայանա։ Այսպիսով, նույնիսկ ամառային գլխավոր իրադարձությունների հետաձգումը կարող է չփրկել թոփ 5 առաջնությունները։ Քննարկումները շարունակվում են, ղեկավար մարմինները փորձում են փնտրել հանդիպումների անցկացման նոր տարբերակներ։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

140 ՀՈԳԻ՝
Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ. այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ եւ տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները։ Քաղաքացիների մի մասն արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը: ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած՝ բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետեւաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման եւ դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները եւ իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի եւ ՌԴ քաղաքացիները։ Վերին Լարսի անցակետն անժամկետ փակ է օտարերկրացիների համար։

 

 

 

ՄԻԱՅՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ
Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով եւ էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով։ Ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը եւ գործելու են մինչ նոր ծանուցում։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 15-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ մարտի 19-ից Նուր-Սուլթան քաղաքում հայտարարվել է կարանտին։

 

 

 

ՓՈԽԱՆՑԵՑ
«Յունիբանկ»-ն այսօր փոխանցեց 10 մլն ՀՀ դրամ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաեւ բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար: Ընթացքում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցումը։




Լրահոս