Կանանց միամսյակի շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը զուտ կանացի թեմաների շուրջ զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ: Նա խոսել է հայ հասարակության շրջանում կնոջ դերի, իր անձնական ցանկությունների, տղամարդու նախընտրելի հատկությունների եւ այլ թեմաների շուրջ: Էվան այն համոզմանն է, որ կանանց միամսյակից տղամարդիկ չպետք է դժգոհեն, հակառակը՝ նրանք պետք է ուրախ լինեն, որ սիրելիներին մեծարելու եւս մի առիթ ունեն: Դերասանուհին խոստովանել է, որ վերջին տարիներին իրեն չի հանդիպել այնպիսի տղամարդ, որը կրեատիվ նվեր կմատուցեր: Մեր զրուցակցի համար առանձնակի կարեւոր է նաեւ նվերի մատուցման պրոցեսը: Էվան շեշտել է՝ իր համար ավելի նախընտրելի է այն տղամարդը, որը ցանկապատից կնետվի պարտեզ ու ինձ համար ծաղիկ կքաղի, քան նա, ով պատրաստի ծաղկեփունջ կնվիրի, թեկուզ շատ թանկարժեք ու անհավանական մեծ:
-Էվա՛, նախ՝ ավանդական հարցը՝ ի՞նչ են ցանկանում կանայք: Կա՞ այդպիսի ձեւակերպում:
-Դա հարաբերական հարց է. ամեն կին իր ցանկությունն ունի: Կոնկրետ ինձ երջանիկ լինելու համար անհրաժեշտ են մասնագիտական նվաճումներ. առանց դրանց ես շնչահեղձ կլինեմ: Բացի այդ, երջանիկ լինելու համար կողքիս պետք է ունենամ սիրելի տղամարդ, որը կոգեւորի ինձ, եւ որին կոգեւորեմ ես, ընտանիքս պետք է առողջ լինի:
-Մեզ կին պաշտոնյաներ պակասու՞մ են:
-Դա պետք է ինքնանպատակ չլինի: Այսինքն՝ զուտ խորհրդարանում կանանց իքս թիվն ապահովելու համար չարժե նրանց պաշտոններ տալ: Այս պրոցեսը պետք է ինքնաբուխ լինի: Եթե մարդը գիտակ է, պրոֆեսիոնալ, անկախ այն հանգամանքից՝ կին է, թե տղամարդ, պետք է զբաղեցնի այն պաշտոնը, որին համապատասխանում է:
-Դուք այն կանանցի՞ց եք, որոնք կարող են մանրուքներով ուրախանալ: Ի դեպ, այդ հատկությունը շատ է ձգում հակառակ սեռին:
-Այո, ինձ շատ փոքր բաներով հնարավոր է ուրախացնել, ինձ կարող է երջանկացնել ճիշտ պահին ասված մի խոսքը: Ի դեպ, ես կարող եմ իմ էմոցիաները ի ցույց դնել երեխայի պես:
-Կանանց միամսյակ հարկավո՞ր է:
-Այո, իհարկե: Ես զարմանում եմ, որ տղամարդիկ երբեմն դժգոհում են միամսյակից, ասում են՝ սա կանայք են հորինել: Հետո ի՞նչ, իսկ ինչու՞ չհորինել: Տղամարդուն պետք է միայն ուրախացնի այն հանգամանքը, որ իր սիրելի կնոջը մեծարելու եւս մեկ առիթ ունի: Պարտադիր չէ անընդհատ նվերի թեման շահարկել: Կարելի է միամսյակը նշել հետաքրքիր տեղեր գնալով, միմյանց հետ ժամանակ անցկացնելով:
-Տղամարդու կողմից ամենաօրիգինալ նվերը, որ ստացել եք, ո՞րն է եղել:
-Վերջին տարիներին իմ կողքին չի եղել տղամարդ, որը կրեատիվ նվերներ կմատուցեր, կմտածեր ինչ-որ բանով տարբերվելու մասին: Շատ ստանդարտ նվերներ եմ ստացել՝ ծաղիկներ, հագուստ, օծանելիք: Ինձ համար կարեւոր է նաեւ մատուցման ձեւը: Այդ առումով եւս կրեատիվ մոտեցումներ չեն եղել, թեպետ ես շատ եմ սիրում տարբերվող ու հիշարժան անակնկալներ:
-Տղամարդկանց շրջանում ռոմանտիզմը պակասե՞լ է:
-Այո, ոչ ոք չի ուզում մի փոքր ջանք թափել, հետաքրքիր ձեւով նվերներ մատուցել: Ժամանակի հետ ձեւավորվել է նաեւ այն կարծրատիպը, որ տղայի համար ամոթ է ռոմանտիկ լինելը: Թեպետ դեռ կան տղաներ, որոնց մեջ ռոմանտիզմը չի մահացել: Աչքովս ընկնում են տեսանյութեր, որտեղ տղամարդիկ ամուսնության ռոմանտիկ, հիշարժան առաջարկներ են անում. դա ուրախացնում է ինձ: Ինձ համար միշտ ավելի նախընտրելի է այն տղամարդը, որը ցանկապատից կնետվի պարտեզ ու ինձ համար ծաղիկ կքաղի, քան նա, ով պատրաստի ծաղկեփունջ կնվիրի, թեկուզ շատ թանկարժեք ու անհավանական մեծ:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԱՍՏՂԱՅԻՆ ԶՈՒՅԳԵՐ, ՈՐՈՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 30 ՏԱՐԻ
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է երեք աստղային զույգերի, որոնք երկար տարիներ է՝ միասին են, հիացնում են իրենց համերաշխությամբ, միմյանց հանդեպ տածած սիրով, բայց միեւնույն ժամանակ շարժում են շատերի նախանձը: Այս զույգերը ավելի քան երեք տասնամյակ միասին են, անցել են բավականին բարդ ուղի, սակայն չեն կորցրել սիրելիի հանդեպ հետաքրքրությունը, չեն դադարել ոգեշնչվել միմյանցով:
Հրաչյա Հարությունյան եւ Սյուզան Մարգարյան
Այս զույգն ավելի քան երեսուն տարի է՝ միասին է, եւ գրավում է իր ներդաշնակությամբ:Դերասանն ու երգչուհին երիտասարդ սերնդիհամար իդեալական զույգիլավագույն օրինակներից են: Նրանք անցել են մի շարք դժվարությունների միջով, սակայն չեն դադարել մեկ բռունցք լինել: Երկուսն էլ արվեստի մարդ են, ունեն տարբեր բնավորություններ, սակայն գեղեցիկ կերպով լրացնում են միմյանց: Նրանց դուստրը՝ Սիրուշոն, մեկ անգամ չէ, որ նշել է, թե որքան ուրախ է իր ծնողների՝ միմյանց հանդեպ տածած սիրով:
Արմեն եւ Աննա Էլբակյաններ
Աննա Էլբակյանը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր, որ մի քանի անգամ բաժանվել է ամուսնուց, սակայն իրենք կրկին միացել են, քանի որ հասկացել են, որ առանց մեկը մյուսի կյանք չունեն: Այս զույգը շատ փորձություններ է հաղթահարել, ընդհուպ մինչեւ՝ որդու կորուստ, սակայն ամուր է մնացել, եւ ավելին՝ նրանց միջեւ խորը կապն ավելի է ամրապնդվել: Նրանց դուստրը՝ Լիլի Էլբակյանը, տեսնելով ընտանիքի գեղեցիկ մոդել, ստեղծել է իրենը:
Տիգրան Ներսիսյան եւ Նելլի Խերանյան
Այս զույգը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես կարող են ամուսինները հիանալ իրարով եւ ոգեշնչվել մեկը մյուսից: Նրանք եւս ավելի քան երեսուն տարի է՝ միասին են, սակայն պահպանել են ոչ միայն սերը, այլեւ սիրահարվածությունը: Նրանք բավականին տարբեր են, սակայն կարողանում են ընդհանուր հայտարարի գալ: Իսկ նրանց երկու դուստրերը ապրում են համերաշխության եւ սիրո մթնոլորտում:
Ա. ԱՆՏՈՆՅԱՆ
ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել իսպանական «Ռեալ Մադրիդ» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխարհի չեմպիոնի տրանսֆերը «սերուցքայինների» վրա կարող է արժենալ 100 մլն եվրո։ Հենց այդքան էր «Յունայթեդը» վճարել Թուրինի «Յուվենտուսին» ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց։
Հիշեցնենք, որ Պոգբայի՝ «Ռեալ» տեղափոխության խոսակցությունները սկսվել են դեռեւս նախորդ ամառվանից, սակայն մինչ օրս Պոլը պաշտպանում է «Կարմիր սատանաների» գույները։ Ամեն դեպքում, տրանսֆերի իրականացումը առաջիկա ամռանը շատ հավանական է թվում, քանի որ Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հանդես է եկել հայտարարությամբ, որը կարելի է համարել ակնարկ՝ Պոգբայի՝ Իսպանիայի մայրաքաղաք տեղափոխության մասին. «Ես փորձում եմ մի հիանալի ֆուտբոլիստի տեղափոխել Մադրիդի «Ռեալ»։ Ամռանը ես կփոձեմ անել դա։ Իմ հաճախորդների եւ ինձ համար դա հպարտություն կլինի, քանի որ «Ռեալը» մեծագույն ակումբ է»,-ասել է ֆուտբոլիստի գործակալը։ Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։
ԴԱՐՁԵԼ Է ԱՌԱՋԻՆԸ
Բրազիլական «Բոտաֆոգոյի» ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան Կարիոկա լիգայի 3-րդ տուրում՝ «Բանգուի» դեմ խաղի (1։1) 29-րդ րոպեին, կարողացավ անվրեպ իրացնել 11 հարվածը։ Այդ գոլի շնորհիվ ճապոնացի կիսապաշտպանը բացառիկ ռեկորդ սահմանեց ֆուտբոլի պատմության մեջ։ Հոնդան դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել 5 տարբեր աշխարհամասերում։ Այսպիսով, Հոնդան աչքի է ընկել Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում, Ասիայում, Ավստրալիայում եւ Եվրոպայում։ Հավելենք, որ ճապոնացին «Բանգուի» դեմ խաղում իր նորամուտն էր նշում «Բուտաֆոգոյի» կազմում։ Կեյսուկեի թիմը Կարիոկա լիգայում ընդգրկված է A խմբում եւ 3 խաղերից հետո 3-րդից 4-րդ տեղերն է բաժանում «Բանգուի» հետ։
ԲՈՒԺՎԵԼ Է
Բրազիլական «Ֆլամենգոյի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսի՝ COVID-19 կորոնավիրուսի հերթական թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Այս մասին տեղեկացնում է բրազիլական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ժորժե Ժեսուսը կորոնավիրուսի եւս մեկ թեստ հանձնել էր մարտի 16-ին, եւ այն դրական արդյունք էր ցույց տվել: Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցում է 200.000-ը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ