ԻՄՔԱՅԼԱԿԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԱՐԴԱՐ ՉԷ ԻՐԵՆՑ ՄԵՂԱԴՐԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2019 հունիսի 19-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի նախագիծը: 114 պատգամավոր օրենքի նախագծին կողմ էին քվեարկել:

Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդ թույլատրվում է ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը: Այս օրենքի նախագիծը, կարելի է ասել, մահակ է հայաստանյան ԶԼՄ-ների համար, քանի որ գաղտնիք չէ, որ հայրենի լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրը հիմնականում գովազդն է:
Իշխանական մի պատգամավորի օրենքի նախագիծը դեռ չմարսած՝ պարզվում է՝ ԱԺ իմքայլական մեկ այլ պատգամավոր էլ՝ ի դեմս Արտակ Մանուկյանի, որոշել է օրենքի նախագիծ բերել, որն էլ կարգելի վարկային կազմակերպությունների գովազդը լրատվամիջոցներում: Մանուկյանը համառորեն հրաժարվում է մեկնաբանել իր օրենքի նախագծի իմաստը, երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ինքը չի ցանկանում որեւէ բան խոսել, շատ զբաղված է, մեկնաբանություն չի տալու:
Արդեն տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցները բարձրաձայնում են, որ իշխանությունների կողմից արդեն երկու օրենքի նախագծերի ընդունմամբ ավելի կամրապնդվի այն դիրքորոշումը, որ նպատակ կա ԶԼՄ-ների փակման: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իշխանության ներկայացուցիչներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչպես են վերաբերվում ԶԼՄ-ների այն հայտարարությանը, որ նպատակ կա ամեն գնով լրատվամիջոցների աշխատանքները խաթարել:
-Պարո՛ն Հակոբյան, նախ խնդրում եմ նշեք, թե ինչու էիք նախօրեին կոչ արել, որ բուքմեյքերական ընկերությունները համացանցում այս ժամանակահատվածում գովազդներ չիրականացնեն, ի՞նչն է Ձեզ անհանգստացնում, ի՞նչ մտահոգող տեղեկություն ունեք, քանի որ ձեր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո մարդիկ սկսել են տանից խաղադրույքներ կատարել:
-Ես նման տեղեկություն չունեմ, որ մարդիկ սկսել են շատ խաղալ, պարզապես նկատել եմ, որ այդ ընկերություններն այս ժամանակահատվածն օգտագործում են, գովազդ են անում, ինչը, կարծում եմ, տեղին չէ այս պահի դրությամբ, մարդկանց ասեն՝ մնա տունը, տանից դուրս մի՛ արի, ու առաջարկեն իրենց ծառայությունները: Իմ կոչը դրան է վերաբերում, որպեսզի այս պահը չօգտագործեն իրենց բիզնես շահերի համար: Կայքերը չեմ նայել, որպեսզի հասկանամ այդ գովազդները դրված է, թե չէ, բայց անպայման կհետեւեմ՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել:
-Դեռեւս անցած տարի Ձեր նախաձեռնությամբ ժամանակահատված սահմանվեց ԶԼՄ-ներով բուքմեյքերական ընկերությունների գովազդի արգելման վերաբերյալ, որը, կարելի է ասել, մահակ դարձավ շատ լրատվամիջոցների համար, հիմա էլ նման առաջարկություն ունի ձեր խմբակցության պատգամավորը: Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն նման օրենքներով փակել ԶԼՄ-ները, դրա մասին բարձրաձայնել են նաեւ ռադիոյի եւ հեռուստաընկերությունների սեփականատերերը: Ինչո՞ւ եք նման քայլերի դիմում:
-Ես ժամանակին որ նման նախագիծ էի պատրաստում, խոսել եմ ԶԼՄ ներկայացուցիչների հետ ու իրենց փաստերն ընդունել եմ, որ իրենք այսօր կախված են այդ գովազդներից: Իրենք ասում էին, որ եթե գովազդները չլինեն այդ ընկերությունների, ապա ռադիոները, հեռուստաընկերությունները կփակվեն, ես հասկացել եմ, ընդառաջել եմ իրենց ու թողել եմ, մնացել է: Մենք, միմյանցից փոխադարձ շատ շնորհակալ լինելով, բաժանվել ենք, հիմա էլ եկել է Արտակ Մանուկյանի նոր օրենքի նախագիծը: Ի դեպ, ասեմ՝ դեռեւս չեմ ծանոթացել նախագծին, կրկին բողոք կա, թե իշխանությունները լծվել են ԶԼՄ-ների փակման գործընթացին: Ես ասել եմ ու շարունակում եմ կրկնել, որ դա շատ վատ գործելաոճ եմ համարում: Ես էլ եմ այս իշխանության ներկայացուցիչ. եթե մենք լծված լինեինք այդ գործընթացին, ապա իմ նախագծում ես նման փոփոխություններ չէի կատարի ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Ու մոռանալով դա՝ կրկին նման հայտարարություն անելը ես արդար չեմ համարում: Այո, ես իշխանության ներկայացուցիչ եմ, բայց ես ԶԼՄ փակելու գործին լծված չեմ:
-Նույնը վերաբերում է Ձեր խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի նախագծին, որը որեւէ կերպ չի ցանկանում մենկաբանել նախագիծը:
-Մանուկյանի հետ այդ նախագիծը չեմ քննարկել, ուղղակի, հավատացե՛ք, ինձ համար անընդունելի է նման հայտարարությունները, թե մենք ցանկանում ենք ԶԼՄ-ները փակել: Դեռեւս պետք է խորհրդարանում Մանուկյանի նախագիծն էլ քննարկել, ու հիմա հայտարարել, թե մենք լծված ենք ԶԼՄ փակելու գործով, կներեք, բայց դա շանտաժի է նմանվում: Երբ ես իմ նախագիծը քննարկեցի, ընդառաջեցի, հիմա էլ այս նախագծի վերաբերյալ կրկին նույն բովանդակությամբ հայտարարություններ անելը արդար չէ: Հավատացեք, ես քննարկումներ ունեցել եմ, բոլորին լսել եմ ու ընդառաջման գնացել եմ: Իշխանությունը ցանկանում է օրենսդրական նախաձեռնություններով դաշտերը կարգավորել եւ ոչ թե ինչ-որ մի բան փակել: Դա մեր ոճը չի:

 

 

ՎԵՐՄԻՇՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ

Դեռեւս փետրվարի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա՝ նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով:

Նշենք, որ, ըստ Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական տեղեկատվության, ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով իրեն տեղեկություն տրամադրել, թե ովքեր են այն 6 անձինք, որոնց եւս մեղադրանք է առաջադրվել: Նշենք, որ այս գործով կալանավորվել էր Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, ում նկատմամբ գրավ է կիրառվել: Իսկ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաեւ Շինարարների միության նախագահն է, այժմ գտնվում է կալանքի տակ ԱԱԾ «պադվալում», ինչը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների շատերի սրտով չէ:
Ինչեւէ, պատգամավոր Անի Սամսոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք իրենք հաջողվել է պարզել այն անձանց անունները, ովքեր Վերմիշյանի գործով անցնում են: Պատգամավորը մեզ փոխանցեց, որ ինքը ԱԱԾ-ից պաշտոնապես տեղեկություն է ստացել, թե քննության շահերից ելնելով՝ որեւէ տեղեկություն չեն կարող տրամադրել: Իսկ իշխանական շատ պատգամավորներ մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ ԱԱԾ-ն չնայած մեծ «շուքով» գործին ընթացք է տվել, սակայն որեւէ բան չի արվում, իսկ այդ մարդիկ շարունակում են մնալ կալանքի տակ:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՔՊ-Ն ՆԻՍՏ ՉԻ ԱՆՈՒՄ
Հայաստանում կորոնավիրուսի եւ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին վարչության նիստ չի անցկացնում: Չնայած Ազգային ժողովի եւ կառավարության նիստերը կայացել են, եւ ապագայում էլ բնականոն աշխատանք է լինելու, սակայն կուսակցության վարչությունը վերջին անգամ հավաքվել է մարտի 12-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արենիից հայտարարեց, թե գալիս է Երեւան՝ մասնակցելու նիստի: Հենց այդ օրն էլ նա արձակուրդից վերադառնալու, քարոզարշավը դադարեցնելու որոշում կայացրեց: Եվ այդ օրվանից հետո՝ մինչեւ այժմ, վարչության նիստ չի եղել: Նկատենք, որ ՔՊ վարչության անդամները 21-ն են, սակայն նիստերին մասնակցում են նաեւ կուսակցության վերահսկողական հանձնաժողովի անդամները, եւ այդ դեպքում թիվն ավելի է մեծանում, իսկ նիստի համար նախատեսված աշխատասենյակն էլ փոքր է: Դա է պատճառը, որ վարչության նիստերը տեղի չեն ունենում:

 

 

 

 

ՓՈԽԱՐԻՆՈՂ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
Երկար ժամանակ է՝ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Ընդ որում, որպես պատճառ հիմնականում նշվում է վերջերս հարուցված քրեական գործին իր առնչությունը: Հայկ Սարգսյանի կողմից նման դիմումի առկայության մասին խոսում են նաեւ Երեւանի ավագանու անդամները, սակայն մինչեւ այժմ վերջինս շարունակում է աշխատել: Փետրվարի 19-ին եւս նա մասնակցում էր Երեւանի ավագանու հերթական նիստին, ներկայացրեց բյուջեի զարգացման կատարողականները: Սակայն նիստից հետո եւս այդ խոսակցությունները վերսկսվեցին: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխքաղաքապետի մոտ նման ցանկության պատճառն իրականում քրեական գործի հետ առնչություն ունենալը չէ: Մեզ հայտնեցին, թե Հայկ Սարգսյանը դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից եւ իրեն տեսնում է այլ ոլորտում՝ ավելի եկամտաբեր աշխատանքում: Եվ պաշտոնից ազատման դիմումն այսքան երկար չստորագրելն ու չհրապարակելը կապ ունի նրան փոխարինող չգտնելու հետ: Մեր տեղեկություններով՝ այս օրերին նրան փոխարինող գտնելու փորձեր են արվում, տարբեր անուններ են շրջանառվում, սակայն արդյունք դեռ չկա: Որպես նրան փոխարինող՝ նշվում է նաեւ Երեւանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Լեւոն Հովհաննիսյանի անունը, սակայն վերջնական որոշում չկա: Ընդգծենք, որ Հայկ Սարգսյանը հենց ֆինանսական ոլորտի պատասխանատուն է, եւ նրան փոխարինողը պետք է այդ ոլորտի շրջանակից լինի: Չնայած վերջնական որոշումը դեռ կայացված չէ, սակայն Սարգսյանի հեռանալը հստակ է. փոխարինող գտնելուց անմիջապես հետո նա կթողնի իր պաշտոնը:




Լրահոս