«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մարտի 18-ին գրել էր, որ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ոստիկանապետի մասով վերջնական որոշումներ է կայացրել, եւ պաշտոնակատարներ Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը վերանշանակվելու են: Եվ, ահա, հենց այդ օրը՝ երեկոյան, վարչապետի կողմից պաշտոնապես հայտարարություն եղավ այդ մասին, եւ մյուս օրն արդեն ՀՀ նախագահ Արման Սարգսյանը ընդունեց վարչապետի առաջարկն ու նշանակեց նրանց: Եվ երեկ արդեն ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել նորանշանակ պաշտոնյաների հետ, նրանց հանձնարարականներ է տվել:
Ընդ որում, նա, ի տարբերություն մյուս դեպքերի, ոչ թե հանդիպել է նաեւ աշխատակիցների հետ եւ այդ ժամանակ ներկայացրել պաշտոնյաներին, այլ հանդիպում է ունեցել երկուսի հետ միասին իր ընդունարանում: Իր քայլը հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն այսպես է մեկնաբանել: «Ձեզ արդեն իսկ որպես ղեկավար ներկայացրել եմ համապատասխանաբար Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին դեռեւս ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման օրը: Եվ երկրորդը՝ արտակարգ դրության եւ կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի պայմաններում չցանկացա մեր ընդհանուր տրամաբանությունից դուրս գործողություն իրականացնել: Եվ օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային պայքարում կորոնավիրուսի դեմ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ են ներգրավված, որոնք լրջորեն աջակցում են Առողջապահության նախարարությանը», – նշել է նա:
Սակայն հանդիպման ժամանակ ամփոփվել են նաեւ վերջին ամսվա աշխատանքները, եւ հարցադրում է արվել, թե արդյոք այս 6 ամսվա ընթացքում հաջողվել է շրջադարձային փոփոխություններ մտցնել երկու համակարգերի աշխատանքում: «Պետք է հստակ ասել, որ մենք շրջադարձային փոփոխություններ չենք կարողացել մտցնել, բայց արել ենք ուրիշ բան: Մենք, ըստ էության, ի հայտ ենք բերել խնդիրների շատ մեծ շրջանակ, որոնք այսօր մեզ խանգարում են մեր երազած Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն ունենալ: Եվ պետք է ասենք, որ կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ձեր վերանշանակաման գործին: Ես հստակ արձանագրել եւ տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել եւ թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են» – հավելել է վարչապետը: Այսինքն՝ վարչապետը, ըստ էության, արձանագրել է, որ շրջադարձային փոփոխություններ այս վեց ամսվա ընթացքում չեն եղել: Սակայն հանդիպման ժամանակ նա հարցը հստակ է դրել եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ իրենք այս իրավիճակի հետ չեն կարող համակերպվել:
Նաեւ հանդիպման ժամանակ խոսել են արդեն վերանշանակված պաշտոնյաները: ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւս ընդգծել է, որ խնդիրներն Ազգային անվտանգության մարմիններում իրոք կան, ինչպես նաեւ մյուս պետական կառույցներում: «Եվ, իհարկե, այդ խնդիրներին լուծում կտրվի: Ես հետեւողական եմ լինելու այդ խնդիրների կատարման հարցում: Կրկին ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ կանեմ ամենը, որպեսզի ապահովեմ մեր երկրի անվտանգությունը»: Իսկ, ահա, ոստիկանապետ Արման Սարգսյանը նշել է. «Կարող եմ որակյալ մեծամասնության անունից հավաստիացնել, որ մենք զգում ենք բարեփոխման կարիքը: Եվ իբրեւ հանձնարարական՝ ընդունվել է բոլորի կողմից, որ պետք է քայլել ժամանակին համահունչ: Հայաստանի հասարակական անվտանգության եւ հանցավորության դեմ պայքարի դեմ տարվող պայքարի առաջնահերթություն պետք է դիտել նաեւ մեր ինքնամաքրման գործընթացը, որը մենք կատարում ենք ոչ թե նեղսրտելով, այլ պատվով: Եվ սա իմ նշած որակյալ մեծամասնության շնորհիվ համակարգում ցնցումներ չի առաջացնում, այլ ավելի ամրապնդման գործընթացի է վերածվում»:
Հիշեցնենք՝ նրանք պաշտոնակատար էին նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 19-ին, եւ մարտի 19-ին լրացավ 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում էին պաշտոնակատարները, սակայն օրենքը դրանից ավել չի թույլատրում թողնել պաշտոնակատարներին: Եվ չնայած նրանք վերանշանակվեցին, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետը մինչեւ վերջին րոպեն մտածել է, հատկապես՝ ոստիկանապետի թեկնածուի մասով, սակայն, ի վերջո, որոշել է վերանշանակել նրանց: Եվ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառն իրականում այն է, որ իշխանության ներսում նաեւ համապատասխան այլ թեկնածու չեն ունեցել, չեն կարողացել գտնել: Փաշինյանը հանդիպման ժամանակ իր խոսքում նշել է, թե ինչու քաղաքական անձ չէր կարող նշանակվել այդ պաշտոնին:
«Քննադատությունն առաջին հերթին ինձ է ուղղված, թե ինչու այնպիսի փոփոխություններ չեն արվել, որպեսզի հնարավոր լինի Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկին նշանակել քաղաքական գծին, այսպես ասած, այս կողմում գտնվող մարդկանցից: Սա բերում է լուրջ պատասխանատվություն, եւ մենք պետք է կարողանանք ապացուցել, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ շատ կարեւոր է, որպեսզի այդ ինստիտուտների կայունությունը պահպանվի, շատ կարեւոր է նաեւ, որ այդ ինստիտուտները բարեփոխվեն եւ համապատասխանեն այն պահանջներին, որոնք այսօրվա են, որոնք բովանդակային պահանջներ են»: Նա ընդգծել է, որ Ոստիկանությունում եւ Ազգային անվտանգության ծառայությունում ծառայության անցնելը պետք է համարվի շատ մեծ, շատ լուրջ հաջողություն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԺԻՇԿՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 01։00-ի սահմաններում 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել, որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 35-ամյա Ա. Ա.-ն էր, որը նշված շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ինքնասպանություն է գործել ցած նետվելու միջոցով։ Ա. Ա.-ն իր ազգականի տանը մասնակցելիս է եղել խնջույքի, որից հետո խնջույքի մասնակիցները տեսել են, որ նա սենյակում չէ, ու հետո նրա դին հայտնաբերել են դրսում։ Վերջինս մասնագիտությամբ բժիշկ էր։
ԿԿԱՐԳԱՎՈՐԻ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է օրենսդրական նախաձեռնության վրա, որով կկարգավորվեն արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատող հարաբերությունները: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: «Օրենսդրությամբ կարգավորված չեն այս տեսակ հատուկ դեպքերը: Եղել է վարչապետի հանձնարարություն, որ այս արտակարգ իրավիճակում ինչ-որ լուծում տրվի հարցին: Հիմա կառավարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է անում։ Խոսքը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությանը, որով կնախատեսվի, որ այս տեսակ հատուկ դեպքերում, եթե գործատուն չի կարողանում աշխատանքն ապահովել հեռավար կարգով, ապա աշխատողներին ոչ թե պետք է ուղարկի իր հաշվին արձակուրդի, այլ աշխատողը պետք է մնա տանը եւ որոշակի չափով վարձատրություն ստանա: Իսկ եթե հեռավար է կազմակերպվում աշխատանքը, ապա աշխատավարձը պետք է վճարվի լրիվ չափով»,- տեղեկացրել է պատգամավորը:
ԼՐԱՑԱՎ 2 ԱՄԻՍԸ
Մի քանի օրից կլրանա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման երկամսյա ժամկետը, եւ պաշտպանական կողմը սպասում է քննիչի գործողություններին՝ արդյոք կդիմեն դատարան կալանքը երկարացնելու մասով, թե ոչ: Նշենք, որ փոխնախարար Լոռեցյանը կալանավորվել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գեւորգ Լոռեցյանին, նրա վարորդին եւ հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին դեկտեմբերի 4-ին բերման էր ենթարկել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
ՉԵՂԱՐԿԵՑԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ
Այս օրերին կառավարության անդամ մարզպետները պետք է արձակուրդ մեկնեին եւ լծվեին սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի գործին: Մասնավորապես, այդ առաքելությունն այս օրերին պետք է իրականացնեին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Սակայն վարչապետը երեկ եւ նախորդ օրը նոր որոշումներ է կայացրել, որով չեղարկել է մարտի 6-ի իր որոշումները, որն էլ ենթադրում էր այս պաշտոնյաներին արձակուրդ տրամադրելը: Ինչպես հայտնի է, կապված Հայաստանում կորոնավիրուսի վարակվածության ավելացման հետ՝ կառավարությունը որոշեց արտակարգ դրություն հայտարարել, եւ, ըստ այդմ, ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվեց, քարոզարշավը՝ եւս: Եվ այդ պատճառով, ըստ էության, անիմաստ է դառնում մարզպետների արձակուրդ մեկնելը:
ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԵՏ
Դատավորներին ներկայացվող պահանջների հարցում կառավարության եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության տեսակետները տարբերվում են: Բանն այն է, որ պատգամավոր Արթուր Դավթյանը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր փոփոխել ՀՀ դատական օրենսգիրքը եւ ամրագրել, որ, օրինակ, դատավոր դառնալու համար բավարար է ունենալ նաեւ բակալավրի կրթություն: Սակայն պարզվում է՝ կառավարությունը դեմ է: Այժմ օրենսդրությամբ դատավոր դառնալու համար անհրաժեշտ է իրավագիտության բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճան: Հեղինակների առաջարկով՝ եթե թեկնածուն չունի մագիստրոսի որակավորում, ապա պետք է ունենա բակալավրի որակավորում եւ 15 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Սակայն կառավարությունը հեղինակներին առաջարկեց այդ հարցերին անդրադառնալ Դատական օրենսգրքի՝ գործադրի ներկայացրած փոփոխությունների շրջանակում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի համար անընդունելի է մագիստրոսի որակավորում չպահանջելը, քանի որ կրթությունն ու աշխատանքային փորձառությունը տարբեր չափանիշներ են ենթադրում: