ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԳՈՐԾԱՐՔՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նորանշանակ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի հետ՝ հասկանալու համար, թե որ արժանիքի համար իրեն նշանակեցին  այդ պաշտոնում:

-Պարո՛ն Մեղրյան, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ձեզ ո՞ր արժանիքի համար նշանակեց ԴԱՀԿ ղեկավար:

-Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ գլխավոր հարկադիր կատարողին արդարադատության նախարարի առաջարկությամբ նշանակում է վարչապետը, իսկ արժանիքներիս մասին ես երբեւէ չեմ մտածել, փոխարենը մասնագիտական գործունեությունս փորձել եմ ծավալել մեծ պատասխանատվությամբ եւ նվիրումով՝ ծառայելով մեր պետությանը:

Այդուհանդերձ, իմ գործունեության մասին տվյալներ կարող եք ստանալ Երևեւանի պետական համալսարանի, Բարձրագույն դատական խորհրդի, իսկ այժմ նաեւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայքէջերում տեղադրված կենսագրական եւ այլ տեղեկություններն ուսումնասիրելու միջոցով: Տեղեկատվության ոչ պակաս լավ աղբյուր կարող են հանդիսանալ այն անձինք, ում ղեկավարությամբ կամ ում հետ առիթ եմ ունեցել աշխատել:

– Ըստ որոշ տեղեկությունների՝ նախարար Ռուստամ Բադասյանը Ձեր մտերիմ ընկերն է, եւ հենց դրա շնորհիվ եք Դուք նշանակվել ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնում:

-Արդարադատության նախարար պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել եմ նրա դասախոսը, սակայն որեւէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չեմ ունեցել: Վերջին ժամանակահատվածում նախարարի հետ շփումը կրել է բացառապես մասնագիտական բնույթ: Ի դեպ, որպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ՝ պաշտոնավարելու եւ հետագա ժամանակահատվածում նման շփումներ ունեցել եմ արդարադատության գրեթե բոլոր նախարարների հետ՝ հետապնդելով բացառապես արդարադատության ոլորտում իմ ունեցած գիտելիքներն ու փորձը լավագույնս հանրային շահերին ծառայեցնելու, արդարադատության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակներ:

-Ըստ ԴԱՀԿ-ում տարածված լուրերի՝ Հարկադիր ծառայությունը բավականին ճկուն համակարգ է, եւ  այնտեղ որոշումները կամայական են կայացվում: Բայց, մյուս կողմից, լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դուք ի զորու չեք կամայական որոշումներ կայացնել եւ մշտապես թակելու եք վերեւների դռները՝ խորհուրդ ստանալու ակնկալիքով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:

-Կարծում ենք, որ որեւէ որոշում, անկախ ոլորտից, չպետք է լինի կամայական: Ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ հարկադիր կատարման շրջանակներում կայացված որոշումներին, որոնք պետք է բխեն գործող իրավակարգավորումներից, ուղղված լինեն կատարման ենթակա ակտերի անշեղ ու անվերապահ կատարմանը, այլ ոչ թե կայացվեն մեկ անձի կամայական որոշմամբ: Ըստ այդմ, Ձեր կողմից ակնարկվող ճկունությունը եւս պետք է դրսեւորվի բացառապես գործող օրենսդրությամբ սահմանված հայեցողության շրջանակներում, որը, ի դեպ, խիստ սահմանափակ է` հաշվի առնելով ծառայության առաքելությունը եւ նրա գործունեությունը կարգավորող օրենսդրության իմպերատիվ բնույթը:

Եթե նկատի ունեք լիազորություններիս շրջանակներում անհրաժեշտ կամք դրսեւորելու եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունս, նշեմ, որ բարձր պատասխանատվությամբ եմ կատարելու իմ առջեւ դրված պարտականությունները՝ բացառելով կոռուպցիայի, կամայական վարքագծի, ոչ իրավաչափ վարչարարության ցանկացած դրսեւորում, իսկ լիազորություններիս շրջանակում կայացված որոշումներն ուղղված են լինելու բացառապես ծառայության բնականոն գործունեության ապահովմանը եւ շոշափելի բարեփոխումների իրականացմանը: Սակայն հարկ է նշել, որ ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի՝ ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է: Ըստ այդմ էլ, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահսկում եւ մեթոդական ղեկավարում է իրականացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության նկատմամբ: Հետեւաբար, հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք հարցերում արդարադատության նախարարն ունի բազմաթիվ լիազորություններ, որոնք ենթադրում են նաեւ օրենքով նախատեսված ենթակայություն:

-Երբ ԲԴԽ-ից դուրս եկաք, հայտարարեցիք, որ երբեք կախված չեք եղել ու ներկայումս էլ կախված չեք որեւէ քաղաքական ուժից, մարմնից կամ անձանցից: Իսկ հիմա կախում ունե՞ք, եւ կոնկրետ ումի՞ց: Արդյոք նախարար Ռուստամ Բադասյանը Ձեր այս հրաժարականի հետ կապ ունի՞:

-Վերահաստատելով նախկին հայտարարությունս՝ նշեմ, որ իմ երկարամյա գործունեության ընթացքում որեւէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չեմ անդամակցել կամ մասնակցել, ներկայումս էլ հետեւողականորեն պահպանելու եմ թե՛ տեսանելի եւ թե՛ ներքին քաղաքական չեզոքություն, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից հրաժարականի պատճառների վերաբերյալ մանրամասն նշել եմ հրաժարականիս տեքստում:

Հետեւաբար ո՛չ արդարադատության նախարար պարոն Բադասյանը, ո՛չ ներկայիս քաղաքական իշխանության կամ ընդդիմադիր ուժի որեւէ ներկայացուցիչ իմ հրաժարականի հետ որեւէ աղերս չունի:

-Արդյոք Ձեզ առաջարկե՞լ են ԲԴԽ-ից դուրս գալ հետագայում բարձր պաշտոն ստանալու խոստումով:

-Կարծում եմ՝ այդ հարցին պատասխանեցի: Հավատացնում եմ, որ հրաժարականս որեւէ գործարքով պայմանավորված չի եղել:

-«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածը նախկինում սահմանում էր, որ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչ նշանակումը զբաղեցրել է Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: Սակայն 2020 թվականի փետրվարի 7-ից ուժի մեջ մտած նոր օրենքով արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում ասվածը հանվել է. արդյոք դա արվել է հատուկ Ձե՞զ համար:

-Արդարադատության նախարարությունն արդեն իսկ հրապարակել է տեղեկություն, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից ներկայացված եւ Ազգային ժողովի կողմից ընդունված թվով 65 օրենքների նախագծերը, ի թիվս այլնի, բխում են հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ոլորտում կառավարության որդեգրած եւ իրականացվող ընդհանուր քաղաքականությունից: Այդ բարեփոխումների արդյունքում ոչ միայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, այլեւ Քրեակատարողական եւ Փրկարար ծառայություններում են կատարվել համապատասխան փոփոխություններ: Նշված օրենքներում, այդ թվում՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում իրականացված փոփոխությունները նպատակ են հատապնդել ապահովելու նախկինում «փակ» համակարգ ունեցող պետական մարմիններում մասնագետների շատ ավելի լայն շրջանակ ներգրավելու հնարավորությունը, ինչը թույլ կտա համապատասխան ոլորտի բարեփոխումներն իրականացնել նոր գաղափարներով եւ մոտեցումներով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԿՓՈԽԱՆՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշում է կայացել բավարարել հետախուզվող Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ) քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:  Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Սարգսյանի փոխանցումը Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս կապակցությամբ Հայաստանի գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լեւոն Սարգսյանի տեղափոխումը։ Հիշեցնենք, որ Լ. Սարգսյանը հետախուզվում էր անցած տարվա հոկտեմբերից, նոյեմբերին նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ռուսաստանում։

 

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՄԱԿԱԳՐՎԱԾ ԳՈՐԾԸ

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը մտավ դատարան: Թավադյանի գործը կքննի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Թավադյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով։ Նույն քրեական գործով մեղադրյալ է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1»-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նկատենք որ Արմեն Թավադյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին, որը, ի տարբերություն իր մյուս գործընկեր դատավորների, 2019 թվականին համարձակ գտնվեց եւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման միջնորդությունը քննեց՝ այն թողնելով անփոխոխ:

Դեռեւս 2019 թվականին գրել էինք, որ դատավորները մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշում նրա գործը չքննելու համար: Ինչպես հայտնի է, դեռեւս հունվարին Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, սակայն դատախազն ու քննիչը միջնորդություն էին ներկայացրել, որ այդ դատավորը չքննի Ռոբերտ Քոչարյանի գործը, քանի որ նա «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործը քննելու ժամանակ ինքնաբացարկ էր հայտնել` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանն իր ամուսնու մտերիմ ընկերն է:

Ավելի ուշ  գործը մակագրվեց  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին, սակայն  վերջինս եւս հրաժարվեց քննել: Արդյունքում գործը մակագրվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին, որը եւս հրաժարվեց,  եւ Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվեց  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, որը քննել եւ մերժել էր նրան ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ նրան այդ համարձակության համար էլ նշանակեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

 Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 




Լրահոս