Այն բանից հետո, ինչ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, հանրությունն ինքնամեկուսացվեց, մեկը մյուսի հետեւից սկսվեցին հումորային հոլովակներ պտտվել: Դերասան, հումորիստ, երգիչ Հայկ Պետրոսյանը եւս հանդես եկավ կատակ-երգով՝ այս օրերի թեմայով: Նա նորովի ներկայացրեց Ռուբեն Հախվերդյանի «Բարի լույս, տիկի՛ն Արուս» երգը: «Ժողովուրդ» օրաթերթը Հայկ Պետրոսյանի հետ զրուցել է ներկայիս հասարակական տրամադրությունների, դժվարին պահերին հումորով մոտեցում ցուցաբերելու կարեւորության եւ այլ թեմաների շուրջ: Հայկը կոչ արեց միմյանց հանդեպ հոգատար լինել, սոցիալական պատասխանատվություն կրել: Հայկը շեշտեց՝ մարդկանց համար նախկինում ողջագուրվելը սովորական բան էր, հիմա հասկացան, որ դա այդքան էլ այդպես չի: Մայրիկը երեխային չի գրկում, որովհետեւ չի կարելի… Մենք սկսեցինք գնահատել կյանքի փոքր, բայց կարեւոր պահերը:
-Հա՛յկ, Ձեր տեղադրած հոլովակը մեծ տարածում ունեցավ համացանցում: Թերեւս մարդիկ այս օրերին նման հումորային անդրադարձերի կարիք ունեն, այդպե՞ս է: Ի վերջո, պետք չէ խուճապի մատնվել՝ միեւնույն ժամանակ չկորցնելով աչալրջությունը:
-Իսկապես կարեւոր է կենսուրախությունը չկորցնելը: Քանի որ այս օրերին տանը մնալը թրենդային է, ես էլ որոշեցի այդ թեման դնել երգի հիմքում: Եթե ժամանակին տանը մնալուց աղջիկները նեղվում էին, հիմա, հակառակը, դա խրախուսվում է (ծիծաղում է): Հարցերին հումորով վերաբերվելը շատ լավ բան է, բայց միեւնույն ժամանակ ուզում եմ, որ մենք չկորցնենք նաեւ սթափությունը: Իտալիայի հյուսիսում, օրինակ, հաստատ հումորային տրամադրություն չկա, բայց մեզ մոտ դեռ կարող ենք թեթեւ վերաբերվել իրավիճակին: Չեմ ընդունում նաեւ ամեն ինչ կատակի վերածելու միտումը, այդ ֆոնին արժեզրկվում են կարեւոր կարծիքները: Մյուս կողմից՝ համաձայն եմ, որ կարելի է թեթեւ նայել իրավիճակներին, բայց, կրկնում եմ, առանց զգոնությունը կորցնելու: Երգը տվյալ դեպքում ասելիքը տեղ հասցնելու միջոց է:
-Ինքնամեկուսացումն օգնեց, որպեսզի վերաարժեւորենք մեր ունեցածը, ուշադրություն դարձնենք այնպիսի բաների, որոնք նախկինում մանրուք ենք համարել, համաձա՞յն եք: Բացի այդ, հանրության շրջանում ի հայտ եկան հատկություններ, որոնք կարծես թաքնված էին, եւ առիթ էր պետք, որպեսզի դրանք դուրս հորդեին:
-Այո, իհարկե: 21-րդ դարը վազքի դար է, ու այնքան ենք շտապում, որ չենք հասցնում նկատել, թե որքան էինք կարոտել հարազատներին, անգամ ժամանակ չենք ունենում զանգահարել նրանց, հարցնել՝ ինչպես են: Այս ամենը մղվել է հետին պլան: Մարդկանց համար նախկինում ողջագուրվելը սովորական բան էր, հիմա հասկացան, որ դա այդքան էլ այդպես չի: Մայրիկը երեխային չի գրկում, որովհետեւ չի կարելի… Մենք սկսեցինք գնահատել կյանքի փոքր, բայց կարեւոր պահերը: Երբ կհաղթահարենք այս իրավիճակը, արդեն ուրիշ հայացքով կնայենք նման դետալներին, կհասկանանք, որ պետք է իրար հանդեպ ավելի հոգատար լինել:
-Որքանո՞վ է կարեւոր միմյանց հանդեպ սոցիալական պատասխանատվության զգացում ունենալը, այսինքն՝ անհատական մոտեցումներից զատ՝ հասարակական մտածողության ձեւավորումը:
-Շատ կարեւոր է: Այս ընթացքում դա էլ եկավ առաջին պլան: Եթե կա մարդու իրավունքների կոնվենցիա, կարելի է սահմանել նաեւ մարդու պարտականությունների կոնվենցիա, որը կենթադրի միմյանց նկատմամբ հոգատարության դրսեւորում: Ի վերջո, գալիս ենք քրիստոնեական հայտնի պատգամին՝ սիրի՛ր մերձավորիդ, ինչպես քո անձը: Եթե այս պատգամին հետեւենք, շատ խնդիրներից կխուսափենք:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱՍՏՂԱՅԻՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՍՏՂԱՅԻՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է հայտնի հայ աստղերի հայտնի երեխաներին: Նրանք չեն մնացել իրենց աստղային ծնողների ստվերում, փոխարենը փորձել են իրենք ձեւավորել վարկ, ձեռք բերել հայտնիություն եւ պահանջարկ հենց իրենց անվան հաշվին: Այս աստղերը կարողացել են իրենց կայուն տեղը զբաղեցնել հայկական շոու-բիզնեսում: Նրանք գուցե ոգեշնչվել են իրենց ծնողներից, սակայն կարողացել են կերտվել որպես անհատներ:
Էմմի
Երգչուհի Նադեժդա Սարգսյանի եւ քանդակագործ Դավիթ Բեջանյանի դուստրը՝ Էմմին, երբ նոր էր սկսել կարիերան, անընդմեջ ասոցացվում էր ծնողների հետ: Շատերը նրա հաջողությունները վերագրում էին հայտնի ծնողներին, սակայն տարիներ հետո Էմմին ապացուցեց, որ ինքն իսկապես, որպես անհատ արտիստուհի, կայացած է եւ արժանի է հարգանքի:
Սիրուշո
Այս երգչուհու հաջողությունները եւս կապում էին աստղային ծնողների հետ: Եվ չնայած այն հանգամանքին, որ հարցազրույցների ժամանակ Սիրուշոյի մայրը՝ Սյուզան Մարգարյանը, առիթը բաց չէր թողնում շեշտելու, որ բեմում իր դստեր փոխարեն ինքը չի երգում, խոսակցություններն այն մասին, որ Սիրուշոյին առաջ տանողը ծնողներն են, չէին դադարում: Ժամանակի ընթացքում, սակայն, ամեն բան ընկավ իր տեղը: Հիմա արդեն դերասան Հրաչյա Հարությունյանի եւ Սյուզան Մարգարյանի մասին ասում են՝ Սիրուշոյի հայրը եւ մայրը:
Սոս Ջանիբեկյան
Չնայած տարբեր առիթներով դերասան Սոս Ջանիբեկյանը նշում է, որ երբեք չի ունեցել Ջանիբեկյանների ազգանվան ստվերից ազատվելու բարդույթ, այնուամենայնիվ, նա ինքը խոստովանում է, որ իր համար պարտավորեցնող է լինել Ջանիբեկյան: Պետք է նշել, որ դերասան Կարեն Ջանիբեկյանի եւ դրամատուրգ, սցենարիստ Անահիտ Աաղասարյանի որդին եւս արդարացրել է ծնողների հույսերը. այսօր նա հայկական կինոյի ամենապահանջված արտսիտներից է:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԽԱԽՏԵԼ Է ԿԱՐԱՆՏԻՆԸ
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձկավող Գոնսալո Իգուաինը վերադարձել է իր հայրենիք։ Goal-ը տեղեկացնում է, որ «Վարձու մարդասպանը» ուղեւորվել է Արգենտինա մոր կողքին լինելու համար, քանի որ վերջինս վատառողջ է։ Ըստ աղբյուրի՝ Իգուաինի COVID-19 կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, ինչն էլ ստիպել է թուրինյան թիմի ղեկավարությանը հարձակվողին թույլ տալ խախտել կարանտինն ու ուղեւորվել Արգենտինա։ Հիշեցնենք, որ «Ծեր սինյորայի» 121 ներկայացուցիչներ մեկուսացված են այն բանից հետո, երբ թիմի իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսը։ Ավելի ուշ վարակը հաստատվել էր նաեւ թուրինյան թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Բլեյզ Մատիուիդիի մոտ։ Հավելենք, որ, վերջին տվյալներով, ողջ աշխարհում մեր օրերի ժանտախտով վարակվածների թիվը գերազանցում է 230,000-ը։
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
Միլանի «Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի գնել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը: Ըստ աղբյուրի` իտալական ակումբը չի վճարի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, սակայն կատալոնացիներին կառաջարկի Կոուտինյոյին փոխարինել թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ: Հիշեցնենք, որ Կոուտինյոն միլանյան ակումբում հանդես է եկել 2008-2013 թվականներին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ