Ով կքննի Սամվել Ուզունյանին առնչվող քրեական գործը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հետախուզման մեջ գտնվող դատավոր Սամվել Ուզունյանին առնչվող քրեական գործը կքննի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը: Ինչպես հայտնի է, Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի Կրակեմ Հրաչի որդին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, ինքնաբացարկ է հայտնել նախկին դատավոր Սամվել Ուզունյանին առնչվող գործով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին կաշառքի գործով մեղադրանք էր առաջադրվել: Նա ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Արդյունքում, ՀՔԾ-ն կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին եւս մեղադրանք էր առաջադրել եւ գործը ուղարկել էր դատարան, իսկ, ահա, Ուզունյանին դեռ փնտրում են ու փնտրում: Եվ, ահա, գործը մակագրվել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, որը, բացի այս աղմկահարույց գործից, այլ աղմկահարույց քրեական գործեր եւս քննում է: Մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի մասով հարուցված քրեական գործը մակագրվել է դատավոր Գրիգորյանին: Նշենք, որ երիտասարդ դատավորը հանրությանը առավել հայտնի դարձավ, երբ սկսեց քննել Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների քրեական գործը: Ավելին, 2020 թվականին դատավորի հետ ուշագրավ դեպք եղավ. նա, արձակուրդից վերադառնալով, նկատել էր, որ իր աշխատասենյակի պատուհանին կրակել էին, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս