Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ շաբաթ ժամանակ: Եվ որքան մոտենում է ընտրության օրը, այնքան ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ նախագահական ընտրությունների ելքը որոշվելու է երկրորդ փուլում: Ինչպես հայտնի է, նախագահի պաշտոնի համար կպայքարի 14 թեկնածու, եւ հիմնական հավակնորդներ են համարվում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ում պաշտպանում է Սամվել Բաբայանը:
Այսպիսով, ո՞ր դեպքում կարող է երկրորդ փուլ լինել, եւ ի՞նչ է սպասվում դրանից հետո: Արցախի Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ երկրորդ փուլ կարող է անցնել միայն երկու թեկնածու: Եթե թեկնածուներին կողմ չի քվեարկել ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի քվեարկություն: Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
Նկատենք սակայն, որ այս օրերին կորոնավիրուսով պայմանավորված Արցախի նախագահի թեկնածուների մեծ մասն իր քարոզարշավն իրականացնում է օնլայն տարբերակով՝ բացառելով քաղաքացիների հետ սերտ շփումները։ Արցախից ստացված վերջին տեղեկություններով, այնտեղ կորոնավիրուսով վարակվածներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում