Մյուս շաբաթ՝ մարտի 31-ին, Արցախի հանրապետությունը պատրաստվում է ընտրել նախագահ եւ նոր խորհրդարանի կազմ: Կարելի է ասել՝ Արցախում հիմնականում կենտրոնացել են նախագահի ընտրության ուղղությամբ ու քարոզարշավի բուն թեման նախագահի ով լինելն է: Հիշեցնենք, որ նախագահի համար առաջադրվել է 14 թեկնածու: Այսպիսով, նախագահական ընտրություններին մասնակցելու են՝ «Անկախության սերունդ» կուսակցության թեկնածու Ռուսլան Իսրայելյանը, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանը, Արցախի պահպանողական կուսակցությունից Դավիթ Բաբայանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից Դավիթ Իշխանյանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունից Աշոտ Ղուլյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունից Հայկ Խանումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից Արայիկ Հարությունյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունի Վահան Բադասյանը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։
ՀՅԴ Արցախի կառույցի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է Արցախում, քարոզարշավ իրականացնում են, թե ոչ, ու ինչու են լարվել թեկնածուների հարաբերությունները:
-Պարո՛ն Իշխանյան, քարոզչություն իրականացնո՞ւմ եք մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված: Ի՞նչ վիճակ է այժմ Արցախում, ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը:
-Այս պահին էլ ես հանդիպումների եմ, Շուշիի շրջանում եմ, հանդիպումների ձեւաչափը, բնական է, փոխված է, բացօթյա հանդիպումներ ենք ունենում: Երբ որ եղանակային պայմանները ժպտում են, քաղաքական պայմաններն էլ կարողանում ենք ապահովել: Բայց ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետ կապված, այսպես ասած, բաներ կան, որ ձեւափոխությունների է ենթարկվել. բարեբախտաբար, դեռեւս Արցախում վիրուսի դեպք չի գրանցվել: Ընդհանուր ընթացքը դեռեւս պահպանվում է՝ ընտրությունների նախապատրաստական փուլի եւ քարոզարշավի հետ կապված:
-Ի՞նչ փոփոխություններ եք կատարել՝ հանդիպումների հետ կապված:
-Ձեւի փոփոխություն է կատարվել, ոչ բովանդակության, բացօթյա հանդիպումներ են լինում բնակիչների հետ: Արցախցիների համար հետաքրքիր է իրենց ապագայի հետ կապված յուրաքանչյուր թեկնածուի ծրագիրը, մեր պարագայում մենք տեսնում ենք, որ «Դաշնակցության» նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում՝ հատկապես հաշվի առնելով, որ իրենք ինչ-որ ներքին զգացողություն ունեն «Դաշնակցության» դերի բարձրացման եւ ավելի մեծ պատասխանատվություն ունենալու: Սա զգացական է:
-Այս ժամանակահատվածում, կարծես թե, Արցախում լարվածությունը մեծացել է, թեկնածուների շրջանում մրցակցությունը դարձել է անկառավարելի: Դուք նկատո՞ւմ եք այդ լարվածությունը, եւ, ըստ Ձեզ, ինչի՞ց է սկսվել այն:
-Մամուլից դատելով՝ այո: Մամուլում հրապարակված տարբեր տեսակետներից, դիրքորոշումներից, այո, լարվածություն կա, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր ընտրության այդ լարվածությունը բնորոշ է, այս փուլում՝ քարոզարշավի ընթացքում, եւ ընտրությունների նախօրյակին:
-Տեսակետ կա, որ Արցախի նախագահի ընտրությունները կանխորոշված են, եւ պայքարն ընթանում է երկու թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի միջեւ: Ըստ Ձեզ՝ նախագահի ընտրությունների ելքն արդեն որոշվա՞ծ է:
-Մամուլն էլ ուղղորդում է, եւ նաեւ հավելյալ անուններ են շրջանառության մեջ դնում, որ միայն Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայլիյան, բայց այդ առումով, կարծում եմ, մրցակցությունը բոլորի միջեւ է ընթանում: Ես կարծում եմ՝ մրցակցություն կա բոլորի միջեւ:
-Ձեզ ուժեղ մրցակից ո՞ր թեկնածուին եք համարում, արդյոք կա՞ մի թեկնածու, ով առավել լավ ծրագիր ունի, քան Ձեր ծրագրերն են՝ Արցախի Հանրապետության հետ կապված:
-Ես բոլոր թեկնածուներին էլ համարում եմ արժանի եւ ուժեղ թեկնածուներ ու կարծում եմ՝ ընտրությունների արդյունքները դա ցույց կտան: Համենայնդեպս, մենք անհատական գնահատումներից եւ անհատական պատկերացումներից դուրս ենք, մենք ունենք մեր գաղափարական եւ քաղաքական սկզբունքները ու դրանով էլ մենք առաջնորդվում ենք:
-Ըստ տեղեկությունների՝ Արցախի համապետական ընտրություններում դիտորդների, լրագրողների թիվը քիչ է լինելու՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածվածության հետ: Դուք ի՞նչ տեղեկություն ունեք, արդյոք դիտորդներ չե՞ն լինելու Արցախում, ու, ըստ Ձեզ, այն ի՞նչ ազդեցություն է ունենալու ընտրությունների ընթացքի վրա:
-Ես որքան տեղյակ եմ, օտարերկյա դիտորդների որոշ ներկայացուցիչներ հրաժարվել են եւ տեխնիկական պատճառներով չեն կարող ներկա գտնվել Արցախի ընտրությունների ժամանակ, բայց չեմ կարծում, թե դիտորդական առաքելություն իրականացնող ներկայացուցիչները կարող են այս կամ այն առումով էական ազդեցություն ունենալ թափանցիկ կամ ոչ թափանցիկ ընտրությունների վրա: Մեր ընտրական մեխանիզմները տասնամյակների ընթացքում հղկվել են, ձեւավորվել են, ու որեւէ կասկած Արցախում տեղի ունենալիք ընտրությունների վրա չպետք է ունենան:
-Ընտրության նախօրեին Արցախում ընտրակաշառք բաժանվելո՞ւ է որեւէ թեկնածուի կողմից, ի՞նչ եք Դուք կարծում:
-Գիտեք, կաշառք հասկացությունը ընդհանրապես հարաբերական հասկացողություններ են, եւ այդ առումով կան տարբեր տեղեր, այսպես տարբեր դրսեւորումներ, այնպես որ, ես կարծում եմ, որ Արցախում, ինչպես որ անցյալում, ուղղակիորեն ընտրակաշառք անմիջական հասկացողությունը դուրս է մեր պատկերացումներից: Բայց տարբեր ծրագրերի եւ խոստումների առումով շատ հոգեհարազատ է, եւ երբեմն-երբեմն այդ նյութական խոստումները իր ազդեցությունն է թողնում:
-Արցախում նախագահի ընտրության երկրորդ փուլ կանխատեսո՞ւմ եք:
-Հավանականությունը մեծ է՝ դատելով թեկնածուների մեծ թվից:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ