
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:
Մարտի 24-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 25 հարց:
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցություններին առաջարկեց քվորում չապահովել և նիստ չիրականացնել:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ այն որևէ ազդեցութուն չի ունենում Ազգային ժողովի գործունեություն վրա, բայց այս նորմը սահմանադիրը նախատեսել է այն պարագաների համար, երբ կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն՝ դրանով թույլ չտալով, որ Ազգային ժողովը գործի: Ես կարծում եմ, որ քառօրյա նստաշրջանը գումարելով հիմա, 130 հոգով այստեղ հավաքվելով և մեր աշխատողներին այստեղ հրավիրելով վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Եվ ես առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը, և այդ ճանապարհով նիստ չիրականացնենք»,- ասաց Մարուքյանը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ խորհրդարանի աշխատանքը չի կարող խաթարվել արտակարգ դրության օրերին:
Նշենք, որ Մարուքյանը մտավախություն էր հայտնել, որ կան արտերկրից եկած պատգամավորներ, որոնք չեն անցել 14-օրյա մեկուսացում և չեն կրում դիմակներ։
Նշենք, որ այսօր ԱԺ դահլիճում ոչ բոլոր պատգամավորներն էին ներկայացել դիմակներով։



