«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ՀՀ դրամ է փոխանցել «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնովիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները:
Տրամադրված գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, մնացած մասը՝ հիվանդանոցի՝ ժամանակակից սարքավորումներով
վերազինմանը։
Եվս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախկինում ևս օժանդակել է կորոնավիրուսի դեմ պայքարին:
Այսպես, մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ), ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանին ապահովել է որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով: Նմանատիպ օժանդակություն նախատեսվում է ցուցաբերել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Տեղեկատվություն «Տաշիր»-ը Ռուսաստանի Դաշնության մասշտաբով գործող բազմապրոֆիլ ընկերությունների խումբ է, որը հիմնադրվել է 1999թ. և միավորում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարական, արդյունաբերական, ֆինանսական և էներգետիկ, ինչպես նաև կառուցապատման, անշարժ գույքի առևտրի և ժամանցային ոլորտներում գործող ավելի քան 200 ընկերություն:
Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 000-ը: Ընկերությունների խումբը գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և հարակից երկրների 51 քաղաքում:
Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
Ընկերությունների խմբի բիզնես-գործունեության հիմքում ընկած է առևտրային անշարժ գույքի կառուցապատումը և կառավարումը, ընդ որում՝ առաջնային ուղղություն է անշարժ գույքի առևտուրը: «Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է կառուցապատման ռուսական շուկայի առաջատարը, առևտրային և բնակելի անշարժ գույքի ոլորտում ժամանակակից բարձր տեխնոլոգիական օբյեկտների ստեղծողը, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2.5 մլն քմ: