:Կադաստրի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին օգտվել առցանց ծառայություններից: Այս մասին ասված է կոմիտեի սոցիալական ցանցի էջում:
«Շարունակե՛ք օգտվել մեր առցանց ծառայություններից️: Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում շարունակում ենք ընդունել միայն դիմումների հետևյալ տեսակները՝ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, իրավունքի դադարման պետական գրանցման, անշարժ գույքի հասցեի գրանցման, անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին, ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի, նոր վկայականի տրամադրման, սխալների ուղղման, վարույթի դադարեցման, փաստաթղթերի պատճենների տրամադրման»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն հիշեցնում է, որ բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումներն առայժմ կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։ Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, կոմիտեն հորդորում է բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։ Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060-474207, 060-474205, 060-474221, 060-474220 հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրության մեջ: