ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի մասին է խոսել Հայաստանի ազգային հավաքականի եւ Կիպրոսի ԱԵԼ-ի ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանը.
«Այստեղ ամեն ինչ փակ է, մեզ զգուշացրել են, որ պետք է մնալ տանը: Ակումբը յուրաքանչյուրիս հանձնարարել է անհատական ծրագրով վարժություններ, որոնցով էլ մարզվում ենք: Առաջնության վերսկման վերաբերյալ առայժմ պաշտոնական որոշում չկա: Խոսակցություններ կան, որ այն, հնարավոր է, վերսկվի մայիսի սկզբին և ավարտվի հունիսին: Ինձ համեմատաբար հեշտ է, քանի որ հենց մեր տան մոտ խաղադաշտ կա, որտեղ էլ մարզվում և պահպանում եմ մարզավիճակս: Խոսել եմ Հայաստանի ազգային հավաքականում իմ խաղընկերներից շատերի հետ, և բոլորն էլ գոհունակություն են հայտնել, որ Խոակին Կապառոսն է նշանակվել գլխավոր մարզիչ: Գիտենք, որ փորձառու և եվրոպական ասպարեզում երկար ճանապարհ անցած մարզիչ է: Ժամանակը ցույց կտա, թե նա ինչի կկարողանա հասնել մեր հավաքականի ղեկին բայց մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք: Երևի, այս ընդմիջումն ինչ-որ տեղ էլ օգտակար էր մարզչի համար, քանի որ, երբ նա գլխավորեց մեր հավաքականը, շատ քիչ ժամանակ ուներ մինչև մոտակա խաղը: Հիմա նա բավականաչափ ժամանակ կունենա՝ մեր նախորդ խաղերը դիտելու, հավաքականի ֆուտբոլիստների կարողություններին ավելի լավ ծանոթանալու համար»,- ասել է Ղազարյանը:
Էդմոն Մարտիրոսյան