Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 472 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 21 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 114 հազար 703:
Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 285 է: Գրանցվել է 67 նոր դեպք: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 74 հազար 386 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 7 հազար 503:
Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, վիրուսից հաստատված դեպքերի թիվը կազմում է 68 հազար 489: Նոր վարակվածների թիվը 278 է: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում: Չորրորդ տեղում հայտնված Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 49 հազար 515: Մահերի ընդհանուր թիվը 3 հազար 647 է:
Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 37 հազար 323 է, այնուհետև Իրանն է՝ 27 հազար 17 հաստատված դեպքով: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 25 հազար 233-ի, Շվեյցարիայում՝ 10 հազար 897-ի, Հարավային Կորեայում՝ 9 հազար 241-ի, Մեծ Բրիտանիայում՝ 9 հազար 529-ի:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 77 դեպք կա, Ռուսաստանում` 658, Թուրքիայում՝ 2 հազար 433:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ: Առողջացածների ընդհանուր թիվը 18 է: